կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-28 22:28
Առանց Կատեգորիա

ՀԵՏՔ. Հայհոյանքները կյանքի բաղադրի՞չն են

ՀԵՏՔ. Հայհոյանքները կյանքի բաղադրի՞չն են

ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը չի կարող պատասխանատվության ենթարկվել: Այս դիրքորոշումը Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Գեւորգ Գեւորգյանը արտահայտեց այսօր Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ քննվում էր «Հետքի» լրագրող Գրիշա Բալասանյանն ընդդեմ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի» գործը:

Հիշեցնենք, որ Գրիշա Բալասանյանը փետրվարի 2-ին զանգահարել էր Ռուբեն Հայրապետյանի բջջային հեռախոսին: Սակայն պատգամավորը, լրագրողին անվանելով «տգետ», հեռախոսն անջատել էր: Ի պատասխան Գրիշա Բալասանյանի երկրորդ զանգի, որով վերջինս ցանկացել էր ճշտել իրեն վիրավորելու պատճառը, պատգամավոր Հայրապետյանը, երբ տեղեկացել էր, որ հեռախոսազրույցը ձայնագրվում է, սեռական բնույթի հայհոյանքներ էր տվել լրագրողին: 

Գրիշա Բալասանյանը դիմել է դատարան` պահանջելով պարտավորեցնել պատգամավորին իրենից ներողություն խնդրել, փոխհատուցել 1 մլն դրամի չափով, վճարել դատարան դիմելու պետական տուրքի, հայցադիմումի պատրաստման ու դատական ներկայացուցչության համար կատարված ծախսերը:

Չնայած նախորդ նիստին ապացուցման պարտականությունը դրվել էր պատասխանող կողմի վրա, այդուհանդերձ, փաստաբան Գեւորգ Գեւորգյանը միայն բանավոր առարկություններ ներակայացրեց: Գ. Գեւորգյանի հիմնավորմամբ` վիրավորանքը կարգավորվում է ՀՀ Քաղ. օր.-ի 19 եւ 1087.1-րդ հոդվածներով, որտեղ, սակայն, խոսքը հրապարակային վիրավորանքի մասին է:

Ոչհրապարակային արտահայտության դեպքում վիրավորանքի պաշտպանության մեխանիզմ չկա: Մինչդեռ, ըստ փաստաբանի, հայցվորի ներկայացրած ապացույցներով հիմնավորվում է, որ վիրավորանքը եղել է ոչ հրապարակային, այլ անձնական հեռախոսային խոսակցության ընթացքում: Ըստ այդմ` Ռուբեն Հայրապետյանը չի կարող պատասխանատվության ենթարկվել, քանի որ Սահմանադրությունը երաշխավորում է, որ ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

Ավելին, Գ. Գեւորգյանի կարծիքով, եթե հայցվորը չի պնդում 1087,1 հոդվածը, այդ պարագայում դատարանը չի կարող նշված նորմատիվ ակտով փոխհատուցում պահանջել եւ ստիպել պատգամավորին ներողություն խնդրել: Փաստաբանը նաեւ նշեց, որ լրագրողի կողմից իրավունքի չարաշահման գործոն կա, այն է` լրագրողը, զանգահարելով պատասխանողին, ձայնագրառում է կատարել առանց պատասխանողի համաձայնության, ինչը խախտում է պատասխանողի` անձնական կյանքի սահմանադրական եւԿոնվենցիայի 8-րդ հոդվածով սահմանված իրավունքները:

«Առողջական խնդիրներ ունեցող եւ այդ պահին լարված եւ նյարդային վիճակում գտնվող անձի մոտ, բնականաբար, հանգամանքների բերումով առաջացել է նաեւ հուզմունք, ինչ-որ տեղ միգուցե չտիրապետելով իրեն, արտահայտություններ է արել, որոնք կհաստատվի կամ չի հաստատվի»,- հիմնավորեց Գեւորգ Գեւորգյանը:

Փաստաբանը հայտնեց, որ լրագրողի եւ պատգամավորի միջեւ տեղի ունեցած հեռախոսային խոսակցության ձայնագրությունը չի կարող որպես ապացույց դիտարկվել, քանի որ ձեռք է բերվել ոչ օրինական ճանապարհով: Հետեւաբար չկա հասցրած վիրավորանք, չկա իրավունքի խախտում: «Նպատակը ոչ թե իրավունքների պաշտպանությունն է, այլ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի անունը վարկաբեկելը կամ լրատվամիջոցներով նրա վերաբերյալ արատավոր տեղեկություններ տարածելը»,- եզրակացրեց Ռ. Հայրապետյանի պաշտպանը:

Փաստաբանը նաեւ կարծիք հայտնեց, որ եթե խախտվել էին լրագրողի իրավունքները, նա պետք է անմիջապես դիմեր իրավապահներին, այլ ոչ թե լրատվամիջոցներով հրապարակեր այդ խոսակցության մի մասը:

«Ի՞նչ իրավական նշանակություն ունի այն հանգամանքը, որ հայցվորը դա լրատվամիջոցներով տարածել է, եւ արդյոք դա վիրավորե՞լ է պատասխանողին առհասարակ»,- հակադարձեց «Հետքի» լրագրողի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը:

Վահե Գրիգորյանը նկատեց, թե ինչ անձնական կյանքի մասին է խոսքը, եթե Գրիշա Բալասանյանը ներակայացել է որպես «Հետք» թերթի լրագրող եւ ցանկացել է պարզաբանում ստանալ: «Եթե լրագրողը որեւէ անձի հետ հարցազրույց է անցկացնում կամ ընդհանրապես նրա հետ խոսում է, արդյո՞ք պատասխանողը կարծում է, որ այդ խոսակցությունը լրագրողն իր անձնական կարիքները բավարարելու համար է անում, այսինքն` միայն իր համար է եւ երբեւէ չի հրապարակվելու: Այսինքն` լրագրողի գործունեությունը ընդամենը տեղեկություններ հավաքելն է ոչ հրապարակմա՞ն, այլ ընդամենը իր անձնական կարիքները բավարարելո՞ւ համար»,- հարցրեց Վահե Գրիգորյանը:

«Մինչեւ ներկայանալը լրագրողն արդեն ձայնագրությունը միացրած է եղել, միգուցե անձնական նկատառումներով է զանգահարել: Խոսակցությունից չի երեւում, որ նա հարցազրույցի համար է զանգահարել, հետեւաբար մինչեւ ձայնագրիչը միացնելը պետք է ներկայացներ, որ լրագրող է եւ ցանկանում է հարցազրույց վերցնել, ձայնագրելու համաձայնություն վերցնել, նոր իրավունք ուներ ձայնագրառում կատարել»,- պատասխանեց Գ. Գեւորգյանը:

Գեւորգ Գեւորգյանն այնուհետեւ հրաժարվում էր պատասխանել Վահե Գրիգորյանի հարցերին, թե արդյոք պատասխանող կողմնընդունում է այն փաստը, որ լրագրողի եւ պատասխանողի միջեւ տեղի է ունեցել հեռախոսային խոսակցություն, որտեղ հայհոյանք է հնչել, կամ` արդյոք ՀՀ Սահմանադրությունն ու միջազգային պայմանագրերը հավասար ուժ ունեն, եւ վերջապես արդյոք սկավառակի պարունակած ձայնագրության բովանդակությունը ՀՀ ԱԺ պատգամավորի անձնական կյանքի բաղադրիչն է եւ այն պիտի պաշտպանվի օրենքով, արդյոք դրա պաշտպանության շահը գերակա է անձի' վիրավորանքից պաշտպանելու շահին. «Այսինքն` հայհոյանքները Ռուբեն Հայրապետյանի անձնական կյանքի բաղադրի՞չն են եւ պիտի ավելի հզոր ու ամուր պաշտպանվեն, քան անձի արժանապատվությո՞ւնը»:

Գեւորգ Գեւորգյանը նաեւ հրաժարվեց պատասխանել հարցին, թե կարո՞ղ է, արդյոք, Գեւորգ Գեւորգյանը մեկնաբանել հայհոյանքների այն հատվածը, որը պատգամավորը տվել է` իմանալով, որ խոսակցությունը ձայնագրվում է:

Վահե Գրիգորյանը նշեց, որ պատասխանող կողմը, բացի նրանից, որ հրաժարվում է հարցերին պատախանել, մասամբ նաեւ հրաժարվում է, որ նման փաստ տեղի է ունեցել, այն էլ այն պայմաններում, երբ Ռուբեն Հայրապետյանը չի հրաժարվել այդ փաստերից, ինչը ստիպում է հայհոյանքներ պարունակող կրիչը պատշաճ կերպով ուսումնասիրել դատարանում եւ հրապարակել նաեւ հայհոյանքները:

Վահե Գրիգորյանը հավելեց, որ պատասխանողի այսօրվա ներկայացրած դիրքորոշումն այլ ընտրություն չի թողնում, քան ներկայացնել ավելի մանրամասն բացատրություններ ու ապացույցներ, որոնք ուղղակիորեն ապացուցում են, որ ձայանգրության բովանդակությունը համապատասխանում է հեռախոսային խոսակցության բովանդակությանը, պատասխանողը իրոք վիրավորել է հայցվորին, եւ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է միջամտել եւ պաշտպանել իր քաղաքացու իրավունքը:

Վահե Գրիգորյանը դատարանին խնդրեց մեկ շաբաթով հետաձգել նիստը` հնարավորություն տալով լրացուցիչ ապացույցներ ու բացատրություններ ներկայացնել, քանի որ պատասխանողները տրամագծորեն հակառակ դիրքորոշում են հայտնում անձամբ Ռուբեն Հայրապետյանի կողմից ներկայացված դիրքորոշմանը եւ հրաժարվում են պատասխանել դատարանում տրված հարցերին:

Հաջորդ նիստին, որը նշանակվեց մայիսի 12-ին` ժամը 15:00, փաստաբանը կներկայացնի ՀՔԾ-ին Ռուբեն Հայրապետյանի տված պարզաբանումները:

Հ. Գ. Ռուբեն Հայրապետյանի շահերը այս նիստում արդեն երկու փաստաբան էր ներկայացնում` Գեւորգ Գեւորգյանը եւ Գայանե Խաչատրյանը: Նիստը նախագահող դատավոր Աիդա Դավթյանը նիստի մեկնարկին կողմերին հաշտության եզրեր գտնելու առաջարկ արեց, ինչին Ռուբեն Հայրապետյանի շահերի ներկայացուցիչները չարձագանքեցին` պատճառաբանելով, որ հայցվոր կողմը այդ առիթով որեւէ առաջարկ չի արել, իսկ լրագրողի շահերի պաշտպան Վահե Գրիգորյանն էլ նշեց, թե առաջարկը պետք է պատասխանող կողմն անի: