Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ամենեւին նպատակ չունեմ պաշտպանել որեւէ մեկին ինչ-որ մեկից: Նման դեպքեր մեր հանրապետության ցանկացած անկյունում ամեն օր լինում են: Ոչ միայն սպառնում են «կոկորդ կրծել», այլեւ «կրծում են»` սպանելով, կոպտելով, վիրավորելով, մի խոսքով` հնարավոր բոլոր միջոցներով` մեքենայի տակ գցելով եւ անունը վրաերթ «կնքելով», կամ սեփական մուտքի շեմին գնդակահարելով:
Ինչո՞ւ սկսեցի այսպես: Ի՞նչ է եղել: Ըստ էության` ոչինչ: Երկու տաքարյուն երիտասարդներ (իհարկե, եթե հաշվի չառնենք, որ այդ երկուսը «Եհովայի վկաներ» աղանդի ներկայացուցիչներ են) հարձակվել են մեկ այլ երիտասարդի վրա (Արարատյան հայրապետական թեմի Սբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Եսայի քահանա Արթենյանի) եւ սպառնացել են, թե հարկ եղած դեպքում քահանայի «կոկորդը կկրծեն», ասել է թե` իրենք նաեւ «տղամարդ են»: Սպառնացել են այն բանի համար, որ քահանան փորձել է արգելել հոգեորսությունը, իսկ երբ չի կարողացել խոսքերով ազդել նրանց վրա, որոշել է հոգեորսության փաստն արձանագրել` բջջային հեռախոսով նկարահանելով: Երիտասարդներն էլ խլել են հեռախոսը, հարվածել նրա ձեռքին եւ սպառնացել` «կոկորդդ կկրծենք»:
Արտառոց դեպք է, բայց արտառոց միայն նրանով, որ գործ ունենք հոգեւոր տարբեր ուղղությունների ներկայացուցիչների «կռվի» հետ: Այլ կերպ չեմ կարողանում որակել փաստը, քանզի գրչակից ընկերներիցս շատերը իրենց մասնագիտական աշխատանքի ընթացքում նույնպես պատգամավորների, իշխանության ներկայացուցիչների եւ, ընդհանրապես, «լավ տղերքի» կողմից հաճախ են ենթարկվել բռնությունների:
Ի՞նչ տարբերություն աղանդավորի եւ կոռուպցիոներ պաշտոնյայի միջեւ: Երկուսն էլ անհանդուրժող են: Առաջինը` եկեղեցու հոգեւոր սպասավորի, երկրորդը` լրագրողի հանդեպ, ով փորձում է բացահայտել եւ հասարակությանը իրազեկել հանցագործություն մասին: Մինչ օրս որեւէ կղերական չի դատապարտել լրագրողների նկատմամբ իրականացված ոտնձգությունները: Հակառակը` առկա է: Արդյոք, սա չի՞ նշանակում, որ լրագրողներն ավելի համարձակ են, ավելի մտահոգ հասարակության մեջ արմատավորվող բացասական երեւույթներով, քան մեր կղերականությունը: Արդյոք մեր կղերականությունն անհաղորդ չէ՞ երկրում առկա խնդիրներին և իր ընդգծված պասիվությամբ չի՞ նպաստում իր հոտի անդամների` իրենից հեռանալուն և այլ տեղ արդարություն ու գթասրտություն փնտրելուն: Եվ վերջապես, ի տարբերություն որոշ հոգևորականների, ոչ մի լրագրող չի շրջում «Բենթլիով» եւ զինված չէ տաբելային զենքով: Սա ի միջի այլոց:
Իսկ այն, ինչ կատարվել է Տ. Եսայի քահանա Արթենյանի հետ, շատ նման է լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելուն: Տ. Եսային էլ է փորձել նկարահանել կամ, ավելի ճիշտ, արձանագրել փաստը, ինչի համար ենթարկվել է հարձակման: Այսինքն` Տ. Եսայու վրա հարձակվել են ոչ թե գաղափարական տարաձայնության, այլ «Եհովայի վկաներ» աղանդի ներկայացուցիչների «հանցանքը» փաստելու փորձի համար:
Հանցանքը հանցանք, բայց հարկ է անկեղծ խոստովանել, ի՞նչը դրդեց, որ այսքան շատանան «հանցագործները»: Հիշո՞ւմ եք, մի քանի տարի առաջ նույն` Առաքելական եկեղեցու սպասավորներն իրար ետեւից շուտասելուկի պես կրկնում էին, որ աղանդավորների առկայությունը ժամանակավոր է, եւ նրանց ճիրաններում հայտնված մոլորյալները վաղ թե ուշ դարձի են գալու ու համալրելու են Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալների շարքերը: Այդ դեպքում ի՞նչ պատահեց, որ հանկարծ` մեկ օրվա ընթացքում, վերաբերմունքն աղանդավորների նկատմամբ փոխվեց: Պարտադիր պետք էր մի հոգեւորակա՞ն ընկներ աղանդավորների հարվածի տակ, որ մեր կղերականությունը զգար, որ բանը բանից անցել է:
Հայտարարությունն էլ, որ արվեց զավեշտալի էր` «աղանդավորներն արդեն հարձակվում են հոգևորականների վրա»: Ուշադրություն դարձնենք «արդեն» բառի վրա: Այդ մի «արդեն» բառի տողատակում մի ամբողջ պատմություն է թաքնված: Ժամանակին շատ է խոսվել աղանդավորության դեմ պայքարի մասին, բայց, չգիտես ինչու, մեր եկեղեցին լռել է: Հիմա էլ կիսատ-պռատ հայտարարում են, որ իրենք գիտեն, թե որ պաշտոնյաներն են կանգնած աղանդավորական շարժումների թիկունքին, բայց անուններ չեն տալիս:
Եթե անկեղծ է մտահոգությունը եւ եթե գիտեք այդ պաշտոնյաներին, ասե'ք, ինչո՞ւ եք խնայում: Արդյո՞ք միայն նրա համար, որ առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են եւ ձեր հայտարարությունը քաղաքական սկանդալ կդառնա որոշ շատ բարձր պաշտոնյաների համար: Թե՞ նույն այդ պաշտոնյան կամ պաշտոնյաները, աղանդավորներին որպես ընտրազանգված օգտագործելուց բացի, նաեւ Հայ Առաքելական եկեղեցուն են բաժին հանում իրենց «գռփած» միջոցներից:
Բանը հասել է այնտեղ, որ Հայորդաց տների ընդհանուր տեսուչ-տնօրեն Կոմիտաս վարդապետ Հովնանյանը դժգոհում է, որ Հայ եկեղեցին իշխանություն չունի: Թե ինչ իշխանության մասին է վարդապետի ակնարկը, անհասկանալի է: Մի ասացվածք կա, իրենք էլ գիտեն, թե վատ պարողին ինչն է խանգարում: Իսկ եթե խոսքը կրոնական պետություն ունենալու մասին է, սա արդեն ուրիշ բան: Խնդրեմ, դիմեք վարչապետին, գուցե հարցը լուծի:
Հրաչյա Երեւանցի