կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-05 20:05
Առանց Կատեգորիա

Ադրբեջանը շիկացնում է սահմանագիծը. հայկական բանակի նոր շանսը

Ադրբեջանը շիկացնում է սահմանագիծը. հայկական բանակի նոր շանսը

Այսօր Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի ուղղությամբ պլանային դիտարկում են անցկացրել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականները: Ըստ նրանց՝ հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Արցախի պաշտպանության բանակը, սակայն, այսօր առավոտյան տեղեկացրել էր, որ անցած գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակվելով շուրջ 4000 կրակոց: Ընդ որում,  հրաձգությունն ինտենսիվ է եղել  հատկապես շփման գծի հյուսիսային ուղղությամբ, որտեղ միայն ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացրից արձակվել է ավելի քան 500 կրակոց: Հակառակորդին լռեցնելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների:

Ուշագրավ է, որ ադրբեջանական զինուժի կողմից խոշոր տրամաչափի գննդացիների գործադրմամբ հրարդադարի ռեժիմը խախտվել է շփման գծի փաստացի հենց այն հատվածում, որտեղ Կասպրշիկի թիմը պետք է ավելի ուշ դիտարկում անցկացներ: Ակնհայտ է, որ հրաձգության ուղղությունը պատահական չի ընտրվել. դրանով ադրբեջանական կողմը փորձում է որոշակի ուղերձ հղել թե\' հայկական կողմին և թե\' միջնորդներին:

Մեկ գիշերվա ընթացքում նման խտությամբ կրակոցներ չէին արձանագրվել Սանկտ Պետերբուրգում հունիսին կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից ի վեր: Չի բացառվում, որ Ադրբեջանը նորից սկսում է շփման գծում իրավիճակի լարվածությունը, մասշտաբներն ու ընդգրկումը մեծացնելու մարտավարությանը:

Ադրբեջանում ավարտվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որով այդ երկիրն ավելի թաղվեց ալիևյան սուլթանական բռնապետության ճիրաններում: Փորձը ցույց է տալիս, որ սովորաբար համապետական նման գործընթացների շրջանում Ադրբեջանն ընդգծված զսպվածություն է ցուցաբերում՝ դրանից հետո նախկինից ավելի ագրեսիվ վարքագիծ դրսևորելով: Դեռ հանրաքվեի քարոզարշավից առաջ էր հասկանալի, որ շփման գծում հարաբերական անդորրը պահպանվում է հիմնականում հենց այդ պատճառով և ժամանակավոր բնույթ ունի: Բայց սա ամենագլխավոր պատճառը չէ:

Դրանով Բաքուն փորձում է հրատապ դարձնել նախագահների մակարդակով նոր հանդիպման անցկացումը, որն այս պահին կարծես թե վիժեցնում է պաշտոնական Երևանը: Նախորդ շաբաթ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ասել էր, թե հոկտեմբերի կեսերին համանախագահները կժամանեն տարածաշրջան, որի ընթացքում էլ կհստակեցվեն նախագահների նոր հանդիպման ժամկետներն ու վայրը: Դրանից հետո ՀՀ ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հայտարարեց, թե հիմա հանդիպման կարիք չկա, որովհետև չկա դրա օրակարգը, քանի դեռ չեն կատարվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները:

Հոկտեմբերի 4-ին РИА Новости-ի հետ զրույցում ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նշել է, թե հույս ունեն, որ նախագահները կհամաձայնեն հաջորդ հանդիպման անցկացմանը: «Ներկայումս հանդիպման վայրն ու ժամկետը հայտնի չեն»,- ասել է նա: Ուշագրավ է, որ Ուորլիքը չի խոսել տարածաշրջան իրենց այցի մասին, այսինքն անգամ դա վերջնականապես որոշված չէ: Նրա խոսքերից ակնհայտ է դառնում, որ նախագահների հանդիպման անգամ նախադրյալները չկան:

Ահա այս պայմաններում Բաքուն գնում է լարվածության նոր մեծացմանը՝ փորձելով արագացնել նախագահների հանդիպման անցկացումը: Խնդիրն այն է, որ դա Բաքվի համար ԼՂ կարգավորման հարցը ներկայիս սառեցված վիճակից հանելու և շփման գծում հրադադարի պահպանման մեխանիզմների ամրապնդման իր հանձնառությունն ու պարտավորությունները չեզոքացնելու միակ տրամաբանական միջոցն է: Բաքուն ձգտում է այդ կերպ Հայաստանին զրկել ունեցած դիրքային որոշակի առավելությունից և միջնորդներին դրդել` նորից ճնշումներ գործադրել Երևանի նկատմամբ` վերջինիս զիջումների մղելու նպատակով:

Եթե իսկապես Բաքուն ընտրել է պատերազմի սպառնալիքը նորից դիվանագիտական գործիք դարձնելու մարտավարությունը, այսինքն կրկին գնում է հրադադարի ռեժիմը պահպանելու իր պարտավորությունների խախտմանը, լիարժեք իրավունք է տալիս հայկական կողմին ոչ միայն դնելու առհասարակ բանակցություններից դուրս գալու և մադրիդյան գործընթացը կասեցնելու հարցը, այլև դիմելու առնվազն ղարաբաղա-ադրբեջանական նախկին բնագծերը վերականգնելու նոր «ստատուս քվո» հաստատելու ռազմական և քաղաքական գործողությունների: Որովհետև չի բացառվում, որ Երևանի կողմից նորից հետապնդողի դերում հանդես գալու պարագայում Բաքուն իրավիճակը կարող է աստիճանաբար թեժացնել նոր «ապրիլյան պատերազմի» աստիճանի՝ հայկական կողմին նոր բնագծեր և իր համար ավելի նախընտրելի նոր «ստատուս քվո» պարտադրելու ակնկալիքով: Այս անգամ Բաքվի «ատամները պետք է ջարդել»՝ դեռ բերանը չբացած:

Գևորգ Դարբինյան