կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-13 01:47
Հասարակություն

Միայն ասում ենք

Միայն ասում ենք

Մտավոր խնդիրներ ունեցող երեխաներն անգամ մինչեւ վերջ դպրոց չեն հաճախում. արդյունքում շատերը հայտնվում են փողոցում եւ մուրում են. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մտավոր խնդիրներ ունեցող երեխաների եւ երիտասարդների ցերեկային խնամքի կենտրոն» ՀԿ նախագահ Արփինե Աբրահամյանը:

 

2011 թ. հունվար ամսվա տվյալներով` Հայաստանում կա 185.080 հաշմանդամ, որոնցից 19.932-ը վարքի եւ հոգեկան խանգարումներ ունեն, նրանցից 7361-ը` երեւանաբնակ են:

 

Ցերեկային խնամքի կենտրոնն ընդունում է մինչեւ 35 տարեկան մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց:

 

«Մենք ասում ենք, որ նրանք ինտեգրված են հասարակությանը. միայն ասում ենք: Իսկ մեզ մոտ երեխան զբաղված է լինում, ձեռք է բերում որոշակի մասնագիտություն, ինչպես նաեւ` ընտանիք կազմելու հնարավորություն»,- ասաց տիկին Աբրահամյանը:

 

Նրա համոզմամբ` մեզ մոտ չի ընկալվում, որ նման երեխաները եւս աշխատուժ են, եւ միայն ցանկություն է պետք նրանց օգնելու համար:

 

Տիկին Աբրահամյանը լրագրողների ուշադրությունը հրավիրեց նաեւ այն բանի վրա, թե մտավոր խնդիր ունեցող տղաներին բանակից ազատելու համար ինչքան են «տանջում»` ավելորդ փորձաքննություն անցկացնելով: