կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-20 22:42
Մշակույթ

ԱԶԳ. Ֆրանսիայի Սենատի սահմանադրական հանձնաժողովը դեմ է օրինագծին

ԱԶԳ. Ֆրանսիայի Սենատի սահմանադրական հանձնաժողովը դեմ է օրինագծին

«Ազգը» դեռեւս ապրիլի 1-ին, վկայակոչելով թուրքական NTV-ին, տեղեկացրել էր, որ ֆրանսահայության լոբբիստական գործունեության շնորհիվ Հայոց ցեղասպանության ուրացման համար մինչեւ 45 հազար եվրո տուգանք եւ 5 տարի ազատազրկում սահմանող 2 օրինագիծ է ներկայացրել Ֆրանսիայի Սենատ, որոնք կքննարկվեն մայիսի 4-ի լիագումար նիստում:

Քննարկումը ենթադրում էր այդ օրինագծերի քվեարկությունը:

«Հյուրիեթի» ապրիլի 18-ի հրապարակումից պարզվում է ֆրանսիական Սենատի մայիսի 4-ի նիստում քվեարկության է դրվելու Ցեղասպանության ուրացման համար պատիժ սահմանող օրինագիծը ոչ թե ընդունելու, այլ մերժելու հարցը, քանի որ դա արդեն մերժվել է Սենատի սահմանադրական հանձնաժողովում:

Ըստ թուրքական թերթի` օրինագծի մերժումը սահմանադրական հանձնաժողովին ներկայացրած զեկուցագրում պահանջել էր սենատոր Ժան Ժակ Հիսթը: Զեկուցագրում նա, մոռանալով Շվեյցարիայի մասին, նշել է, որ ոչ մի երկիր, ներառյալ` Հայաստանը, Հայոց ցեղասպանության ուրացումը պատժող որեւէ օրինագիծ չի ընդունել:

Նրա զեկուցագիրը միաձայն ընդունվել է, որի հիման վրա սահմանադրական հանձնաժողովը հետեւյալ եզրակացությունն է արել. «Պատմագրությունը օրենսդիր մարմինների խնդիրը չէ, օրինագիծը հակասում է Ֆրանսիայի սահմանադրությանն ու խոսքի ազատության ֆրանսիական սկզբունքներին»:

Մինչդեռ 2006-ի հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովն ընդունել էր Հայոց ցեղասպանության ուրացման համար պատիժ սահմանող օրինագիծը: Ելնելով Սենատի սահմանադրական հանձնաժողովի եզրակացությունից, պետք է ենթադրել, որ ֆրանսիական խորհրդարանը, ընդունելով այդ օրինագիծը, խոսքի ազատության սկզբունքների հետ խախտել է նաեւ Ֆրանսիայի սահմանադրությունը: Հետեւաբար խելամիտ կլիներ, եթե սահմանադրական հանձնաժողովը օրինագծի առնչությամբ անփառունակ եզրակացության հանգելու փոխարեն պահանջեր Ֆրանսիայի Ազգային ժողովի լուծարումը:

Տրամաբանականը հենց սա է, սակայն քաղաքականությունը տրամաբանության չի ենթարկվում հատկապես հայերի եւ արեւմտյան մեծ տերությունների պարագայում: Ի վերջո, Հայկական հարցի պատմությունը հայ ժողովրդի նկատմամբ մեծ տերությունների չարանենգ քաղաքականության պատմությունն է նաեւ:

Համենայն դեպս, Հայոց ցեղասպանության ուրացման համար պատիժ սահմանող զույգ օրինագծերն ընդդիմադիր Սոցիալիստական եւ Կոմունիստական կուսակցությունների նախաձեռնությամբ կքննարկվեն Ֆրանսիայի Սենատի մայիսի 4-ի նիստում, սակայն քվեարկության կդրվի սահմանադրական հանձնաժողովի` դրանց մերժման մասին որոշումը:

Եթե օրինագծերը քվեարկության բացասական արդյունքի հետեւանքով օրակարգում չդրվեն, ապա Սենատը դրանք կվերադարձնի Ազգային ժողովին: Այդ դեպքում արդեն օրինագծերի հաջորդ քննարկումը հնարավոր կլինի կազմակերպել միայն 2011-ին նախատեսվող Սենատի եւ 2012-ի նախագահական ու Ազգային ժողովի ընտրություններից հետո:

Մնում է հուսալ, որ առաջիկա ընտրություններում հիմնովին կնորոգվի Ֆրանսիայի Սենատի կազմը, իսկ նախագահ Սարկոզին պարտություն կկրի, որովհետեւ վերջինս արտգործնախարարության միջոցով հայտարարել է իր եւ կառավարության բացասական վերաբերմունքը Հայոց ցեղասպանության ուրացման համար պատիժ սահմանող օրինագծին: