կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-28 00:40
Հասարակություն

Լռությունը հանցագործությունների համար ճանապարհ է հարթում

Լռությունը հանցագործությունների համար ճանապարհ է հարթում

1915-1923 թթ. Օսմանյան Թուրքիայում սպանվել է 1,5 միլիոն հայ, մոտ 0,5 միլիոնը ապաստան է գտել այլ երկրներում: Այսօր Թուրքիայի տարածքում հայ բնակչության թիվը կարող էր հասնել 20 միլիոնի:

Ապրիլի 20-ին Մոսկվայում Հայաստանի դեսպանության եւ «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության համատեղ ջանքերով անցկացվել է միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին, որին մասնակցել են հայ համայնքի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, մտավորականներ:

ՌԴ Պետդումայի փոխնախագահ, լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու կարծիքով` Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության առաջին ամենասարսափելի իրադարձություն էր, երբ Թուրքիայի պետական մարմինները ծրագրեցին ու իրականացրին հայ բնակչության ոչնչացում:

«Դրանք ջարդեր չէին, այլ սառը զենքով ոչնչացում. մարդկանց մորթում էին, գազանաբար սպանում բացառապես ազգային հատկանիշներով»,- նշել է քաղաքական գործիչը` հավելելով, որ Թուրքիան այսօր էլ, առանց բարձրաձայնելու, շարունակում է այդ քաղաքականությունը. երազում է զավթել Կովկասը, ապակայունացնել իրադրությունը նաեւ Ռուսաստանում: Ըստ Ժիրինովսկու` թուրքերը «պատրաստ են աջակցել ցանկացած ավազակի` իրենց նպատակին հասնելու համար»:

Նա կոչ է արել հայ ժողովրդին համագործակցել ռուս ժողովրդի հետ` Թուրքիայի «սողացող» ագրեսիան չեզոքացնելու համար. «Միայն երկու ժողովուրդ կարող են հույս դնել փոխադարձ աջակցության վրա` հայերը` Ռուսաստանի, ռուսները` Հայաստանի: Քանի դեռ ռուս զինվորները Հայաստանում են, ոչ ոք հարձակման ծրագրերի չի մշակի»:

Պետդումայի անդամ Սեմյոն Բաղդասարովի խոսքերով` չկա մի հայ ընտանիք, որի կողքով անցած լինի այդ ողբերգությունը, եւ այդ իրադարձություններից մոտ 100 տարի անց էլ Թուրքիան ամենուր հայտարարում է օսմանական ոգու վերածննդի մասին: Նշանակում է` Թուրքիան դարձյալ հավակնում է ազդեցություն ունենալ Կովկասում:

Պատգամավորը համարում է, որ «բաց սահմանների» մասին բանակցելը դեռ վաղ է, եթե Թուրքիան մինչ օրս չի ճանաչել Ցեղասպանությունը:

Ըստ ՌԴ Պետդումայի մեկ այլ պատգամավորի` Կիրա Լուկյանովայի`1915 թ. ապրիլի 24-ը մարդկության պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունի, քանի որ դրանով սկիզբ դրվեց 20-րդ դարի ամենասարսափելի հանցագործությունների շարանին: Նա համարում է, որ ջանք չպիտի խնայել Հայոց ցեղասպանության դատապարտման համար, եւ կարծում է, որ Հայ Առաքելական եկեղեցին 1,5 միլիոն անմեղ զոհերին պետք է սրբերի շարքը դասի:

Բոլոր ելույթ ունեցողները նշել են, որ Ցեղասպանությունը պետք է դատապարտվի ու ճանաչվի աշխարհի կողմից, լռությունը սարսափելի վարքագիծ է, այն նոր հանցագործությունների համար ճանապարհ է հարթում: Դրա վառ օրինակը անցյալ դարի 90-ականներին Բաքվում եւ Սումգայիթում տեղի ունեցած հայկական կոտորածներ են:

«Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը նշել է, որ միջազգային կոնյունկտուրան դեռեւս թույլ չի տալիս որոշ երկրների տուրք տալ արդարությանը եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն հայ ժողովուրդը չի հուսահատվում ու չի ընկրկում: