Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ազգային շարժումը» Թբիլիսիում շտաբ է ստեղծում՝ Միխեիլ Սաակաշվիլիի ազատ արձակման համար։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ազգային շարժման» նախագահ Լեւան Խաբեիշվիլին, գրում է «Грузия Online»-ը։
Նրա խոսքով, ներկա պայմաններում կարեւոր է, որ «Ազգային շարժումը» մայրաքաղաքում ուժեղ լինի, այդ թվում՝ կառուցվածքային տեսանկյունից։
«Ուստի այսօր մենք մայրաքաղաքում՝ Բրոսսե փողոցում, բացում ենք Միխեիլ Սաակաշվիլիի ազատ արձակման շտաբը, որը միաժամանակ լինելու է «Միացյալ Ազգային շարժում» կուսակցության Թբիլիսիի կենտրոնական գրասենյակը։ Կոչ եմ անում մեր համակիրներին, որոնցից հարյուր հազարավորները մայրաքաղաքում են, գալ մեր գրասենյակ, գրանցվել, դառնալ «ռուսական երազանքի» դեմ տարած հաղթանակի մասնակիցը։ Որպեսզի կուսակցությունը Թբիլիսիում ուժեղ լինի, մենք աշխատանքային խումբ ենք ստեղծել՝ Իրակլի Նադիրաձեի գլխավորությամբ։ Նրա խնդիրն է լինելու վերակազմավորել «Ազգային շարժումը» Թբիլիսիում, բարելավել դրա կառուցվածքը, որպեսզի կուսակցությունն ավելի ուժեղ լինի, քան երբեւէ։ Զուգահեռաբար Ազգային շարժման պաշտոնական էջում կտեղադրվի հստակ հավելված, որի միջոցով յուրաքանչյուրդ կկարողանա գրանցվել։ Բոլոր նրանք, ովքեր ապրում են Թբիլիսիում եւ չեն ցանկանում ապրել Ռուսաստանում, եվրոպական ապագա են ցանկանում մեր երկրի համար, ապա Բրոսսե փողոցում սպասում են ձեզ՝ բոլորիդ, ովքեր ցանկանում են մասնակցել ապառուսականացմանը, դեբիդինիզացմանը եւ ապաօլիգարխացմանը», - ասել է Լեւան Խաբեիշվիլին։
Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել՝ Վրաստանի իշխանություններից պահանջելով բանտից ազատ արձակել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։
Բանաձեւում ասվում է, որ «մարդասիրական նկատառումներից ելնելով եւ քաղաքական բեւեռացումը նվազեցնելու համար» նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պետք է ազատ արձակվի եւ «արտասահմանում պատշաճ բուժօգնություն ստանա»։
Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել էր 2021 թվականի աշնանը, երբ ապօրինի հատել էր սահմանը եւ վերադարձել Վրաստան։ Կալանավայրում գտնվելու ժամանակ նրա առողջական վիճակը վատացել է։