կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-21 22:46
Առանց Կատեգորիա

Ի՞նչ են թաքցնում բանակցային տարօրինակությունները

Ի՞նչ են թաքցնում բանակցային տարօրինակությունները

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է, թե ԼՂ-ին անկախություն տրամադրելու հարցը «չի հանդիսանում և չի հանդիսանալու բանակցությունների առարկա»: Հայկական կողմն իր հերթին բազմիցս պնդել է, որ բանակցությունների իմաստը հենց ԼՂ-ի կարգավիճակի որոշման մեխանիզմներ գտնելն է:

Ո'չ Երևանի և ո'չ էլ Բաքվի դիրքորոշումներն այս հարցի շուրջ, ըստ էության, չեն փոխվել: Բայց ահա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք ապրիլի 11-14-ը գտնվում էին տարածաշրջանում, Բաքվում հայտարարեցին. «Ժամանակն է ավարտին հասցնել և հաստատել հիմնարար սկզբունքները և առաջ շարժվել խաղաղության համաձայնագրի նախագիծ մշակելու ուղղությամբ»:

Թե Ալիևի վերոհիշյալ հայտարարության ֆոնին հատկապես ի՞նչն են հիմք ընդունել համանախագահները` անելու սույն պնդումը, պարզ չէ: Ակնհայտ է սակայն, որ նման մոտեցում կարող էր հնչել միայն այն ժամանակ, երբ բանակցող կողմերը բոլոր սկզբունքների շուրջ գոնե նախնական համաձայնության եկած լինեին:

Վերջին շրջանում բանակցային գործընթացում ինչ-որ անհասկանալի բաներ են կատարվում: Նախ` Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները, կարծես, ձայն ձայնի տված, հայտարարում են, թե Սոչիում դրական տեղաշարժ է արձանագրվել, սակայն ոչ հանդիպման կազմակերպիչ Մոսկվան և ոչ էլ Մինսկի խմբի համանախագահները որևէ կերպ չեն արձագանքում այս դրական ուղերձին: Ավելի քան մեկ ամիս անց, հանկարծ նրանք հայտարարում են, թե տարածաշրջան կատարելիք այցը հենց Սոչիում արձանագրված հաջողությունը զարգացնելու նպատակ է հետապնդում:

Բայց այն ընթացքում, երբ համանախագահները Ստեփանակերտում հանդիպում էին ԼՂՀ դե ֆակտո իշխանությունների հետ, մինչ այդ առաջընթացի մասին վանկարկող Ադրբեջանից հանկարծ հարկ են համարում հիշեցնել, որ ոչ միայն ԼՂ-ն անկախություն չի ստանալու, այլև այդ հարցն առհասարակ բանակցությունների թեմա չէ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե միաժամանակ երկու` հրապարակային և կուլիսային գործընթացներ են տեղի ունենում: Հրապարակային մակարդակում բանակցողներն անզիջում ու սկզբունքային կողմերի տպավորություն են ստեղծում` հնարավոր զիջման տարբերակը դիտարկելով բացառապես հակառակորդի դաշտում, իսկ կուլիսներում ինչ-որ քայլեր են կատարվում, որոնց շուրջ ակնարկներն առայժմ կողմերի համար շահարկման թեմա են դառնում:

Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ համանախագահների այցի ընթացքում պարզ դարձավ, որ նրանք ավելի ուշ մեկնելու են Վաշինգտոն` կողմերի հետ հանդիպումների արդյունքները ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին ներկայացնելու համար: Իհարկե, չի կարելի բացառել, որ սրանով պետքարտուղարը պարզապես ուզում է գործընթացից ավելի մանրամասն տեղեկացվել: Սակայն խնդիրն այն է, որ թե' ԱՄՆ-ը և թե' Ֆրանսիան վերջին շրջանում մի քանի անգամ էին հայտարարել, թե բանակցությունները շարունակելու տեսանկյունից խրախուսում են Ռուսաստանի ջանքերը:

Արդյո՞ք պետքարտուղարի հանկարծակի ակտիվացումը չի նշանակում, որ գործընթացները մտել են այնպիսի մի շրջափուլ, որ ԱՄՆ-ն արդեն հարկ է համարում ավելի ակտիվորեն ներգրավվել բանակցություններում: Հիշեցնենք, որ 2010թ. սեպտեմբերին Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Անդրեյ Կելինն առաջին անգամ հրապարակեց, թե բանակցությունների սեղանին 17 կետից բաղկացած սկզբունքներ ներառող մի փաստաթուղթ կա, որոնց մեծ մասի շուրջ կողմերը համաձայնության են եկել, և «շատ քիչ» սկզբունքներ են մնում, որոնք դեռ համաձայնեցման փուլում են:

Գուցե կուլիսային մակարդակով գործընթացում հենց այս չհամաձայնեցված կետերի շո՞ւրջ է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ակնարկած առաջընթացը: Օրերս ՀՀ նախագահը Սլովենիա կատարած պաշտոնական այցի ժամանակ հայտարարեց, որ եթե անգամ կողմերը հաստատեն հիմնարար սկզբունքները, այն լինելու է ընդամենը հակամարտության կարգավորման սկիզբը, որին հաջորդելու է խաղաղության համապարփակ պայմանագրի մշակման գործընթացը:

Հարց է առաջանում` արդյո՞ք Սերժ Սարգսյանը կաներ նման զգուշավոր հայտարարություն, եթե իսկապես սկզբունքների վերջնական ու ամբողջական համաձայնեցման պահը մոտ չլիներ…

Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ