Փոխարժեքներ
12 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Այս տարվա առաջին չորս ամիսներին հանրապետությունում գրացվել է 574 ճանապարհատրանսպորտային պատահար, զոհվել է 60 անձ, վիրավորվել` 832-ը: Դեղին պետհամարանիշ ունեցող մեքենաների մասնակցությամբ պատահարների թիվը 79 է, զոհերի թիվը` 7-ը, վիրավորներինը` 111:
Իրավիճակը անմխիթար է հատկապես քաղաքամայր Երեւանում, որտեղ ամենօրյա են դարձել պատահարները` ցավոք, մահվան ելքով: Քաղաքապետարանը որոշ միջոցներ ձեռնարկում է բարդ իրավիճակը հաղթահարելու ուղղությամբ, օրինակ` անցումների, թունելների, կամուրջների շինարարություն: Սակայն դա, ինչպես պարզվում է, խնդիրների լուծում չէ:
Տարեցտարի երկրում մեծանում է ներկրվող մեքենաների թիվը, նաեւ` «հաբռգած» վարորդների, ովքեր գնում են վարելու իրավունքը ու դուրս գալիս փողոց: Քաղաքապետարանը փորձում է կարգավորել երթուղային տաքսիների կամ տաքսի ծառայությունների կայանման խնդիրները, սակայն գլխավոր հարցը` այդ մեքենաների վարման կարգը, անտրամաբանական է: Արդյունքն այն է, որ քաղաքում ամենօրյա վթարներ են տաքսիների մասնակցությամբ, ամենուր խցանումներ ու խառնաշփոթ:
Այս իրավիճակին է հանգեցնում ոչ միայն վարորդների անգիտությունը, այլեւ ճանապարհային նշանների պակասն ու հետիոտների կողմից երթեւեկության կանոնների զանգվածային խախտումները: Ո՞վ պետք է զբաղվի այս ամենով, վերջապես քանի՞ պատահար դեռ պետք է գրանցվի, քանի՞ մարդ պետք է զրկվի կյանքից, որպեսզի մեր քաղաքային իշխանությունները գիտակցեն, որ խնդիրների կարգավորման հաջորդականությունը գլխիվայր փոխել է պետք:
Միանշանակ է, որ երթեւեկության կանոնակարգման նոր ձեւ սահմանելու հրամայականի առջեւ ենք այսօր կանգնած: Քաղաքապետարանը պետք է դիմի հնարավոր ամեն մեթոդի` առկա խայտառակ ծանրաբեռնված պատկերը շտկելու համար: Այլապես քաղաքի բեռնաթափումը իրականացվում է մեքենաների ջախջախումներով ու մարդկային կորուստներով: