կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-16 02:08
Քաղաքական

Անարդարության 90-րդ տարեդարձը

Անարդարության 90-րդ տարեդարձը

Մարտի 16-ին Երևանում ՌԴ դեսպանատան առջեւ կանցկացվի բողոքի ցույց, որը կազմակերպել են  ՀՅԴ Երիտասարդական  եւ  «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները: Ակցիայի մասնակիցները Ստեփան Շահումյանի անվան հրապարակից երթով գնալու են դեպի ՌԴ դեսպանատուն:

 

Ցուցարարներն իրենց  բողոքի ձայնն են  բարձրացնելու Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև 90 տարի առաջ ստորագրված «Բարեկամության և եղբայրության մասին» պայմանագրի դեմ, որով հայկական տարածքների մի մեծ մաս հանձնվեց Թուրքիային և Ադրբեջանին:

 

Բացի այդ` Մոսկվան և Անկարան որոշել են նշել այս տարեթիվը` ռուս-թուրքական համագործակցության խորհրդի հատուկ նիստ անցկացնելով: Այդ առիթով Մոսկվայում մարտի 16-ին տեղի կունենա ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:



Ցուցարարները մտադիր են ռուս դիվանագետների ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ 90 տարի առաջ նման հանդիպումների արդյունքում է Հայաստանը զրկվել Կարսից եւ Սուրմալուից, Նախիջեւանից եւ Լեռնային Ղարաբաղից, ընդ որում` պայմանագիրը ստորագրվել է Հայաստանի թիկունքում: 

 

«Այս պարագայում Հայաստանի ռազմավարական գործընկերը համարվող Ռուսաստանը չի հարգում ո´չ հայ ժողովրդի զգացմունքները, ո´չ Հայաստանի իշխանություններին, քանի որ նշում է 90-ամյա հոբելյանը թուրքերի հետ»,- այդ կապակցությամբ հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովհաննիսյանը: