կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-07 19:13
Իրավական

Անարդարության դեմ անարդարությամբ չենք կարող պատասխանել. Արթուր Դավթյան

Անարդարության դեմ անարդարությամբ չենք կարող պատասխանել. Արթուր Դավթյան

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դատարանի նկուղում «Սասնա ծռերի» անդամներին ծեծի ենթարկելու դեպքին:

«Որպես գլխավոր դատախազ՝ ցանկացած ծեծի ու բռնության դրսևորում որակում եմ որպես հանցագործություն: Ձեր մատնանշած դեպքի կապակցությամբ ոստիկանները համապատասխան զեկուցագրեր են ներկայացրել, գործով ամբաստանյալներն ու նրանց պաշտպանները ներկայացրել են հաղորդումներ: Եվ այդ նյութերն ամբողջությամբ մեր կողմից ուղարկվել են Հատուկ Քննչական ծառայություն»,- ասաց նա:

Դատախազի խոսքով՝արդեն իսկ հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն: Նա նշեց, որ այս պահին գործով կալանավորվածներ չկան:

Հարցին, որ եթե հակառակը տեղի ունեցած լիներ՝ ընդդիմադիրները ծեծեին ոստիկաններին, կալանավորվածներ դարձյա՞լ չէին լինի, Դավթյանը պատասխանեց, որ ցանկացած դեպքում, դա կլինի ոստիկանի կողմից կատարված արարք, թե քաղաքացու, դա օրենքում ունի իր գնահատականները:

«Մենք նախ պետք է ունենանք բավարար ապացույցների համակցում, որ որևէ մեկին մեղադրանք առաջադրենք: Այո, ֆիքսված են բռնություններ, եթե ոչ մի բան ֆիքսած չունենայինք, մենք չէինք ունենա նաև քրեական գործի հարուցում: Մենք ունեցել ենք առերևույթ տվյալներ, հարուցել ենք քրեական գործ, բայց  բռնություններն ինչ հանգամանքներում են առաջացել, դրանք արդեն քրեական գործի քննության ընթացքում պետք է ստուգվեն: Եթե կպարզվի, որ որևէ մեկն անցել է իր լիազորությունների սահմանը, միանշանակ կպատժվի»,- ասաց նա:

Հարցին, թե ոստիկանն իրավունք ունի՞ դատարանում մեղադրյալին ծեծել, նա պատասխանեց, որ գնահատականն այդպես չենք կարող հնչեցնել, Ոստիկանության մասին օրենքը նախատեսում է ոստիկանի կողմից ֆիզիկական ուժի կիրառման հիմքեր: Եվ հարուցված քրեական գործի նախաքննության նպատակը հենց այն է, որ պետք է պարզել, թե արդյոք անհրաժեշտ հիմքեր առկա եղել են ֆիզիկական ուժ գործադրելու համար, և արդյոք համաչափ ուժ է գործադրվել:

Հարցին՝ գլխավոր դատախազություն կատարած այցի ժամանակ Սերժ Սարգսյանն օրերս հայտարարել էր, որ պետք է երկրում անարդարությանը պատերազմ հայտարարել, հաշվի առնելով երկրում տիրող համատարած անարդարության մթնոլորտը, ի՞նչ գործողություններ են անելու իրենք: Արթուր Դավթյանը նշեց, որ անարդարության դեմ անարդարությամբ չեն կարող պայքարել, պետք է պայքարեն օրենքով նախատեսված միջոցներով և որ ամենուր են իրենք անարդարության դեմ պայքար իրականացնում:

Լրագրողները նշեցին, որ արդարություն չկա Հայաստանում, քանի որ տարիների շարունակ տարբեր քրեական գործերով շատ անձինք չեն պատժվել: Գլխավոր դատախազն ասաց, որ համամիտ չէ այդ պնդումներին, բազմաթիվ դեպքեր են եղել, որ հանցանքի կատարումը հիմնավորվել է, այդ թվում ոստիկանի ու պաշտոնյայի կողմից, նրանք դատի են տրվել:

«Խնդիրը հետևյալն է՝ մենք արդյոք ունենու՞մ ենք բավարար ապացույցների համադրություն՝ որևէ մեկին մեղադրելու կամ դատարան ուղարկելու համար: Ես չեմ ասում, որ մեր մոտ ամեն ինչ փայլուն է, իհարկե, կան խնդիրներ, և այդ խնդիրների լուծմանն ենք մենք միտված: Իսկ աշխարհում ձեզ հայտնի՞ է մի երկիր, որտեղ չկա խնդիր»,- ասաց Դավթյանը