կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-26 05:26
Արցախ

Եկամուտների աճ` գունավոր մետաղների գների աճի հաշվին

Եկամուտների աճ` գունավոր մետաղների գների աճի հաշվին

ԼՂՀ ֆինանսների նախարարությունն օրերս հրապարակել է 2010 թվականի պետական բյուջեի կատարողականը, ըստ որի` տարվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 15122.7 մլն դրամի հարկային եկամուտներ` 2.9 տոկոսով գերակատարելով նախատեսված ցուցանիշը:

2009 թվականի համեմատ` հարկային եկամուտներն ավելացել են 1817.0 մլն դրամով: Հարկային եկամուտների 55.6 տոկոսն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին։ Նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ` պետական բյուջեի մուտքերն ավելացել են 17.0 տոկոսով:

Աճը հիմնականում պայմանավորված է հանքարդյունահանման արտադրանքի` գունավոր մետաղների միջազգային գների աճով:

Հանքարդյունահանման ոլորտում եւ, ընդհանրապես, հանրապետությունում ամենախոշոր հարկատուն է «Բեյզ Մեթլս» ընկերությունը, որի եկամուտներն անցյալ տարի կազմել են 18.7 մլրդ դրամ։ Հարկերի տեսքով պետբյուջե է վճարվել 4.8 մլրդ դրամ. այս մասին մեզ տեղեկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանը։

«Մեր պարագայում կարելի է արդեն իսկ փաստել, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը հաղթահարված է, եւ 2010 թ. ցուցանիշները ռեկորդային են՝ աշխատանքային մնացած տարիների ցուցանիշների համեմատությամբ. մոտ 360 հազար տոննա հանքաքար ենք վերամշակել, որի արդյունքում շուրջ 29 հազար տոննա ապրանքային խտանյութ ենք ստացել»,- հավելել է ընկերության տնօրենը։