կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-12 11:00
Իրավական

Կալանավորվել է եւս մեկ բարձրաստիճան ոստիկան

Կալանավորվել է եւս մեկ բարձրաստիճան ոստիկան

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ժամեր առաջ մի մարդու տեղափոխել են «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ:  

Այսօր`ապրիլի 11-ին, Հատուկ քննչական ծառայությունը միջնորդել էր նշված դատարանին, որ, որպես խափանման միջոց, երկամսյա կալանք կիրառվի ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերով քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության մայոր Վահան Խանզադյանի նկատմամբ

Խանզադյանը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրեական գործում որպես կասկածյալ է հանդես գալիս:

Խանզադյանը մեղադրվում է նաեւ մեկ այլ քրեական գործում կատարած չարաշահումների համար: 2009թ. նոյեմբերի 5-ին Գավառ քաղաքում մի քաղաքացու նկատմամբ սպանության փորձ էր կատարվել: Արամ եւ Արթուր Մարտիրոսյան եղբայրները եւ Հրաչյա Պետրոսյանը ձեռք էին բերել ապօրինի հրազեն եւ կատարել էին սպանության փորձ, իսկ նախաքննության ընթացքում ոստիկանության առանձին պաշտոնատար անձինք կատարել էին չարաշահումներ: 

Խանզադյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է 2011թ. ապրիլի 11-ին` 308 հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որը առաջացրել է ծանր հետեւանքներ) հատկանիշներով:

Դռնփակ դատական նիստը վարում էր դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, որը բավարարեց ՀՔԾ-ի միջնորդությունը: Ի դեպ, դատարանի բակում հավաքված էին մեծ թվով ոստիկանության համակարգի քննիչներ:

Դատարանի շենքը վերցվել էր ուժեղացված հսկողության տակ դատական կարգադրիչների ստորաբաժանման կողմից, որի աշխատանքները ղեկավարում էր Կենտրոնի դատարանի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանը: Այս մասին հաղորդում է News.amը: