կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-12 01:35
Քաղաքական

Իրավիճակը պայթյունավտանգ է

Իրավիճակը պայթյունավտանգ է

ՀԱԿ-ի վերջնագրի նման փաստաթղթեր վերջին 20 տարիների ընթացքում բազմիցս հնչեցվել են. այսօր լրագրողներին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

 

Ըստ նրա` նմանատիպ հարցադրումներ խորհրդարանում բարձրացնում են ե'ւ իրենք, ե'ւ «Ժառանգությունը», իսկ խորհրդարանից դուրս նման հարցադրումներ լսում ենք նաև այլ միտինգներում, որոնք ՀԱԿ-ը չի կազմակերպում, այսինքն` պարզ է, որ հասարակության պահանջ կա:

 

«Իշխանություններն անընդհատ հնարավորություն են տալիս իրենց իսկ անգործությունն ու թերի քաղաքականությունը շահարկել: Մեր ժողովուրդը շատ վատ է ապրում, և ես սկսում եմ կասկածել` մեր իշխանությունները տեսնո՞ւմ են դա, թե՞ ոչ: Այսօր իշխանությունն իրավիճակի վերահսկողություն ամբողջովին չունի: Իշխանության և ժողովրդի միջև անջրպետը գնալով մեծանում է»,- հայտարարեց Վ. Հովհաննիսյանը:

 

Նա նշեց, որ այդ կետերն առանց որեւէ մեկի կողմից ներկայացվելու էլ պիտի իշխանության ուշադրության կենտրոնում լինեին:

 

Պատասխանելով հարցին, թե կա՞, արդյոք, Հայաստանում հեղափոխական իրավիճակ, Վահան  Հովհաննիսյանն ասաց, որ հասարակության մեջ կա «պայթյունավտանգ միտում», եւ դա բացատրվում է սոցիալական վատթարացող վիճակով:

 

«Սովից, անելանելիությունից, անարդարությունից ըմբոստանալու, պայթելու միտում հասարակության մեջ կա, բայց այդ պայթյունը Հայաստանում այս պահի դրությամբ կարող է և չբերել հեղափոխության, որովհետև այդ դրական փոփոխությունների համար պետք է նաև դրական լիցք, այլ ոչ միայն ատելություն,  նախանձ և վրեժխնդրության զգացում»,- ասաց նա։

 

Ըստ Վահան Հովհաննիսյանի՝ այս պայթյունավտանգ իրավիճակը կարող է հանգեցնել հեղաշրջման, բայց ոչ հեղափոխության, իսկ դա նաև կարող է դրական արդյունք չտալ։