Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գյումրու ռուսական ռազմաբազայի ռուս զինծառայող Իվան Նովիկովի սպանությունը որևէ արտառոց բան չի պարունակում: Ռուսական ռազմաբազայից հաստատել են, որ սպանության մեղքն ընդունել է Նովիկովի ծառայակից Իվան Բոսխոմջիևը: Չնայած դեռ պարզ չէ` հատկապես որն է եղել ողբերգական ելքով հանցագործության իրական պատճառը, սակայն ակնհայտ է, որ խնդրը ներզորանոցային է և, հավանաբար, պայմանավորված է ծառայողների միջև տիրող ոչ կանոնադրային հարաբերություններով:
Կատարվածը, սակայն, մի քանի գործոններով պայմանավորված, որոշակի նրբերանգներ էր ստանում հունվարին Գյումրիում տեղի ունեցած` Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի անդամների սահմռկեցուցիչ սպանության ֆոնին, որի իրականացման մեջ, հիշեցնենք, մեղադրվում է նույն զորամասի մեկ այլ զինծառայող` Վալերի Պերմյակովը:
Նախ` այս ողբերգությունը վերահաստատում է, որ անգամ Ավետիսյանների սպանությունից հետո ռուսական ռազմաբազայում տիրող բարքերի, բարձիթողի վիճակի վերացման, կարգապահության մակարդակի բարձրացման ուղղությամբ էական միջոցներ չեն ձեռնարկվել, ռազմաբազայի ղեկավարության փոփոխությունն այս իմաստով որևէ լուրջ դեր չի կատարել: Սա հասկանալի է դարձնում, որ խնդիրը ոչ թե ռազմաբազայում է, այլ կապված է ռուսական բանակում առկա` կառավարման համակարգային ճգնաժամի հետ: Բնական է, որ այս պայմաններում ղեկավարության փոփոխությունը խնդրի ոչ թե խորքային, այլ ընդամենը կոսմետիկ, իրավիճակային լուծում պետք է լիներ` ավելի շատ միտված հայ հասարակայնության աչքին թոզ փչելուն: Նովիկովի սպանությունը մեծ հաշվով հուշում է, որ ռուսական ռազմակայանը շարունակում է մնալ անկանխատեսելիության և վտանգավորության օջախ, և որ ապագայում նմանատիպ իրադարձություններից երաշխավորված չենք: Եթե սա ռուսական կողմի համար խնդիր չէ, ապա լուրջ գլխացավանք և ամոթ է արդեն հայաստանյան իշխանությունների համար, որոնք խուսափում են իրավիճակը փոխելու հստակ պահանջ ներկայացնել ռազմակայանի ղեկավարությանը և ՌԴ պաշտպանության նախարարությանը:
Երկրորդ` ռուս զինծառայողի սպանությունը տեղի ունեցավ մի իրավիճակում, երբ ռուսական կողմի իրավազորության ներքո գտնվող` Ավետիսյանների սպանության գործը լիարժեքորեն չի բացահայտվում արդեն վեց ամիս շարունակ: Դեռևս հստակ չեն հանցագործության դրդապատճառները: Վտանգ կար, որ զորամասի զինծառայողի սպանությունը կարող էր քաղաքական պաստառ ստանալ` այս անգամ արդեն ռուսական կողմից ընկալվելով որպես վրիժառության ակտ` ի պատասխան Ավետիսյանների գործում ռուսական կողմից ցուցաբերվող անգործության կամ անշտապողականության, գուցե նաև` Պերմյակովին չհանձնելու: Եթե այս ուղղությամբ անգամ բամբասանքային մակարդակով կասկածները տևական ընթացքում տիրաժավորելու հնարավորություն ստեղծվեր, այս միջադեպը կարող էր վերածվել նոր, ավելի խորը սկանդալի: Ռուսական լրատվամիջոցների և պաշտոնական շրջանակների նախնական արձագանքը նման ընկալումների նախանշաններ պարունակում էին: Եթե ԶԼՄ-ներն իրենց անդրադարձներում սպանությունը կապում էին Ավետիսյանների սպանության հետ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, թե կատարվածն անպայման արժանանալու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուշադրությանը:
Սա ընդգծում է, թե ինչ արձագանք կարող էր ունենալ կատարվածը Կրեմլում, եթե այն քաղաքականացնելու անգամ փոքրիկ առիթ թողնվեր: Այս իմաստով չափազանց կարևոր էր գործի արագ բացահայտումը: Ընդամենը ժամերի ընթացքում հայտնի դարձավ ոչ միայն կասկածյալի անունը, այլև նա հարցաքննության ժամանակ ընդունեց մեղքը` չեզոքացնելով սպանությունը տարատեսակ շահարկումների առիթ դարձնելու բոլոր հնարավորությունները: Այստեղ առանձնահատուկ դեր կատարեց հատկապես ռազմակայանի օպերատիվ աշխատանքը և, որ ավելի կարևոր է, գործի օբյեկտիվ հանգամանքների բացահայտման հարցում ունեցած շահագրգռությունը: Պետք է ենթադրել, որ դա պայմանավորված էր առաջին հերթին գյումրեցիների հետ հարաբերությունների նախկին մակարդակը, վստահությունը վերականգնելու ցանկությամբ: Համենայն դեպս, եթե ռուսական կողմի այդ շահագրգռությունը չլիներ, դժվար էր սպասել, որ ՀՀ քննչական ծառությունն ու դատախազությունը կարողանային որևէ կերպ ազդել ռուսական կողմի տրամադրությունների վրա: Թե ազդեցության առումով ինչի՞ է ունակ հայկական կողմը, ապացուցվել է դեռևս Պերմյակովին ձերբակալելու, հետո էլ ռուսներից նրան «ստանալու» համատեքստում:
Եվ վերջապես երրորդ` կատարվածի կապակցությամբ հարուցված քրեական գործով քննությունը վարում են Հայաստանի եւ Ռուսաստանի իրավապահ մարմինները, որոնք, ինչպես Պերմյակովի դեպքում էր, առանձին-առանձին քրեական գործեր են հարուցել: Թեև Նովիկովի դիակը հայտնաբերվել է ռազմակայանից դուրս, այսինքն` Հայաստանի տարածքում, որևէ կասկած չկա, որ այս գործը ևս ամբողջությամբ հանձնվելու է ռուսական կողմի իրավազորությանը: Եվ խնդիրը միայն այն չէ, որ կասկածյալ Բոսխոմջիևը, ինչպեսև Պերմյակովը, գտնվում է ռազմակայանի (իմա` Ռուսաստանի) տարածքում: Այս անգամ, ի տարբերություն Ավետիսյանների սպանության դեպքի, գործը ռուսական կողմի իրավազորությանը թողնելու իրավական հիմքերն առկա են: Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի տեղակայման պայմանների վերաբերյալ` 1997թ. կնքված պայմանագրով նախատեսված է, որ եթե ռազմաբազայի ներկայացուցչի կողմից հանցագործություն է կատարվում Հայաստանի տարածքում, և այն ուղղված է Ռուսաստանի, ռազմաբազայի կամ դրա մեկ այլ ներկայացուցչի դեմ, ապա գործի քննությունը, ինչպես նաև դատավարությունն անցկացնում է ռուսական կողմը` ՌԴ օրենսդրության համաձայն: Այս իմաստով ամեն ինչ ի սկզբանե կարելի է վճռված համարել. Նովիկովին հանձնելու որևէ պահանջ հայկական կողմը չի ներկայացնելու: Եթե դա չարվեց Պերմյակովի դեպքում, առավել ևս չի արվելու հիմա:
Գևորգ Աղաբաբյան