կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-14 20:45
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երբ քանդել ես հետախուզությունը՝ ինչո՞վ ես գնում Բրյուսել բանակցելու, կոֆեի բաժա՞կ ես նայում․ Վազգեն Պետրոսյան

Որպեսզի Հայաստանը դառնա քաղաքական գործոն պետք է ունենա ամուր աղնաշար, հստակ քաղաքական գիծ, այս իշխանություններով Հայաստանը ոչինչ չունի՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Ազատագրական շարժման նախաձեռնողներից Վազգեն Պետրոսյանը։

«Փաշինյանը տնայնագործ գեոպոլիտիկ է, այդ պատճառով էլ բրյուսելյան բանակցությունները ոչ մի բան ժողովրդին չեն տա»,-վստահ է նա։

Բանակցությունների գնալիս պետք է ունենալ տեղեկատվական լուրջ բազա, լուրջ հիմքեր, ասաց Վազգեն Պետրոսյանը, և եթե մարդն առանց այս ամենի է գնում բանակլցությունների, նշանակում է՝ պետք է այնտեղ խելոք նստի  և ինչ ասեն, ասի՝ այո․ սա այն է, ինչ անում է Հայաստանի առաջին դեմքը։

«Երբ քանդել ես ՊՆ հետախուզությունը, ԱԱԾ հետախուզությունը ու չգիտես, թե երկիրն ինչով է շրջապատված, ինչ վտանգներ կան քո երկրի գլխին կանգնած, երբ գոյություն չունի Արտաքին գործերի նախարարություն, դու ինչո՞վ ես գնում բանակցելու, կոֆեի բաժա՞կ ես նայում, բո՞ւռդ ես նայում, ինչո՞վ ես գնում»,-տարակուսեց Վազգեն Պետրոսյանը։

Նիկոլ Փաշինյանը տնայնագործ գեոպոլիտիկից այն կողմ չգնաց, մնաց նույն տնայնագործ քաղաքական գործիչը, որը կար՝ նշեց Պետրոսյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, իբր 2016թ-ից արդեն Արցախը ոչ մի հնարավորություն չուներ Ադրբեջանի կազմում չլինելու։

«Եթե 2016 թ-ին այդպես է եղել, 2018 թ-ին դու դարձար երկրի վարչապետ, ու քո դիմաց դնում են փաստաթղթերը, ինչո՞ւ ես դու քանդում ՊՆ հատուկջոկատայինները, ինչո՞ւ ես քանդում այդ համակարգը, ինչո՞ւ ես քանդում Պաշտպանության նախարարության հետախուզական վարչությունը, ինչո՞ւ ես քանդում Ազգային անվտանգության ծառայության հետախուզության ծառայությունը, ինչո՞ւ ես քանդում Արտաքին գործերի նախարարությունը, ինչո՞ւ ես քանդում պետական բոլոր կառույցները․․․ եթե ինքը իրավացի է՝ ինքը չպիտի այդպես աներ, եթե գիտակցաբար է քանդել՝ ինքը դավաճան է, եթե անգիտակցաբար է քանդել՝ տգետ դավաճան է։ Արդյունքը մեկ է՝ ինքը մեծ մանիպուլյատոր է, մեծ խաբեբա և սուտասան է, որն արդեն դարձել է ճղճիմ սուտասան։ Սուտասաններ կան, որոնք հիշում են, թե ինչ են ասել, բայց ինքը չի հիշում, որովհետև այնքան սուտ է ասել և այնքան մեծ ստեր է ասել, որ իր ստերն իր համար դարձել են իրականություն։ Եվ փորձում է այդ կեղծիքով նորից կերակրել ժողովրդին»,-ասաց Վազգեն Պետրոսյանը։

Նա չգիտի, թե Փաշինյանը Բրյուսելում ինչ կասի, բայց գիտի, որ այս ամենի վերջը լավ չի լինելու այն առումով, որ զիջել է Արցախը, զիջելու է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, մոռացության է մատնելու Արևմտյան Հայաստանի հարցը և մոռացության է մատնելու Սփյուռքը․ սա այն է, որ վերջին 3 տարում հետևողականորեն անում է Նիկոլ Փաշինյանը։

«Այսպիսի թույլ իրավիճակում, որ մեր պետությունն է գտնվում, որ մեր ազգը բարոյալքված է այս իշխանությունների պատճառով և չի հավատում ՀՀ իշխանություներին, ստանում ենք մի դատարկություն, որի մեջ մեր պետականությունը անկում է ապրում․ Հայաստանի վիճակը այս իշխանությունների օրոք շատ նման է օդանավի, որը քթով դեպի գետին է ընկնում։ Այսպիսի իրավիճակում դու չպիտի քո թշնամու հետ սկսես բանակցել, ո՞վ է քեզ պարտադրում բանակցել»,-նկատեց Վազգեն Պետրոսյանը։

Թուրքիա-Հայաստան երկկողմ բանագնացներ ուղարկելը հարաբերությունները «կարգավորելու» համար նա համարում է Հայաստանի վերջնական կործանման նախադրյալ, քանի որ Թուրքիան ունի «Կարմիր գիրք», որում էլ նշված է Հայաստանի մասին այդ երկրի պատկերացումը՝ գերեզմանոց հայերի համար։

Վազգեն Պետրոսյանը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես սկզբունք չունի, իսկ անսկզբունք մարդուց իմաստ չունի որևէ բան  պահանջել։

«Իմ 7 տարեկան տղան շատ ավելի լավ կկառավարի, քան ինքը, քանի որ տղաս երբ հասնում է մի խնդրի, որը չի հասկանում՝ օգնություն է խնդրում, բայց այս մարդը միայնակ որոշում է կայացնում, բանակցում է այն, ինչ բանակցում է․ սա նշանակում է, որ ինքը ոչինչ չգիտի, բացարձակապես ոչինչ չգիտի»,-ասաց Վազգեն Պետրոսյանը։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․