կարևոր
322 դիտում, 4 ժամ առաջ - 2025-09-03 16:30
Քաղաքական

Որպես ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ, չենք կարող «Հայոց ցեղասպանություն»-ը չշեշտել․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականին

Որպես ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ, չենք կարող «Հայոց ցեղասպանություն»-ը չշեշտել․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականին

Աժ «Հայաստան» խմբակցությունը շրջանառութան մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է քրեականացնել Հայոց ցեղասպանության հերքելը, մեղմացնելը կամ արդարացնելը։

Հիմնավորման մեջ նշվում է․ «Թեև գործող ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը սահմանում է ցեղասպանության հերքման պատասխանատվության դրույթ, սակայն այն չունի հատուկ մոտեցում Հայոց Ցեղասպանությանը, ինչը կարծում ենք այս դեպքում արդարացված չէ, քանի որ նախ բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ արդեն իսկ ճանաչել և դատապարտել են հայ ժողովրդի հանդեպ իրականացված այս ոճրագործությունը: Բացի այդ, ուսումնասիրելով միջազգային փորձը, հարկ է արձանագրել, որ ցեղասպանությունը հերքելը, մերժելը կամ ուրանալը քրեորեն պատժելի արարք է համարվում աշխարհի շատ երկրներում»:

Ըստ նախագծի՝ Հայոց ցեղասպանությունը հերքելու պարագայում առաջարկվում է սահմանել պատիժ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում նախագծի վերաբերյալ քննարկում էր, նախագիծը ներկայացնում էր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նշենք, որ ընդդիմության ներկայացրած նախագծին ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել։
«Պարզ է, որ կառավարությունը տվել է բացասական եզրակացություն, իսկ ինչպես պարզվեց՝ կառավարությունը Նիկոլ Փաշինյանն է, դուք հիմա պիտի մերժեք»,-դիմելով հանձնաժողովի իշխանական պատգամավորներին ասաց Արծվիկ Մինասյանը։