Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունիսի 12-ին Թուրքիայում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Վերջին 34 տարիների ընթացքում սրանք առաջին խորհրդարանական ընտրություններն են, որոնք արտահերթ չեն:
2002 թվականից ի վեր Թուրքիայում իշխանության է եկել չափավոր իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը, որն այս ընտրություններում եւս հավակնում է ապահովել քվեների այնպիսի մասնաբաժին, որը նրան հնարավորություն կտա կազմել միակուսակցական կառավարություն: «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն արդեն սկսել է իր նախընտրական արշավը. արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն նախորդ օրերին այցելել էր իր ծննդավայրը՝ Թուրքիայի կենտրոնական Կոնիայի նահանգ, իսկ վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը՝ Իգդիր, շրջան, որ միայն վերջին թուրք (քեմալական)-հայկական պատերազմի արդյունքներով եւ 1921թ. Կարսի պայմանագրով անցավ թուրքերին:
Հայաստանի Առաջին Հանրապետության մաս կազմող Իգդիրի շրջանը, այն ժամանակ՝ Սուրմալուի գավառը, սահմանակից է այսօրվա Հայաստանին ու Ադրբեջանին՝ Նախիջեւանի միջոցով: Հենց այս շրջանում է գտնվում Թուրքիա-Հայաստան ցամաքային երկու սահմանադռներից մեկը՝ Ալիջան-Մարգարան: Իգդիրի շրջանը Թուրքիայի մյուս նահանգների շարքում տրամադրվածությամբ ամենահակահայկականն է, որի պատճառներից մեկն էլ բնակչության կազմն է. Իգդիրում կեսից ավելին ադրբեջանցիներ են, որոնց 1990-ից հետո ավելացել են եւս մի քանի տասնյակ հազար ադրբեջանցիներ Նախիջեւանից:
Վարչապետ Էրդողանը «ֆուտբոլային դիվանագիտությունից» առաջ, ընթացքում եւ հետո տասնյակ անգամներ ամենակոշտ հայտարարություններ է արել Հայաստանի ու հայության հասցեին՝ ընդգծելով, որ Թուրքիան սահմանը չի բացի, քանի դեռ Ղարաբաղյան հարցում չկա առաջընթաց: Մայիսի առաջին օրը Իգդիրում Էրդողանի արած հայտարարությունները պիտի որ առավել լսելի լինեին ՀՀ նախագահի նստավայրում: Էրդողանը Իգդիրում հավաքված ամբոխին ասել է, որ քանի դեռ Ղարաբաղյան հարցը չի լուծվել, Հայաստանի հետ հաշտեցումն անհնար է. «Այստեղից եւս մեկ անգամ ասում եմ. առանց Ղարաբաղի խնդրի կարգավորման՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին խոսք չկա: Սկզբից ի վեր մենք կանգնած ենք եղել Ադրբեջանի թիկունքում եւ շարունակելու ենք կանգնել: Ղարաբաղը նաեւ մեր խնդիրն է»:
Եթե չլինեին Էրդողանի նախկին տասնյակ հակահայ ու ադրբեջանանպաստ հայտարարությունները, ապա գուցե Իգդիրում նրա ասածները կարելի էր ընկալել որպես նախընտրական քարոզչության մաս, թեեւ հայատյացությունը Թուրքիայի ներքաղաքական պայքարում գործածելը ինքնին հատկանշական է:
Հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտությանն» աջակցող երկրները, միջազգային կազմակերպությունները եւ հասարակական կազմակերպությունները, այդ թվում՝ հայաստանյան, հույս են տածում, թե Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից եւ դրանցում իշխող կուսակցության հաղթանակից հետո հնարավոր կլինի շարունակել ընդհատված գործընթացը: Չի բացառվում, որ ընտրություններից հետո սկսվի «ֆուտբոլային դիվանագիտության» երկրորդ խաղակեսը, բայց դա երաշխիք չէ, որ Անկարան կվավերացնի առնվազն երկու նախապայման պարունակող եւ հայկական կողմի համար անընդունելի արձանագրություններն ու վերջ կտա Հայաստանի շրջափակմանը:
«Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը խորհրդարանում ուներ որակական մեծամասնություն եւ ցանկության դեպքում կարող էր վավերացնել արձանագրությունները: Հայաստանի ղեկավարությունը շարունակում է ներգրավված մնալ հայ-թուրքական գործընթացում: Ճիշտ է, արդեն մեկ տարի Երեւանը սառեցրել է գործընթացը, սակայն նույնիսկ այդ պայմաններում օգուտները քաղում է Թուրքիան՝ միջազգայնորեն տպավորություն ստեղծելով, թե գործընթացը շարունակվում է, հետեւաբար՝ Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծերով չի կարելի տապալել այն:
Որքան Երեւանը շուտ դուրս գա Թուրքիա-Հայաստան գործընթացից, այնքան լավ Հայաստանի ու հայ-թուրքական հարաբերությունների ապագայի համար: Հայկական կողմը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի շուրթերով բազմիցս հայտարարել է, վերջին անգամ՝ անցնող շաբաթավերջին, թե հայ-թուրքական գործընթացում միջազգային հանրությունը պաշտպանում է Հայաստանի դիրքորոշումը: Անկասկած պաշտպանում է, սակայն հայ-թուրքական հարաբերություններում եւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ-ի ու Հայաստանի, Եվրոպայի ու Հայաստանի օրակարգերը նույնը չեն: Եթե հայ-թուրքական հարաբերություններում ստեղծված վիճակը լավ է ԱՄՆ-ի ու Եվրոպայի համար, ապա դա չի նշանակում, որ լավ է նաեւ Հայաստանի համար:
Թաթուլ ՀԱԿՈԲՅԱՆ