կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-13 03:41
Սպորտ

Շաբաթվա խնդիրը

Շաբաթվա խնդիրը

Փետրվարի 28-ից մարտի 4-ը Ուկրաինայում անցկացվեց Սլավոնական երկրների լեռնադահուկային սպորտի բաց առաջնությունը: Հայաստանը  ներկայացրին Մհեր  Ավանեսյանը, Գայանե Ուստինյանը և Գարուշ Դանիելյանը:

 

 

Ներկայացուցչական մրցումներում առաջին անգամ Հայաստանը մեդալներ նվաճեց: Մհերը «գիգանտ սլալոմ»  մարզաձևում դարձավ չեմպիոն: Գայանեն 3-րդ տեղը գրավեց «գիգանտ ոլորավայրէջքում», իսկ նույն մրցաձևում Գարուշը  զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

 

 

Նախատեսված էր, որ մրցաշարին պետք է մասնակցեին 6 երկրներ, սակայն մասնակցեցին 3-ը` Հայաստանը, Ուկրաինան և Ռուսաստանը: Ընդհանուր հաշվով մրցում էր 25 մարզիկ:

 

 

Ինչպես ասաց «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը, Հայաստանում հաշմանդամային սպորտը ֆինանսական աջակցության դեպքում էլ ավելի կառաջադիմի:

 

«Մենք ունենք մոտ տասը արհեստավարժ  մարզիկներ: Սակայն տարին մեկ անգամ «Փյունիկի»  կազմակերպած միջոցառմանը ամենատարբեր մարզաձևերում մասնակցում են  60-70 հաշմանդամներ»,- ասաց «Փյունիկ» միության և Հայաստանի  պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը:

 

Լոնդոնի 2012-ի ամառային պարալիմպիկ խաղերին Հայաստանը կներկայացնեն 3 առագաստանավորդ և 2 ծանրամարտիկ:

 

Խնդիրն առաջ է գալիս ձմեռային մարզաձևերում, և  ահա` Սոչի-2014-ի պարաօլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար ֆինանսական աջակցություն է հարկավոր: Ամբողջ աշխարհում, մանավանդ` մեր հայրենիքում, ձմեռային սպորտաձևերն ավելի ծախսատար են և ոչ հանրամատչելի: Եվ այդ ամենին եթե ավելացնենք ծաղկաձորյան «բուրժուական» գները,  կտեսնենք, թե ինչ վիճակում են հայտնվում մարզիկները: Փաստն այն է, որ կլիմայական բարենպաստ և նյութատեխնիկական բազայով հարուստ Հայաստանը կաղում է ձմեռային մարզաձևերում: Հաստատ, դժվար թե մտաբերենք մեր ժամանակակից  հայ մարզիկի, ով լուրջ հաջողություն գրանցած կլինի ձմեռային ձևերում:

 

«Երկրի» այն հարցին, թե արդյո՞ք ձմեռային մարզաձևերի համար ուսումնամարզական հավաքներ անցկացվում են, Աբրահամյանը պատասխանեց.  «Հավաքներ, որպես այդպիսին, ձմեռային մարզաձևերում չենք կարողանում անցկացնել: Այս մրցումներից առաջ  տասնօրյա պարապմունքներ ենք անցկացրել Ծաղկաձորում, այն էլ ամեն օր գնալ-գալով, ինչն ավելորդ հոգնածություն է առաջացնում մարզիկների մոտ»:

 

Անգամ հաշմանդամային խնդիրներ չունեցող մարդու համար է անտանելի այդքան երկար ճանապարհը:  Ուսումնամարզական հավաքները սպորտային առօրեայի մի մասն են կազմում, իսկ ձմեռային մարզաձևերը պարզապես հենված են դրանց վրա: Ըմբիշը կարող է վատագույն դեպքում տանը մարզվել, իսկ  երբևէ պատկերացրե՞լ եք լեռնադահուկորդին  գորգի վրա «սահելիս»:

 

Սպորտը հաշմանդամի կյանքում մեծ դեր ունի, այնպիսին, որի մասին մենք պատկերացում անգամ չենք կարող ունենալ:

 

Աշխարհում պարալիմպիկ սպորտը մեծ թափով է զարգանում: Հարևան երկրների ֆինանսական ներդրումների հետ կապված  համեմատականներ անցկացնելով`  Աբրահամյանը նշեց, որ Ադրբեջանը միայն 1 մլն դոլար ստանում է պետությունից, իսկ 1մլն դոլար էլ կազմում է  հովանավորներից ստացված հասույթը: Հայաստանում պետական աջակցությունը 1 մլն դրամի սահմաններում է: Համեմատելու եզրեր չկան:

 

1994-ից Հայաստանում գործում է պարալիմպիկ կոմիտեն: Ո՞րն է դրա գործառույթը և ո՞րն է պետության անելիքը: Այս մասին խոսեց Գայանեն` նշելով, որ պարալիմպիկ սպորտը, ճիշտ է, երկրում զարգացած է, բայց բացակայում է նյութական աջակցությունը: Չկա նյութատեխնիկական բազա, չկան  նորմալ մարզվելու պայմաններ: «Շատ կարևոր է մեզ համար ֆինանսական աջակցությունը, որպեսզի կարողանանք լավ պարապել և Սոչի-2014-ի ժամանակ հասնել մեր ուզած արդյունքին»,- շեշտեց Գայանե Ուստինյանը:

 

Չնայած առակա դժվարություններին` Հակոբ Աբրահամյանը հուսով է, որ պետությունը, տեսնելով հաջողությունները, ընդառաջի և կհովանավորի 2014-ի պարալիմպիկ խաղերի նախապատրաստական աշխատանքները:

 

ԱՆԻ ՄԵՋԼՈՒՄՅԱՆ

«ԵՐԿԻՐԻ» մարզական մեկնաբան