Փոխարժեքներ
12 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի իր գործընկերոջը՝ ԱԳ նախարար Ալեն Ժյուպեի հետ: Երկուստեք գոհունակությամբ նշվել են բարձր մակարդակի փոխայցելությունների եւ քաղաքական երկխոսությունը, իրավապայմանագրային լայն հենքը, միջխորհրդարանական ամուր կապերը, ապակենտրոնացված ինտենսիվ համագործակցությունը, Հայաստանում ֆրանսիական ընկերությունների աճող ներկայությունը:
Հայաստանի եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, միջազգային եւ տարածաշրջանային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրների: Նախարարներն արձանագրել են, որ մի շարք միջազգային հարցերի վերաբերյալ Հայաստանի եւ Ֆրանսիայի դիրքորոշումները համընկնում են:
Նրանք քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները եւ այդ շրջանակներում իրականացվող ծրագրերը, մտքեր փոխանակել միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-ֆրանսիական համագործակցության շուրջ, անդրադարձել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեությանը:
Բանակցությունների օրակարգում է եղել Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Երկուստեք շեշտվել է, որ հիմնահարցի խաղաղ եւ բանակցային լուծումն այլընտրանք չունի:
Մայիսի 17-ին Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել նաեւ Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական եւ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ժան-Դավիդ Լեւիտի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են այս տարվա երկրորդ կեսին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ Հայաստան այցելության, ինչպես նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարելիք այցի նախապատրաստմանն առնչվող հարցեր:
Այսօր Էդվարդ Նալբանդյանը հանդիպելու է Ֆրանսիայի Սենատի եւ Ազգային ժողովի անդամների հետ: