Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որով հայտնում է, որ քրեակատարողական հիմնարկների պահպանության տակ գտնվող արգելագոտու սահմանագիծը խախտող անօդաչու թռչող սարքերն անմիջապես ոչնչացվելու են։
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահպանության ապահովման վիճակի արմատական բարելավմանը, այդ թվում` արգելված իրերի և առարկաների ներթափանցումը կանխելու նպատակով հետևողական միջոցառումների իրականացմանը զուգահեռ քրեածին որոշ տարրեր փորձում են նոր ուղիներ և եղանակներ փնտրել՝ թմրամիջոցներն ու արգելված այլ իրերը և առարկաները քրեակատարողական հիմնարկներ տեղափոխելու համար։
Ներթափանցման հիշյալ ուղիների և եղանակների բացահայտման և կանխման ուղղությամբ Քրեակատարողական ծառայության կողմից պարբերաբար իրականացվում են համալիր միջոցառումներ, ինչի արդյունքում սույն թվականի օգոստոսի 2-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են հեռակառավարվող անօդաչու թռչող սարքով (դրոն) թմրամիջոցի ներնետման դեպք։
Մասնավորապես վերջին օրերի ընթացքում քրեակատարողական հիմնարկում նկատվել են հեռակառավարվող անօդաչու սարքի հետախուզական թռիչքներ, ինչը հիմնարկի պահպանությունը խստացնելու և համապատասխան ստուգողական գործողություններ իրականացնելու լրացուցիչ ազդակ է հանդիսացել։
Օգոստոսի 2-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն արտաքին պահակետերի 4-րդ դիտաշտարակի տարածքում արձանագրել են հեռակառավարվող անօդաչու սարքի հերթական թռիչքը, որը մոտենալով թիվ 5 մասնաշենքի և կաթսայատան միջնամասին՝ կատարել է ներնետում։ Անհապաղ ձեռնարկված գործողությունների արդյունքում հիշյալ տարածքում հայտնաբերվել է ներնետված պլաստմասե թափանցիկ, շշանման տարա, որում եղել են ծխախոտի տուփ՝ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 43,44 գրամ քաշով դեղնականաչավուն բուսական զանգվածով, «Kinder» ապրանքանիշի շոկոլադի միջուկը կազմող պլաստմասե տարա, որը պարունակել է 8,11 գրամ քաշով, ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող և 18,99 գրամ քաշով, հաշիշի յուղ հիշեցնող մածուցիկ զանգվածներ։
Դեպքի առթիվ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն:
Քրեակատարողական ծառայությունը նախազգուշացնում է՝ այսուհետ քրեակատարողական հիմնարկների պահպանության տակ գտնվող արգելագոտու սահմանագիծը խախտող ցանկացած անօդաչու թռչող սարք անմիջապես կենթարկվի ոչնչացման»։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: