Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առաջին անգամ բնապահպանության նախարարությունը բնության հուշարձանների ցանկը փորձեց կազմել, երբ 2007- 2008 թվականներին բարբարոսաբար սկսեցին ոչնչացնել Ազատ գետի հովտում գտնվող «Քարերի սիմֆոնիան»: Այդ հուշարձանը նույնպես ներառվեց համապատասխան ցուցակում, սակայն օրենսդրության բացակայության պատճառով դրա ոչնչացման համար մեղավորներին պատասխանատվության չկանչեցին` չնայած Կոտայքի մարզի ոստիկանությունը մտադիր էր քրեական պատասխանատվության ենթարկել իրականացնողներին:
Մեր երկրում բնության` խնամքի կարիք ունեցող հուշարձանների կարելի է հանդիպել ամենուր: Պարզվում է, որ Հայաստանի տարածքում մոտ 4 հազար բնության հուշարձանների փոխարեն ՀՀ կառավարությունը հանպատասխան ցուցակում դեռեւս 2008թ. ընդգրկել է ընդամենը 230-ը, որից 109-ը` երկրաբանական հուշարձաններ են, 48-ը՝ ջրաերկրաբանական, 38-ը` ջրագրական, 16-ը` բնապատմական եւ 19-ը՝ կենսաբանական:
Ի պատասխան այն հարցին, թե, ի վերջո, քանի՞ բնության հուշարձան կա Հայաստանի տարածքում, պատասխանատու գերատեսչությունը հայտնեց, որ չի տիրապետում այդ տեղեկատվությանը` հավելելով, որ այդ գնահատումը բարդ գործընթաց է:
Ի սկզբանե բնապահպանության նախարարությունը հայտարարել էր, որ ցանկում ընդգրկված բնության հուշարձանների մեծ մասը կստանա միջազգային մակարդակով պահպանվող օբյեկտի կարգավիճակ, քանի որ դրանցից մի քանիսն անկրկնելի են եւ հանդիպում են միայն Հայաստանի տարածքում:
Ըստ մշակույթի նախարարության տվյալների` օրինակ, մեր երկրում Գնիշիկի (Վայոց ձոր) բնապահպանական արգելոցը միակն է եւ ստեղծվել է 1980-ական թվականներին: Արգելոցն ընդգրկում է 160 հա տարածք եւ ներառում է Նորավանքի պատմամշակութային համալիրը: Գնիշիկի բնապատմական արգելոցում այսօր պահպանվում են նաեւ Մագելի, Արջերի եւ այլ քարանձավներ, որոնք ընդգրկված չեն ՀՀ բնության հուշարձանների ցանկում: Մեր երկրի միակ բնապատմական արգելոցը տնօրինում է հենց մշակույթի, այլ ոչ թե բնապահպանության նախարարությունը:
Քարահունջը, Սիսիանի Զորաց քարերը եւ Գորիսի բուրգերը նույնպես արդեն ունեն բնության հուշարձանի կարգավիճակ, սակայն դրանց պահպանությունն անտեսված է: Նշվածներից միայն Զորաց քարերին էր, որ, 2010թ. կառավարության համապատախան որոշմամբ, տրվեց արգելավայրի կարգավիճակ, սակայն ինչպես «Երկիր»-ն է ականատես եղել, արգելավայրը չունի պահպանման ռեժիմ, եւ հուշարձանից ընդամենը մեկ մետր հեռավորության վրա ցանք է կատարվում, իսկ անասուններն էլ անարգել մտնում են արգելավայրի տարածք:
Ցուցակում ընդգրկվել և բնության հուշարձանի կարգավիճակ են ստացել նաեւ մի շարք լճեր եւ ջրվեժներ, որոնցից են Ակնա եւ Մեծամոր լճերը, ինչպես նաեւ Շաքիի եւ Ջերմուկի ջրվեժները, որոնք, սակայն, նույնպես բարձիթողի վիճակում են:
Ի սկզբանե որոշված էր, որ այն վայրերում, որտեղ գտնվում են պետության կողմից ճանաչված բնության հուշարձանները, կտեղադրվեն վահանակներ, սակայն մինչ օրս դա արված չէ: Բնապահպանության նախարարությունը փորձ չի կատարում անգամ ճշտելու, թե կարգավիճակ ստացած հուշարձաններն ընդհանուր հաշվով որքան տարածք են զբաղեցնում կամ ինչ վիճակում են գտնվում: Այդ հարցերի պատասխանները իմանալու համար նախարարությանը հարկավոր է գումար, իսկ հիմա գերատեսչությունը ունի մեկ պատասխան՝ փող չկա:
Ահա այսպես է հայրենի կառավարությունը փորձում զբոսաշրջություն զարգացնել` չգիտակցելով, որ այս ոլորտը չի զարգանա ռեստորան կամ հյուրանոց կառուցելով, մանավանդ եթե նկատի ունենանք գների մակարդակը: Իսկ զբոսաշրջիկների համար բացառիկ հետաքրքրություն ներկայացնող բնության հուշարձանների պահպանման և խնամքի հարցը, ինչպես նաև այնտեղ տանող ճանապարհների անմխիթար վիճակը կարծես ոչ մեկին չի հետաքրքրում:
Գալուստ ՆԱՆՅԱՆ