կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-19 22:03
Առանց Կատեգորիա

ԿԱՊԻՏԱԼ. Չքավորությունը կարող է հատել վտանգավոր սահմանագիծը

ԿԱՊԻՏԱԼ. Չքավորությունը կարող է հատել վտանգավոր սահմանագիծը

Չքավորության մակարդակը Հայաստանում և Վրաստանում կարող է բարձրանալ 9%-ային, Ղրղզստանում` 11%-ային, Տաջիկստանում` 8%-ային, Մոլդովայում` 5%-ային կետով: Բացի այդ՝ պարենի և էներգակիրների գների բարձրացման արդյունքում այդ երկրներում, ինչպես նաև Ալբանիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Կոսովոյում, Չեռնոգորիայում կարող է վատթարանալ արտաքին առևտրի և վճարային հաշվեկշիռը, ինչը կհանգեցնի արտաքին ֆինանսավորման նկատմամբ նրանց պահանջարկի աճին:

Այդ մասին ասվել է Վաշինգտոնում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների մամուլի ասուլիսին` Համաշխարհային բանկի (ՀԲ) և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) այս տարվա գարնանային նստաշրջանին: «Պարենի և էներգակիրների գների բարձրացման արդյունքում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի զարգացող երկրներում ևս 5,3 մլն մարդ կարող է հայտնվել աղքատության նշագծից այն կողմ»,- հայտարարել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ՀԲ ռազմավարության և գործառնությունների գծով տնօրեն Թեոդոր Ալերսը:

Միևնույն ժամանակ, ընդգծվել է, որ պարենի և էներգակիրների գների բարձրացումը խոցելիության աղբյուր է «զուտ» ներմուծողների համար (Հայաստան, Վրաստան, Ղրղըզստան, Մոլդովա և Տաջիկստան), քանի որ բարձրանում են աղքատության մակարդակի աճի ռիսկերը, հատկապես ԱՊՀ երկրներում, որտեղ եկամուտի մակարդակն ավելի ցածր է:

Բացի դրանից՝ տարածաշրջանի բոլոր երկրներում այն կստեղծի մակրոտնտեսական մակարդակի կառավարման լրացուցիչ խնդիրներ: Պարենի և էներգակիրների համաշխարհային գների աճը նշանակում է լրացուցիչ հնարավորություններ հումք արտահանող երկրների համար:

Խոշոր նավթ արտահանողները, ինչպիսիք են Ադրբեջանը, Ղազախստանն ու Ռուսաստանը, որոնց բաժին է ընկնում աշխարհում արդյունահանվող ողջ նավթի ծավալի 15%-ը, շահում են գների բարձրացումից, ինչը նպաստում է տնտեսական աճին, վճարման գործառնությունների ընթացիկ հաշվի վիճակի բարելավմանը և բյուջետային հաշվեկշռի կայունությանը: Այն երկրներում, որտեղ կանխատեսվում է աղքատության մակարդակի առավել աճ, բնակչության ամենաչքավոր 20%-ի համար սննդամթերքի և էներգակիրների գների կտրուկ բարձրացման արդյունքում կորուստների լիակատար փոխհատուցման համար կարող են պահանջվել մինչև ՀՆԱ-ի 1%-ի ծավալի միջոցներ: