կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-18 22:14
Առանց Կատեգորիա

"Մուսուլմական խաղեր"` Բաքվում եւ Թբիլիսիում

"Մուսուլմական խաղեր"` Բաքվում եւ Թբիլիսիում

Մինչ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն օրերս Բաքվում հրավիրել է «Կովկասի ժողովուրդների բարձրագույն կրոնական խորհուրդ» կոչվող կառույցի նիստը և նրա անունից դիմում-բողոք ուղարկել ՄԱԿ-ին, անշուշտ, Ղարաբաղի հարցի շուրջ, Վրաստանի ղեկավարությունը նրանից խլել է անգամ իր երկրի մահմեդականներին ղեկավարելու իրավունքը: Սա նշանակում է, որ «Կովկասի մուսուլմանների վարչություն» կոչվող անհասկանալի կառույցի ղեկավարը, որն իրեն համարում է նաև «Կովկասի ժողովուրդների բարձրագույն կրոնական խորհրդի» յուրօրինակ «կոորդինատոր», փաստորեն, վերածվել է միայն Ադրբեջանի հոգևոր առաջնորդի:

Պատճառն այն է, որ դա զուտ խորհրդակցական մարմին է, և Հյուսիսային Կովկասի ինքնավարությունների մուֆթիները վարչական առումով ենթարկվում են Ռուսաստանի համապատասխան կրոնական կառույցներին: Ուստի մինչ օրս Ադրբեջանի հոգևոր առաջնորդի «արտասահմանյան տիրապետությունը» տարածվում էր միայն Վրաստանի մահմեդականների վրա: Հիմա նա դրանից էլ է զրկվում՝ պահպանելով զուտ հոգևոր կապ Հյուսիսային Կովկասի ինքնավարությունների մուֆթիների հետ:

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են Հյուսիսային Կովկասի հոգևոր առաջնորդները հաշվի նստում Ալլահշուքյուր Փաշազադեի հեղինակության հետ, երբ ակնհայտ է, որ նրանք Ռուսաստանի քաղաքացիներ են և, բացի դրանից, դավանում են սուննի ուղղության իսլամը, իսկ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը ներկայացնում է շիաներին, որոնք զգալի թիվ են կազմում միայն Դաղստանի հարավի ադրբեջանցիների շրջանում: Մեր կարծիքով` պատճառն այն է, որ հյուսիսկովկասյան մուֆթիները Ալլահշուքյուր Փաշազադեի հետ միասին կանգնած են արմատական իսլամի՝ վահաբիզմի դեմ պայքարելու ընդհանուր խնդրի առաջ, որը սկսել է լայնորեն տարածվել նաև Ադրբեջանում:

Նման «ընդհանուր պայքարի ճակատը», բնականաբար, ձեռնտու է նաև Ռուսաստանի իշխանություններին, ուստի Ալլահշուքյուրն օգտագործում է այդ հանգամանքը՝ Հյուսիսային Կովկաս այցելելու, այնտեղ հակահայ քարոզչություն իրականացնելու, իսկ երբեմն նաև Ղարաբաղի հարցով դիմում-բողոքներ ստորագրել տալու համար:

Մինչդեռ, ինչպես նշեցինք, Փաշազադեի իշխանությունը սկսել է խարխլվել նաև Հարավային Կովկասում: Վրաստանի իշխանությունները Կովկասի մուսուլմանների վարչության Վրաստանի ներկայացուցչության (ղեկավար՝ Ալի Ալիև) փոխարեն ստեղծել են Վրաստանի մուսուլմանների վարչությունը, որը գլխավորել է աջարացի Ջամալ Բագշաձեն: Այսինքն՝ այսուհետ Վրաստանի մահմեդականները, որոնց մեծամասնությունը ադրբեջանցիներ են, պետք է ենթարկվեն ոչ թե Բաքվի Կովկասի մուսուլմանների վարչությանը, այլ Թբիլիսիում գործող Վրաստանի մուսուլմանների վարչությանը: Սա նշանակում է, որ պաշտոնական Թբիլիսին փորձում է Վրաստանի ադրբեջանցիներին դուրս բերել Բաքվի ազդեցությունից, քանի որ աջարացի Ջեմալ Բագշաձեն իրականում ներկայացնում է ինքն իրեն և մի քանի տասնյակ ծերունիների, որոնք Աջարիայի խուլ գյուղերում դեռևս իսլամ են դավանում (մնացած աջարացիներին վաղուց արդեն վերադարձրել են Վրաց ուղղափառ եկեղեցու գիրկը):

Բնական է, որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդին խիստ բարկացրել է Վրաստանի իշխանությունների այս քայլը, և նա հայտարարել է անգամ, որ Վրաստանի մուսուլմանների վարչություն կոչվող կազմակերպության թիկունքում կանգնած է, ոչ ավել, ոչ պակաս, «Մեծ Հայաստանի» գաղափարը: Այս հայտնագործությունը «հիմնավորելու» համար Փաշազադեն նշել է. «Դա այս օրերի իրադարձություն չէ, դա սկսվել է այն օրից, երբ ընդունվեց Վրաստանի չորս խաչերով դրոշը»: Նա ակնարկել է Կիլիկյան Հայաստանի դրոշի հետ առկա զուգահեռները: Ստացվում է, որ Վրաստանի ադրբեջանցիներին Բաքվի ազդեցությունից դուրս բերելու համար Վրաստանի մուսուլմանների վարչության ստեղծման թիկունքում կանգնած են «Մեծ Հայաստանի» ճարտարապետները: Ու քանի որ Վրաստանի չորս խաչերով դրոշը ընդունվել է «վարդերի հեղափոխությունից» հետո՝ Միխայիլ Սահակաշվիլիի նախաձեռնությամբ, ուրեմն՝ Փաշազադեն մեղադրել է Վրաստանի նախագահին ոչ միայն ադրբեջանցիների, այլև վրացիների համար «մահացու հանցանքի» մեջ:

Մենք դեռևս չունենք Վրաստանի նախագահի պաշտոնական պատասխանը Ադրբեջանի կրոնապետի այս զառանցանքին, բայց համոզված ենք, որ Բաքվի ու Թբիլիսիի միջև սկսված մուսուլմանական խաղերը շատ ջուր են քաշելու: Ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարների համար «Մեծ Հայաստանի» գաղափարը դարձել է յուրահատուկ իդեա ֆիքս, որին ծառայելու մեջ սեփական ընդդիմության առաջնորդներին մեղադրելուց հետո, անցել են հարևան երկրի ղեկավարին:

Իսկ մեզ մնում է սպասել՝ արձանագրելու համար «Մեծ Հայաստանի» կողմնակիցների օրեցօր ավելացող անունները և խորհրդային հայտնի կինոնկարի հերոսի նման Փաշազադեին դիմել համեստ խնդրանքով՝ огласите, пожалуйста, весь список...

Գաբրիել ԵՐԶՆԿՅԱՆ