Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջին օրերի զարգացումները քննարկման նյութ են արցախյան հասարակության շրջանում. բոլորն էլ քաջ գիտակցում են, որ պատերազմը դեռ չի ավարտվել, որ այն առաջին գծում շարունակվում է: Բնակիչների հետ զրույցների ժամանակ շատերն են զգոնության կոչ անում սահմանում կանգնած մեր տղաներին ու ցավում վերջին դեպքերի հետ կապված, սակայն մի հարց եւս քննարկվում է՝ ի՞նչ անել, պե՞տք է համարժեք պատասխան տալ հակառակորդին, թե՞ ոչ:
Ստեփանակերտի բնակիչ Էդուարդ Մկրտչյանն այն կարծիքին է, որ չի գտնվի մեկը, ով համաձայն չլինի ադրբեջանցիներին պատասխան տալու հետ: «Անպայման պետք է պատասխան տալ՝ ինչ գնով էլ ուզում է լինի: Թե չէ նրանք շատ են լկտիանում: Ստացվում է, որ զուր են բանակցությունները, դրանց ընթացքում ձեռք բերված պայամանավորվածությունները: Պետք է նրանց հասկացնել, որ Ալիեւի երազանքը չի կատարվի՝ հայերն այստեղ սարսափի մեջ չեն ապրի երբեք»: «Դրանց ամեն մի քայլին է պետք պատասխան տալ, ավելին՝ կրկնակի, եռակի հարված պետք է հասցնել՝ նրանց հիշեցնելու, որ Արցախում ապրող ժողովուրդը երբեք չի խոնարհվի թշնամու առաջ ու պետք եղած դեպքում կործանարար վնաս կհասցնի: Դա մեր քաջարի տղաները ցույց տվեցին, ու մենք պարտավոր ենք շարունակելու նրանց սուրբ գործը՝ մեր ազատագրված հայրենիքի պաշտպանությունը, այլապես մեր զոհված եղբայրները չեն ների մեզ»,- ասում է Ստեփանակերտի 45-ամյա բնակիչ Կարեն Բալայանը:
«Չեմ հասկանում, թե մինչեւ հիմա ինչու է լռում միջազգային հանրությունը, ինչու է աչք փակում այս ամենի վրա, երբ ամեն օր սահմանում հայ զինվոր է զոհվում կամ վիրավորվում: Բայց ավելի շատ չեմ հասկանում, թե ինչու են մերոնք լռում: Կարծում եմ՝ արդեն վաղուց ժամանակն է Ադրբեջանին կարգին հակահարված տալու եւ իրենց լեզվով խոսելու: Նրանք ուրիշ լեզու չեն հասկանում. եթե հասկանային՝ Սումգայիթի, Բաքվի եւ մյուս այլ ջարդերը չէին լինի»,- նշում է զոհված ազատամարտիկի մայր Ս. Ավագյանը:
Թոշակառու Սերգեյ պապիկն էլ ասում է. «Հնարավորություն լիներ՝ ես էլ կգնայի դրանց մի լավ հարված տայի: Ափսոս, տարիքս չի ներում, բայց կգնամ խրամատներն ավելի խորը փորելու, որ մեր երիտասարդ տղաները չզոհվեն դիպուկահարների գնդակից»: «Պատերազմն առաջին գծում շարունակվում է, բնականաբար, սահմանում կանգնած մարդիկ պետք է զգոն լինեն եւ ամեն վայրկյան առաջնորդվեն պատերազմի կանոններով: Հակառակորդի դիպուկահարների ամեն մի քայլին պետք է պատասխանել, չպետք է լռել ու հանգիստ նստել»,- կարծում է Հադրութի բնակիչ Գագիկ Ավանեսյանը:
«Ադրբեջանցիներն ամեն կերպ փորձում են պատերազմ հրահրել: Այն ժամանակ էին այդպես անում ու արդյունքում հայերին վերագրում պատերազմի հրահրումը… Սումգայիթ են կազմակերպել ու նորից ասել, որ հայերն են մեղավոր: Ստացվում է, որ հայերի լուռ ու հանգիստ մնալը ոչ ոք չի էլ ընկալում: Կարծում եմ, պետք է մեր դիրքորոշումը փոխվի, պետք է ադրբեջանցիների հետ իրենց լեզվով խոսենք… Մի առիթով մեր նախագահն ասել էր, որ պատրաստ ենք հակահարված տալ հակառակորդին, պետք եղած դեպքում նաեւ ներխուժել նրանց տարածքների խորքը»,- հիշեցնում է ստեփանակերտցի տիկին Լիդան, ում կարծիքով՝ եկել է ժամանակը դա մեկ-մեկ գործնականում ցույց տալու, որպեսզի իրենց չթվա, թե հայերն այստեղ քնած են:
«Ճիշտ է, հայերը հիմնախնդրի խաղաղ կարգավորման կողմնակից են, բայց դա չի նշանակում, որ կլռեն, երբ իրենց խփեն, երբ սպանեն: Արցախյան շարժումը եւ պատերազմը ցույց տվեցին, որ հայը կարող է պայքարել ու հաղթանակ տոնել, որին դարեր ի վեր սպասում էինք»,- այս կարծիքին է Մարտունու շրջանի բնակիչ Սլավա Գրիգորյանը:
Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ստեփանակերտ