Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արգենտինայի արդարադատության եւ մարդու իրավունքների նախարար Խուլիո Ալաքը երեկ «Արմենիա» մշակութային ընկերակցության շենքում կազմակերպված` Ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառման հյուրն է եղել: Նրան ընկերակցել է նախարարության խտրականության դեմ քաղաքականության համադրող Պեդրո Մուրադյանը:
Ներկաներին ողջունելով` ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ընդհանուր տնօրեն Գեւորգ Տոլմաճյանն իր խոսքում կարեւորել է արգենտինացի դատավոր Նորբերտո Օժարպիտեի դատավճիռը, որ «ցեղասպանություն» որակեց 1915-1923-ին Օսմանյան կայսրությունում հայ բնակչության տեղահանումն ու ջարդերը: Նա հավելեց, որ Արգենտինան միակ երկիրն է, որի երեք իշխանություններն էլ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
«Ցեղասպանության հետեւանքները մինչ օրս կան, տարբեր ձեւերով՝ սահմանների փակում, Ադրբեջանի հայության դեմ ջարդ ու կոտորած, Հայաստանը Կովկասի զարգացման բոլոր ծրագրերից հեռու պահելու` Թուրքիայի քաղաքականություն: Սրանք ճնշման ձեւեր են...»,- նշեց բանախոսը` հավելելով, որ Ցեղասպանության ժխտումն էլ ոչ միայն պատմական ճշմարտության դեմ մեղանչել է, այլեւ ճնշում հայ ժողովրդի վրա, որ նա ցեղասպանություններից զերծ ապագայի հարցում անապահովության զգացում ունենա:
Նախարար Ալաքը ներկաներին է փոխանցել Արգենտինայի կառավարության, մասնավորապես` նախագահ Քրիստինա Ֆերնանդես Քիրշների աջակցությունը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար մղվող հայության պայքարին: