կարևոր
985 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-03 18:14
Հասարակություն

Արցախի ԱԳՆ շենքի քանդումը՝ որպես մշակութային ժառանգության ու ինքնության ոչնչացում

Արցախի ԱԳՆ շենքի քանդումը՝ որպես մշակութային ժառանգության ու ինքնության ոչնչացում

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքն  անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության շենքի քանդման գործընթացին.

«2025 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության անկախության օրը, ադրբեջանական կողմը սկսել է Ստեփանակերտ քաղաքի կենտրոնում գտնվող Արցախի Արտաքին գործերի նախարարության շենքի քանդման գործընթացը։ Սա ոչ միայն քաղաքական ու խորհրդանշական բնույթ ունի, այլև ուղղված է Արցախի պատմական հիշողության և մշակութային ժառանգության ոչնչացմանը։ Շենքի քանդումը ուղեկցվել է լուսանկարների և տեսանյութերի տարածմամբ, ինչը վկայում է գործողության նպատակաուղղված ու ծրագրավորված լինելը։

Քաղաքի կենտրոնում տեղակայված ԱԳՆ շենքը Արցախի պետական ինստիտուցիոնալ հիշողության կարևոր բաղադրիչներից էր և քաղաքական ինքնուրույնության խորհրդանիշը։ Նկատենք նաև, որ շենքը անցած դարի 50-ական թվականների ստեղծված ճարտարապետական լուրջ կառույց էր և ներառված էր Արցախի հանրապետության հուշարձանների ցանկում: Այս քայլով Ադրբեջանը խախտում է միջազգային հումանիտար իրավունքի հիմնարար դրույթները և միաժամանակ մի շարք միջազգային կոնվենցիաներ։

Նախ և առաջ այն հակասում է 1954 թվականի Հաագայի կոնվենցիային «Զինված ընդհարումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» և դրա 1999 թվականի երկրորդ արձանագրությանը, որոնք արգելում են մշակութային արժեքների դիտավորյալ ոչնչացումը կամ վնասումը։ Բացի այդ, շենքի քանդումը հակասում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1972 թվականի «Աշխարհի մշակութային և բնական ժառանգության պաշտպանության կոնվենցիային», որը պետություններին պարտավորեցնում է պահպանել իրենց տարածքում գտնվող պատմական արժեքները, անկախ քաղաքական հանգամանքներից։

Այն միաժամանակ խախտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոնվենցիան», քանի որ պետական ինստիտուտների շենքերը կրում են նաև խորհրդանշական և ինքնության արժեք, ինչպես նաև ՄԱԿ-ի 2007 թվականի «Բնիկ ժողովուրդների իրավունքների հռչակագիրը», որը պարտադրում է պետություններին հարգել և պաշտպանել բնիկ ժողովուրդների պատմական հիշողությունը և մշակութային ժառանգությունը։ Այսպիսով, Արցախի ԱԳՆ շենքի քանդումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես քաղաքական ճնշման մեխանիզմ, այլև որպես մշակութային ցեղասպանության դրսևորում, որի նպատակն է վերացնել հայկական ներկայության և ինքնության բոլոր նշանները Արցախում»։