կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-17 13:46
Տնտեսական

Այցելություն վերամշակող ընկերություններ

Այցելություն վերամշակող ընկերություններ

Վերամշակող ընկերությունների աշխատանքներին եւ մթերման ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երեկ այցելել է Արմավիրի, Էջմիածնի եւ Մասիսի ձեռնարկություններ:

Արմավիրի մարզի «Լեւոն» ՍՊԸ-ում նախարարը ծանոթացել է «Դալարիկ» ապրանքանիշի արտադրանքին: Նախկին «Սարդարապատ» պահածոների գործարանի հիմքի վրա ստեղծված ձեռնարկությունն այժմ աշխատում է իր հզորության 40 տոկոսի չափով: Ընկերության գործունեությունը խթանելու նպատակով Գյուղական տարածքների տնտեսական հիմնադրամից կտրամադրվի 200 մլն դրամ:

«Արարատյան դաշտավայրում` հատկապես Արմավիրի մարզում, վերամշակող ճյուղը մեծ նշանակություն ունի բերքի իրացման հարցում: Կարեւորելով դա` մենք հիմնադրամի միջոցով վերականգնում ենք չաշխատող կամ դժվարություններ ունեցող պահածոների գործարանների գործունեությունը»,- ասել է նախարարը` հավելելով, որ կմեծացվեն Մեղրիի պահածոների գործարանի արտադրական ծավալները, երկարատեւ դադարից հետո կվերագործարկվի Տավուշի վերամշակող ձեռնարկությունը:

Առաջիկայում կգործի նաեւ Սյունիքի մարզի Հարջիսի պահածոների գործարանը: Վերագործարկման փուլում է Եղեգնաձորի պահածոների գործարանը:

Գյուղնախարարը նաեւ եղել է Էջմիածնի պահածոների գործարանում եւ Մասիսի տարածաշրջանի «Ալիշան» ընկերությունում, որտեղ նշել է, որ վերամշակող ճյուղը Հայաստանում առաջատար դիրքերում է, ու հարկավոր է հնարավորինս զարգացնել այն:

«Գյուղացու աճեցրած բերքն այս տարի ամբողջությամբ կիրացվի»,- եւս մեկ անգամ վստահեցրել է Ս. Կարապետյանը: