Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը երկու օր առաջ հայտարարեց, թե ժամանակն է ամբողջացնել հիմնարար սկզբունքները և անցնել խաղաղության պայմանագրի մշակմանը:
Ռուսական մամուլին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ևս հայտարարեց, թե բանակցությունները ձգձգում է Ադրբեջանը, որը կփորձի հարմար առիթ գտնել նոր ռազմական սադրանքի դիմելու համար, իսկ բանակցությունները շարունակվելու դեպքում հնարավոր է մադրիդյան սկզբունքների շուրջ հասնել համաձայնությունների և սկսել աշխատանքները խաղաղության մեծ համաձայնագրի մշակման ուղղությամբ:
Ընդամենը մեկուկես ամիս առաջ Ղարաբաղյան հակամարտության գոտի կատարած հերթական այցելությունից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները հանդես եկան համատեղ հայտարարությամբ` նշելով, թե եկել է սկզբունքների վերջնական համաձայնեցման գործընթացն ավարտին հասցնելու պահը: Կարելի է նկատել, որ, բացի Ադրբեջանից, այսօր արդեն բանակցություններում ներգրավված բոլոր կողմերը փաստացի հաստատում են, որ կարգավորման սկզբունքների համաձայնեցման գործընթացը կա'մ հիմնականում ավարտվել է, կա'մ առնվազն շատ մոտ է դրան:
Դժվար է ասել` արդյո՞ք այս իրավիճակը բխում է հայկական կողմի շահերից: Մի կողմից մադրիդյան սկզբունքները չեն արտացոլում Արցախի շահերը հատկապես ինքնորոշման իրավունքի իրացման լիարժեք մեխանիզմների բացակայության և ժամանակավոր կարգավիճակի որոշման հարցերում: Սակայն մյուս կողմից, եթե սկզբունքների համաձայնեցման ձգձգումը Ադրբեջանի մեղքով է, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ միջազգային հանրությունը դրան համարժեք չի արձագանքում և չի մեծացնում ճնշումները Բաքվի նկատմամբ: Ավելին, եթե անգամ հայկական կողմը դա չի անում, թեկուզ պատասխանատվությունն իրենից հեռացնելու և ավելի կառուցողական երևալու նկատառումով:
2010թ. հոկտեմբերին Ադրբեջանի ուղղակի պահանջով ԼՂ հարակից տարածքներում անցկացվեց թվով երկրորդ փաստահավաք առաքելությունը: Դեռ անցյալ տարի, երբ փաստահավաք խումբը դեռ չէր սկսել իր աշխատանքները, թե' ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և թե' պաշտոնական Երևանը համոզում էին, որ նման առաքելություն իրականացվելու է նաև Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ԼՂ տարածքներում, մասնավորապես՝ Շահումյանում և Մարտակերտում: Անցել է 7 ամիս, սակայն այդ տարածքներում մոնիտորինգ անցկացնելու մասին մոռացել են և' միջնորդները, և', որ ավելի ուշագրավ է, հայկական կողմը:
Ադրբեջանը, շահարկելով իր փախստականների վերադարձի խնդիրը, ինչպես նաև այդ տարածքներում Հայաստանի կողմից իբր պետականորեն իրականացվող վերաբնակեցման հարցը, փորձում է դրանք դարձնել բանակցությունների օրակարգային առանցք: Ակնհայտ է, որ, ոչ միայն ենթակառուցվածքների, այլև հումանիտար և մշակութային իրավիճակի հետ կապված, Շահումյանում և Մարտակերտում առկա իրավիճակը շատ ավելի անմխիթար է, և հայկական կողմը շատ ավելի լուրջ պատճառներ ուներ պահանջելու մոնիտորինգի անցկացում:
Բացի դրանից, դա նաև քաղաքական նշանակության խնդիր է. նման փաստահավաք առաքելություն պահանջելով` հայկական կողմը կչեզոքացներ բանակցությունների օրակարգը ձևախեղելու, հակամարտության էությունը փոխելու՝ Ադրբեջանի փորձերը:
Մի քանի օր առաջ Երևանում էր գտնվում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշը: Սակայն, դատելով պաշտոնական հաղորդագրություններից, հայ փախստականների` իրենց բնակավայրեր վերադարձի իրավունքի մասին որևէ ակնարկ անգամ չի արվել: Այսպիսով, Հայաստանը բաց թողեց ԼՂ հարակից տարածքներում վերաբնակեցում իրականացնելու իրավունքը լեգիտիմացնելու այս հնարավորությունը ևս: Եվ դա այն դեպքում, երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, հրապարակելով նախորդ տարվա փաստահավաքի արդյունքները, իրենք էին լուծել այդ հարցը` նշելով, թե այդ տարածքներում ներկայումս բնակվողները Ադրբեջանի տարբեր շրջաններից բռնագաղթածներն են:
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների վերջին հանդիպման ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբին հնարավորություն տալ ուսումնասիրելու շփման գծում արձանագրված բոլոր միջադեպերի հանգամանքները և տալ եզրակացություններ: Դրանից հետո ադրբեջանական դիպուկահարներն ավելի ակտիվացան, իսկ ՄԽ-ն միջադեպերի հետ կապված որքևէ քայլ չձեռնարկեց: Նախագահների մակարդակով ձեռք բերված այս համաձայնությունը իրականացվեց ադրբեջանական սահմանամերձ գյուղերից մեկում մի երեխայի զոհվելու հանգամանքների բացահայտման հետ կապված: Ու չնայած հայկական կողմի շահերից էր բխում դրա արդյունքների հրապարակումը, Երևանի լուռ հայացքի ներքո դա տեղի չի ունենում արդեն երկու ամիս շարունակ:
Ավելին, ընդամենը մի քանի օր առաջ դիպուկահարի կրակոցից զոհվեց ԼՂՀ Հադրութի շրջանի գյուղերից մեկի մի խաղաղ բնակիչ: Հայկական կողմը դիմեց շաբլոնային տարբերակի` Ադրբեջանին մեղադրեց կարգավորման խաղաղ գործընթացը տապալելու փորձերի մեջ: Ոչ ոքի մտքով անգամ չանցավ ՄԽ-ից պահանջել այս հարցում էլ նույնպիսի վերաբերմունքի ցուցաբերում, ինչպես ադրբեջանցի երեխայի շուրջ բարձրացված աղմուկի դեպքում:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ