կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-21 22:27
Հասարակություն

Անիրազեկության "բանահյուսական" պտուղները

Անիրազեկության "բանահյուսական" պտուղները

Երեկ օդում ծանրացած սպիտակադեղնավուն մշուշն այն աստիճան էր գրգռել մարդկանց երեւակայությունը, որ ժողովրդական «բանահյուսության» նոր «նվաճումների» պակաս չէր զգացվում:

Չհասկանալով ինչ երեւույթի հետ գործ ունեն` մարդիկ առաջ էին քաշում ամենատարբեր վարկածներ` սկսած Հրազդանի ցեմենտի գործարանից փոշու տարածումից, վերջացրած «Նաիրիտից» և ատոմակայանից արտանետված վտանգավոր նյութերով:

Սա, առաջին հերթին, մարդկանց` ամեն ինչ սեւ պատկերացնելու, լուն ուղտ դարձնելու, երբեմն նախապաշարմունքներին տուրք տալու հակումների արդյունք է, որը հաճախ հանգեցնում է ավելորդ խուճապի եւ արագ տարածվող բամբասանքների: Եթե մթնոլորտում ինչ-որ բան այն չէ, ուրեմն հաստատ ատոմակայանն է վթարվել, եթե շատ շոգ է, անպայման երկրաշարժ է լինելու եւ այլն:

Մյուս կողմից՝ սա հասարակության անիրազեկվածության հետեւանք է, ինչը ցույց է տալիս, թե հասարակությունը եւ պետությունը որքան անպատրաստ են ոչ ստանդարտ իրավիճակներում գործելուն: Պատկան մարմինները միայն օրվա կեսից սկսեցին բացատրություններ ներկայացնել արձանագրված երեւույթի մասին, այն էլ ոչ թե իրենց, այլ հիմնականում լրատվամիջոցների նախաձեռնությամբ: Եթե իրազեկելու խնդիրը ժամ առաջ նրանք լուծած լինեին, ավելորդ խուճապ ու տարատեսակ անհեթեթ մեկնաբանություններ չէին արվի: