կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-28 13:31
Առանց Կատեգորիա

Դաշնակցությունն ասում է` եթե ստեղծել ենք արդյունք, ապա պետք է բաշխենք արդար, պետք է վերացնենք չքավորությունը

Դաշնակցությունն ասում է` եթե ստեղծել ենք արդյունք, ապա պետք է բաշխենք արդար, պետք է վերացնենք չքավորությունը

Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ և ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի փորձագիտական խմբի անդամ Արմեն Գրիգորյանը:

 

-Ինչո՞ւ եք որոշել ԱԺ ընտրություններում առաջադրվել պատգամավորության թեկնածու եւ առաջադրվել հենց Արարատի մարզում՝ թիվ 5 ընտրատարածքում:

- Ազգային ժողովը մեր երկրի համար քաղաքական օրակարգեր մշակելու, որոշումներ կայացնելու, ծրագրեր իրականացնելու բարձրագույն մարմին է, որտեղ պետք է եփվեն բոլոր կարծիքները, գտնվեն ամենաօպտիմալ լուծումներն ու զարգացման ուղությունները: ԱԺ-ի կարևորության և դերակատարման բարձրացման հիմնական գրավականն ազատ, արդար և թափանցիկ ընտրություններն են՝ իրենց ամբողջական բովանդակության մեջ: Ես ներկայացնում եմ մի կուսակցություն, որն ունի հսկա փորձառություն և այդ փորձառության փոխանցման կանոնագրային մեխանիզմներ ու ավանդույթներ: Տարիների ընթացքում կուտակել եմ քաղաքական և տնտեսագիտական գիտելիքների կապիտալ, ինչը կարող է  օգտակար լինել երկրի զարգացման ռազմավարությունների մշակման  ժամանակ:

Իմ առաջադրվելը հենց թիվ 5 ընտրատարածքում՝ Արարատի մարզում, պայմանավորված է շատ պարզ հանգամանքով: Նախ` Արարատը իմ հայրենի մարզն է, ես ծնունդով Արարատից եմ, ծնողներս՝ նույնպես, շատ լավ ծանոթ եմ Արարատի մարզի ներուժին, մարդկանց մոտեցումներին և  լուծման սպասող խնդիրներին: Պետք է գործի դրվեն բոլոր հնարավոր և անհնար միջոցները, որպեսզի ապահովենք առաջանցիկ զարգացում բոլոր ոլորտներում:

-Ի՞նչ խնդիրներ եք տեսնում, որ Դաշնակցությունը պետք է հետապնդի  գալիք խորհրդարանում, եւ անձամբ Դուք ի՞նչ խնդիրներ եք բարձրացնելու, եթե ընտրվեք:

- Կոնցեպտուալ առումով հիմնական խնդիրը մեկն է` ստեղծել հզոր և պաշտպանված երկիր,  ներողամիտ  հասարակություն, հանդուրժողականության միջավայր, սոցիալապես արդար և տնտեսապես հարուստ երկիր, ձևավորել մեր երկիրը շատ սիրող, ազգային գաղափարներով սնված հասարակություն: Այս ամենին հասնելու համար անհրաժեշտ է ապահովել համապատասխան օրենսդրական գործիքակազմ: Անհրաժեշտ է ստեղծել օրենքներ, որոնք կապահովեն հասարակության բոլոր շերտերի իրավունքների և պարտականությունների հստակ կարգավորումներ: Ամեն մի որոշման հիմքում պետք է լինի մարդը, և ամեն ինչ պետք է ձևավորվի նրա շուրջ: Եթե մարդը ներկայացնում է գյուղը, ապա կենտրոնում պետք է տեսնել գյուղացուն և ձևակերպել նրա խնդիրներն ու լուծումները, եթե ուսուցիչ կամ բժիշկ է, ապա գործում ենք նույն կերպ և նույն սկզբունքով: Ամենակարևորը մարդն է, մարդկային ներուժն ու նրա խնդիրների ախտաճանաչումն ու լուծումները: Ընտրվելու դեպքում լինելու եմ շատ ակտիվ, նշածս ուղու վրա՝ ստեղծելով ուղիղ և անմիջական կապ ընտրողների հետ:

-Արդյո՞ք անհրաժեշտություն է, որ ՀՅԴ-ն ներկայացված լինի գալիք խորհրդարանում, որո՞նք են այս հարցում ձեր փաստարկները:

- Խորհրդարանում Դաշնակցության ներկայացվածությունը կենսականորեն կարևոր է բոլորի համար, և դա հասկանում են շատերը: Դաշնակցությունը, լինելով բացառապես հայակենտրոն և հայաստանակենտրոն կուսակցություն, իր կազմակերպական ամբողջ ցանցով գործել և գործում է հանուն Հայաստանի և Արցախի` զուգահեռաբար խոշորացույցի տակ պահելով հայապահպանության, կրթամշակութային, անվտանգության ու բազմաթիվ այլ հարցեր մի քանի տասնյակ երկրներում, որտեղ հայ կա:

Ներքաղաքական ցանկացած գործընթացի ՀՅԴ-ի մասնակցությունն անպայման կտա իր դրական շոշափելի արդյունքները, հակառակ դեպքում` երկիրը կորուստներ կունենա: Դրանով եմ պայմանավորում, որ ՀՅԴ-ն անպայման կլինի Ազգային ժողովում, քանի որ մեր հասարակության մեջ կան շատերը, որոնք հստակ գիտակցում են այդ անհրաժեշտությունը: Մենք այն կուսակցությունն ենք, որ մի շարք խնդիրներ, հատկապես` երկրի անվտանգությանը, Արցախին, արտաքին քաղաքականությանը վերաբերող, կշռում է դեղատան կշեռքի ճշգրտությամբ՝ հիմնավորված հաշվարկներով: Այստեղ շեղումներ չենք հանդուրժի:

-Հայաստանում շատ սուր է քաղաքական պայքարը, սակայն այն չունի  որևէ գաղափարական կամ ծրագրային երանգ։ Արդյո՞ք դա չի նշանակում, որ ծրագրերի ժամանակն անցել է, և մարդիկ այսուհետ ընտրելու են բացառապես PR կամ արտաքին էֆեկտների հաշվին։

- Շատ լավ նշեցիք` գաղափարական կամ ծրագրային երանգ չունեցող պայքար:  Իսկապես խնդրահարույց է, դա նույնիսկ քաղաքական պայքար չէ: Դատելով խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացրած ուժերի վարքագծից՝ ենթադրում եմ, որ կրկին կլինի սևերի և սպիտակների տարանջատում: Արդեն երևում են ուրվագծերը, և այդ ուղերձը մի քանի տեղից է գալիս: Դրա համար մեր քաղաքացիներին հստակ ասում եմ` սիրելի՛ հայրենակիցներ, տարանջատումները չեն նպաստելու  ձեր կարիքների բավարարմանը, չե՛ք ունենալու այն սոցիալական խնդիրների լուծումները, որոնց ամեն օր ձեր ընտանիքներում բախվում եք, դու՛ք ո´չ սև եք, ո´չ էլ սպիտակ, ինչպեսև ձեր Դաշնակցությունը: Մենք հողի իմաստնություն ու հայի գույն ունենք և ամբողջ ազգով պետք է հավատարիմ լինենք մեր տեսակին՝ հավատարիմ հողին և հային: Մեր պարագայում բացառում եմ որևէ արտաքին էֆեկտ կամ ինչ-որ կարճ ժամանակի համար երեւութական լուծումներ: Փոխարենը փորձելու ենք մեր ծրագրային ասելիքներում լինել պարզ, ընկալելի և 12-օրյա քարոզարշավի տրամաբանության մեջ՝ արդյունավետ:

-Դաշնակցությունն այն եզակի քաղաքական կուսակցություններից է, որ ներկայանում է որպես ձախակողմյան՝ սոցիալիստական ուղղվածության կազմակերպություն։ Մյուսներն իրենց  հայտարարում  են  ազատական։  Ձեր  կարծիքով`  արդյո՞ք  մեր ընտրողը տեսնում է այդ տարբերությունը կամ կարևորում այդ հանգամանքը։

- Դաշնակցությունը ազգային սոցիալիստական կուսակցություն է և կարևորում է քաղաքական այս ուղղվածությունը մի քանի պատճառներով. Նախ` հստակ ընդգծում ենք պետական ինստիտուտների գործունեության մոդելն ու դերակատարությունը սոցիալական կյանքում` պոզիտիվ պարտավորությունների կատարման պարզ մեխանիզմներով, երկրորդ` հստակ ընդգծում ենք ազատության և արդարության հաստատմանն ուղղված ուղղակի քաղաքականության անհրաժեշտությունը: Մենք ասում ենք` եթե ստեղծել ենք արդյունք, ապա պետք է բաշխենք արդար, եթե ունենք հարուստ և չքավոր, ապա պետք է գործենք չքավորության վերացման ուղղությամբ, որպեսզի չունենանք սոցիալական բևեռացում, եթե ունենք բնական պաշարներ և բնական մենաշնորհներ, ինչպիսիք են գազն ու հոսանքը, ապա պետք է դրանց արդյունքներից օգտվեն բոլորը: Իրենց ազատական հայտարարող ուժերից մի մասի ասելիքը վերլուծելուց հանգում եմ այն եզրակացությանը, որ ազատական հայտարարելն ունի երկու պատճառ` կա´մ համոզումներով ազատական են և կողմ են, որ պետությունը չմիջամտի շուկայական  գործընթացներին, ամբողջապես պետք է թողնել շուկայի կարգավորմանը, կա´մ ազատական կոչվելը հարմարավետ է, և այլ լրացուցիչ խնդիրների մեջ մտնելու կարիք չկա: Մի մասը նույնիսկ չգիտի, թե ինչպես կարելի է ազատական չլինել, ինչպես պետք է պետական համակարգերի գործունեությունը հունավորել և ինչ արդյունքներ ակնկալել:

Կարծում եմ` մեր քաղաքացիները պարտավոր չեն ունենալ քաղաքագիտական  գիտելիքներ և տերմինաբանությամբ ձախակողմյաններին տարբերել աջակողմյաններից: Բայց մեր քաղաքացիները պարտավոր են քննարկել բոլոր քաղաքական ուժերի ծրագրային ասելիքները և լսել նրանց ներկայացուցիչներին: Լուծումն այստեղ է: Իրականում շատ դրույթներ բավականին պարզ են, եթե պահանջ ունես պետական ինստիտուտներից, ապա լսի´ր, թե ո՞վ է դրա մասին խոսում, ի՞նչ է առաջարկում: Նախընտրական ծրագրերը հենց դրա համար են, որ հնչեն այն թեզերը, որոնք պետք է դառնան քննարկման թեմաներ: Հույս ունեմ, որ այս անգամ Դաշնակցության ծրագրային դրույթները ավելի լայն շրջանակների սեփականությունը կդառնան:

- Որո՞նք է Դաշնակցության սոցիալ-տնտեսական պատկերացումները:

- Դաշնակցության սոցիալ-տնտեսական պատկերացումներն, ինչպես արդեն նշեցի, ձևավորված  են մարդու շուրջ և կենտրոնում մարդն է: Նախ պետք է ասեմ, որ ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Սոցիալական պետությունն է, որ պետք է ապահովի իր քաղաքացիների տնտեսական և սոցիալական բարեկեցությունը: Դաշնակցությունն ունի մանրամասն արված մշակումներ, որոնք հրապարակեցինք այս տարվա օգոստոսին: Հարկ եմ համարում նշել, որ ՀՅԴ-ի համար սոցիալական պետության հիմնական առաքելությունը Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար աղքատությունը բացառող կյանքի ապահովումն է՝ սեփական երկրում արարելու, ստեղծագործելու և արժանապատիվ կյանքով ապրելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը: Ընդ որում` աղքատություն ասելով, նկատի ունենք «բազմաչափ աղքատությունը», երբ մարդը զուրկ է ոչ միայն  ֆիզիկական գոյությունն ապահովող եկամտից, այլև պատշաճ կրթություն և առողջապահական ծառայություններ ստանալու հնարավորությունից: Կարգավորվող շուկայական տնտեսությամբ սոցիալական ու ժողովրդավարական երկիր ունենալու` ՀՅԴ տեսլականը հիմնված է երեք հիմնական սկզբունքներով ձևավորվող, սոցիալ-տնտեսական ներառական զարգացման հայեցակարգի վրա` առաջանցիկ տնտեսական աճ, սոցիալական ներառականություն, արդարություն և կայուն զարգացում: ՀՅԴ մոտեցմամբ այս երեք սկզբունքները հավասարապես պետք է ձևավորեն սոցիալական պետության զարգացման մոդելը՝ հիմք ընդունելով նաև սոցիալ-դեմոկրատական ուղղվածության տնտեսական քաղաքականության հիմնարար սկզբունքները:

- Քանի որ Դաշնակցությունը համահայկական կազմակերպություն է, ինչպե՞ս եք պատկերացնում Սփյուռքի ներգրավվածությունը ՀՀ քաղաքական և հասարակական կյանքում:

- Սփյուռքն ունի Հայաստանի կարիքը, Հայաստանը՝ Սփյուռքի, ընդ որում` փոխադարձ օժանդակությամբ և համակարգված աշխատանքային ձևաչափով: Սփյուռքահայության կազմակերպումը պետք է դրվի Հայաստանի ժողովրդագրական խնդիրների լուծման հիմքում: Հիմա ստեղծվել է մի վիճակ, որ ով ասես խոսում է ամբողջ ժողովրդի անունից:  Նույնը Սփյուռքում է, կան մարդիկ, որոնք համացանցում որոշակի ակտիվություն ունեն և իրենց իրավունք են վերապահում կարծիք հայտնելու ամբողջ Սփյուռքի անունից: Դաշնակցությունը, նույնիսկ լինելով համահայկական կազմակերպություն, այսպիսի հավակնոտություն  չի դրսեւորում: Որոշ մարդիկ փորձում են մեր համահայկականությունը բացատրել Խորհրդային միությունից դուրս գործունեության արդյունքով, բայց սա կիսատ խոսք է, այդ դեպքում ինչո՞ւ չեն նշում, որ կազմակերպական կառույցներ ունենք նախկին խորհրդային հանրապետություններում:  Ուրեմն պետք է արդար լինել և խորությամբ ընկալել ՀՅԴ-ի  ասածը, որ որտեղ հայ կա, այնտեղ կուսակցությունն անելիք ունի: Բացարձակ ճշմարտություն է և կարգապահ կազմակերպություն լինելու արդյունք, որին նախորդել է հետևողական, դժվարին աշխատանք:  

Մ.Մ.