կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-12 01:53
Տնտեսական

Գնում է Բրյուսել, որ պա՞րտք խնդրի

Գնում է Բրյուսել, որ պա՞րտք խնդրի

«Գիտե՞ք, որ Տիգրան Սարգսյանը մոտ օրերս պատրաստվում է մեկնել Բրյուսել եւ 1 մլրդ դոլար օգնություն խնդրել տեղի իշխանություններից»,- այսօր լրագրողներին ասաց ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

 

Ըստ նրա` Բրյուսել մեկնելն ու պարտք խնդրելը խոսում են այն մասին, որ կառավարությունը պատրաստվում է դեֆոլտի: Դեֆոլտի մասին է վկայում նաեւ կառավարության` նախօրեին հաստատած որոշումը` առաջին անհրաժեշտության ապրանքների գների 30 եւ ավելի տոկոսով աճի դեպքում միջամտել եւ սահմանել դրանց վերին շեմը:

 

«30 տոկոս աճ տեղի կունենա այն դեպքում, երբ տեղի ունենա դրամի արժեզրկում,-ասաց Վ. Խաչատրյանը:- Նույնիսկ այն ամենադժվար տարիներին, երբ Հայաստանի տնտեսությունը քանդվում էր, Հայաստանի իշխանություններն այս քայլին չգնացին: Այս քայլը եւ այն շտապողականությունը, որով այդ նախագիծն ընդունվեց, ինձ հուշում է, որ կա մի մեծ վտանգ, որի մասին դեռ չեն խոսում:

 

Ըստ էության` իշխանությունը գնաճի դեմն առնելու բոլոր ադմինիստրատիվ լծակներն ունի` սկսած Սերժ Սարգսյանի անձնական հրահանգից, վերջացրած տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովով, սակայն այդ ադմինիստրատիվ լծակներից չի ուզում օգտվել:

 

Շատ լավ կլիներ, որ ԿԲ-ն ու Տիգրան Սարգսյանը գնաճով չզբաղվեին, քանի որ նրանց ձեռնարկած ոչ մի քայլ իրականություն չի դառնում: Տիգրան Սարգսյանի կառավարությունը վերջնականապես պետք է հայտարարի, որ սպառել է ճգնաժամի դեմն առնելու բոլոր հնարավորությունները, եւ ինքնահրաժարական տա, ինչը շատ ազնիվ կլինի:

 

Իսկ ինչքան շարունակի գոյատեւել, այնքան մեր պրոբլեմները կշատանան: Այնպես որ, այս կառավարության մեկ օր առաջ հեռանալը մեր փրկությունն է, քանզի Բրյուսելից բերվող գումարներն էլ կմտնեն երկիր եւ արդյունավետ չեն ծախսվի: Նախկինում էլ գումարները ծախսվել են, բայց իրենց նպատակին չեն ծառայել»:

 

Ըստ տնտեսագետի` պետական միջամտությունը հնարավորինս փոքր պետք է լինի, երբ գործ ունենք շուկայական հարաբերությունների հետ, իսկ կառավարությունը հակառակ քայլն է անում: