Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքում այցելել է «Արարատ» սննդի կոմբինատ» ՍՊԸ. տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել ընկերության հյութերի արտադրության գործարանի բացման արարողությանը, ծանոթացել արտադրական հնարավորություններին և ծրագրերին: Նշվել է, որ «Արարատ»-ը, ներքին շուկայում իր արտադրանքի իրացումից բացի, նախատեսում է հյութեր արտահանել ԱՄՆ և եվրոպական երկրներ:
Ընկերությունն ընթացիկ տարում ծրագրում է կազմակերպել նաև թեյի արտադրություն`վերամշակում և փաթեթավորում: Հիմնական ուղղվածությունը լինելու է թեյի արտադրությունը հայկական ավանդական բուսատեսակներից` ուրց, նանա, մասուր, ալոճ: Նախնական ժամանակացույցի համաձայն` ներդրումային ծրագիրը կավարտվի հոկտեմբերի կեսերին, և նոյեմբերից կգործարկվի թեյի արտադրամասը:
Հանրապետության ղեկավարին ներկայացրել են «Արարատ թեյ» բրենդի ստեղծման և մրգի ու բանջարեղենի առաջնային վերամշակման արտադրամասեր հիմնելու ծրագրերը:
2013 թվականից սննդի կոմբինատը նաեւ ծրագրում է ներդրումներ իրականացնել սեփական այգիների ստեղծման ուղղությամբ: Իսկ բոլոր ներդրումները հնարավորություն կտան առաջիկա տարիներին ստեղծել մոտ 500 աշխատատեղ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է նաեւ «Մաքուր երկաթ» ԲԲԸ: Հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել ֆերոմոլիբդենի և մաքուր մոլիբդենի արտադրամասերում, ընկերության ղեկավարության հետ զրուցել ընկերության ընթացիկ գործունեության և զարգացման ծրագրերի մասին: Նշվել է, որ այժմ կառուցվում է մոլիբդենի գլանման արտադրամաս` թիթեղների ստացման նպատակով:
Երկրի ղեկավարն այցելել է նաև «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ: Նախագահը եղել է ընկերության հիդրոմետալուրգիական և մանրացման արտադրամասերում:
Նշվել է, որ ընկերության գործունեության հիմնական ուղղվածությունը ֆերոմոլիբդենի արտադրությունն է: Պատրաստի արտադրանքն ամբողջությամբ արտահանվում է Եվրոպա և Ասիա:
Այցի ավարտին Սերժ Սարգսյանը «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն»-ում մասնակցել է գործարարների նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը, որի ընթացքում վերջիններս ներկայացրել են իրենց հուզող խնդիրները, դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները:
«Ուզում եմ այստեղ բոլորիդ հայտարարել, որ ցանկացած արտադրություն, որը կհիմնվի հանրապետությունում և կլինի նորարարական բազայի վրա, առանց մասնագիտական տերմինների ասած, եթե կարտադրվի մի արտադրանք, որն այսօր մեր հանրապետությունում չի արտադրվում, մենք` որպես պետություն, պատրաստ ենք օգնել միջոցներով, առաջին հերթին` պատրաստ ենք տալ հարկային արտոնություններ: Օրինակ` պատրաստ ենք 3-4 տարով ազատել շահութահարկից, հետաձգել ավելացված արժեքի հարկի վճարումը, պատրաստ ենք այլ օժանդակությունների»,- ասել է Սերժ Սարգսյանը: