կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-29 10:46
Առանց Կատեգորիա

Հարմարվող "նախաձեռնողականության" պտուղները

Հարմարվող "նախաձեռնողականության" պտուղները

Ծաղկաձորում մի քանի օր առաջ նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունները, որոնք առաջացրել են պաշտոնական Անկարայի խոր զայրույթը, իրենց մեջ իրականում ոչ մի «սանդրանք» չեն պարունակում՝ չնայած Թուրքիայի արտգործնախարարության եւ վարչապետ Էրդողանի բարձրացրած հիստերիային:

Հայաստանի նախագահն անդրադառնում է երկընտրանքային պատասխան ենթադրող հարցի` «արդյո՞ք սպասվում է ապագա, որը հիշեցնելու է Բաթումի պայմանագիրը, որի ժամանակ, մի գերմանացի դիվանագետի վկայությամբ, մեզ Սևանում լողանալու տեղ թողեցին, սակայն չորանալու տեղ չթողեցին, թե՞ ապագա, որը մեզ կվերադարձնի Արևմտյան Հայաստանը` Արարատով հանդերձ»: Եվ պատասխանում է շատ ընդհանրական` իբրեւ գլխավոր ուղերձ ունենալով այն գաղափարը, որ ցանկացած ընտրության հնարավորություն կախված է նրանից, թե ինչպիսի երկիր է ստեղծելու ապագա սերունդը: Ավելին, նա հորդորում է երկրի կշիռը որոշել ոչ թե հողի չափերով, այլ նրանով, որ «ժամանակակից երկիրը պետք է լինի անվտանգ, բարեկեցիկ, և սրանք այն պայմաններն են, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ժողովրդի նստել աշխարհի հայտնի, ուժեղ, ճանաչված ժողովուրդների կողքին»:

Սակայն անտեսելով Սարգսյանի այս առանցքային ուղերձը` Թուրքիան լիովին խեղաթյուրում է Սերժ Սարգսյանի պատասխանը, սեփական երկրի և միջազգային հանրությանը փորձելով հարոզել, թե Հայաստանի նախագահը հասկացնում է, որ իրենք Ղարաբաղի հարցն են լուծել, ապագա սերունդն էլ պետք է Արեւմտյան Հայաստանը և Արարատը վերադարձնելու հարցը լուծի: Իսկ դրա քաղաքական ենթատեքստը Հայաստանի կողմից Թուրքիային ուղղված բացահայտ հողային պահանջն է:

Մինչդեռ նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում չի եղել որևէ նախագահ, որևէ կառավարություն, որ պաշտոնապես Թուրքիային տարածքային պահանջներ ներկայացնի: Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առհասարակ առաջնորդվում էր անգամ Ցեղասպանության ճանաչման հարցն արտաքին դիվանագիտության օրակարգից հանելու քաղաքականությամբ:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշակիորեն փոխեց այս մոտեցումը. Ցեղասպանության ճանաչումը բերեց քաղաքական օրակարգ, սակայն այն շարունակեց չկապել հողային պահանջների հետ: Դեռ 2001թ. Երևանում CNN- TURK հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա բառացիորեն ասում է հետեւյալը. «Եթե Թուրքիայում կա մտահոգություն, որ Ցեղասպանության ճանաչումը կամ այս հարցում ընդհանրապես ավելի հավասարակշռված եւ հանգիստ մոտեցումը կարող է բերել նման հետեւանքների (հողային պահանջների ներկայացման.- հեղ.), ապա ասում եմ, որ նման հետեւանքներ այս խնդրի լուծումը չի առաջացնում»:

Ինչ վերաբերվում է երրորդ նախագահին, ապա Թուրքիան նրանից պետք է ոչ թե ներողություն պահանջեր, այլ միայն երախտապարտ լիներ: Որովհետև 2009թ. հենց այս նախագահի օրոք Ցյուրիխում ստորագրվեցին երկու հայտնի արձանագրությունները: Դրանցով ոչ միայն միջազգայնորեն Ցեղասպանության ճանաչման գործընթացին զգալի հարված հասցվեց, ոչ միայն պատմաբաններից կազմված հանձնաժողով ձևավորելու պայմանին համաձայնելով բուն Ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելու հիմքեր ստեղծեցին, այլև նախավավերացվեցին Կարսի և Մոսկվայի պայմանագրերը, որոնցով Հայաստանը զրկվում էր Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու իրավական հիմքերից: Դրանով նաեւ կանաչ լույս վառվեց ԼՂ հիմնահարցի կարգավորման պրոցեսում Թուրքիայի անմիջական ներգրավման համար:

Պատահական չէր Էրդողանի` Բաքվում արած այն հայտարարությունը, որ Ղարաբաղն օկուպացված է, և որ այն չսպիացած վերք է նաև Թուրքիայի համար: Հենց այս քաղաքականության արդյունքում է ձևավորվել Թուրքիայի ներկայիս գերծայրահեղ անհանդուրժողական կեցվածքը: Ամենասկզբունքային հարցերում նման զիջումների գնացած կողմին, իհարկե, պետք է նաև գենետիկ հիշողությունը կորցնելու պահանջ ներկայացվեր: Հայաստանի իշխանությունները Անկարայի այս պահվածքով՝ փաստացի հնձում են այն, ինչ երկու-երեք տարի առաջ ցանել են սեփական ձեռքերով: Սակայն նման արձագանքի պատճառները միայն հայկական դիվանագիտության լրջագույն բացթողումներն ու սխալները չեն:

Նախագահ Սարգսյանի հայտարարությունները պարզապես համընկան վարչապետ Էրդողանի` Ադրբեջան կատարելիք այցին, և նա, օգտագործելով հարմար առիթը, պարզապես փորձում է Հայաստանի նախագահի ձեռքով իր համար շագանակներ հանել ադրբեջանական կրակից: Բացի դրանից, սա նաև հարմար առիթ է` միջազգային հանրությանը ապացուցելու, որ հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորման հիմնական պատճառը հայկական կողմի նման «չհիմնավորված» պահանջներն են և ամբիցիաները, որոնք Անկարայի համար ընդունելի չեն կարող լինել:

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ