Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության այսօրվա նիստի ավարտին լրագրողներն արդեն սկսում էին զարմանալ, թե ինչպես է, որ այսօր «դասախոսություն» չեղավ, երբ շատերի համար անակնկալ կերպով վարչապետն սկսեց խոսել: Նրա ելույթն այնքան «սրտաճմլիկ» էր, որ չենք կարող անարձագանք թողնել:
Նախ` գործադիր մարմնի ղեկավարը կոչով դիմեց մեր նախարարներին` անհրաժեշտ համարելով, որպեսզի նրանք ավելի շատ հանդես գան հրապարակային ելույթներով եւ ավելի ակտիվ լինեն պետության քաղաքականությունը ներկայացնելու գործում: «Մենք ինքներս պարտավոր ենք բացահայտել բացթողումները, թերությունները, այն խնդիրները, որոնք առկա են մեր բնագավառներում, եւ դա է լինելու երաշխիքը, որ մենք այդ խնդիրները լուծենք»,- ընդգծեց վարչապետը` հավելելով, որ նման աշխատաոճը լուրջ անհարմարություններ է ստեղծում առաջին հերթին ընդդիմախոսների համար, «քանի որ բացթողումներ բացահայտելու համար անհրաժեշտ է նաեւ որոշակի ինտելեկտուալ, վերլուծական աշխատանք»:
Վարչապետը շատ պարզ ասաց, որ մեր ընդդիմախոսներն այդ կարողությունները չունեն, եւ արդյունքում կիրառում են շատ հայտնի մեթոդ` պրովոկացիան: «Մեզ վերագրում են բաներ, որ մենք չենք ասել, եւ սկսում են պայքարել այդ երեւույթների դեմ: Դրա վառ օրինակներից մեկն այն է, որ վերջին երեք օրերի ընթացքում պրովոկացիոն հայտարարություններ են տարածում, թե վարչապետն ասել է, որ մեզ ազգային արտադրող պետք չէ, որ մեզ արտադրություն պետք չի. անհեթեթություն, անհարգալից վերաբերմունք մեր քաղաքացիների նկատմամբ, որոնք իրենք իրենց աչքով այդ հարցազրույցը տեսել են եւ լսել են, թե ինչ է հայտարարել վարչապետը: Բայց պրովոկացիոն աժիոտաժ են ստեղծում, եւ անհեթեթություններ տարածում: Հասկանալի է, որ սա քաղաքական պայքարի ձեւ է, որի նպատակն է` վարկաբեկել իշխանություններին»,- ասաց գործադիր մարմնի ղեկավարը:
Ի դեպ, հայտնի հարցազրույցը դիտել ու լսել ենք նաեւ մենք, ու կփորձենք այստեղ բառ առ բառ ներկայացնել վարչապետի խոսքերը` իհարկե, որոշ կրճատումներով: «Մեր ընդդիմախոսները պահանջում են, որպեսզի մենք ներմուծվող ապրանքների համար սահմանենք բարձր մաքսատուրքեր և դրանով իսկ օժանդակենք մեր ներքին արտադրողին: Այն ջանքերը, որ պետք է գործադրեն տեղական արտադրողները որակի բարձրացման համար, չի իրականացվում: Ի՞նչ է նշանակում օժանդակել: Եթե մենք «օժանդակել» ասելով հասկանում ենք ներդրումներ կատարել, ժամանակակից տեխնոլոգիաներ ներդնել, ինքնարժեքը նվազեցնել, ապա այո', միանշանակ համաձայն ենք դրա հետ, բայց եթե խոսքն արտադրողին հեշտ փող աշխատելու հնարավորություն ստեղծելու մասին է, ապա դա ոչ մի լավ հետևանքի չի բերում: Մեր քաղաքականությունն այլ է, մենք նպատակային օժանդակության կողմնակից ենք: Այսինքն, եթե ՀՀ-ում կան ձեռնարկություններ, որոնք ունեն ծրագրեր, որոնց իրականացումը բերելու է ռեալ առաջընթացի` աշխատատեղերի ստեղծում, աշխատավարձերի բարձրացում, նոր արտադրատեսակ ու տեխնոլոգիաներ, մենք այդ արտոնությունը տալիս ենք: Մենք` որպես պետություն, օժանդակում ենք այն արտադրողին, որն այդ կերպ նպատակ ունի ոչ թե ավելի շատ փող աշխատելու, այլ նոր ներդրումներ կատարելու, աշխատատեղեր ավելացնելու և այլն: Օրինակ` ԱՄՆ-ն ապրանք արտադրող երկիր չէ: Վերջինս ծառայություններ արտադրող երկիր է և ամբողջ աշխարհին նա մատակարարում է իր ծառայությունները, որոնք հիմնված են գիտելիքահեն տնտեսության վրա, և այդ առումով ԱՄՆ տնտեսությունն աշխարհի ամենադինամիկ զարգացողն է: Ապագայի տնտեսությունը հենց դա է: Ես կարծում եմ, որ եթե երկարաժամկետ կտրվածքով նայենք, ապա ՀՀ դիրքավորումն այդպիսին պետք է լինի, քանի որ մենք չենք կարող մրցակցել Չինաստանի, Հնդկաստանի հետ ապրանքների արտադրության ոլորտում: Ապագայում մեր երկիրը նույնպես պետք է դառնա ծառայություններ մատուցող երկիր, որը հիմնված է գիտելիքի վրա: Մենք պետք է մոտակա 10 տարիների ընթացքում ունենանք տասը համալսարան, որոնք համապատասխանում են միջազգային լավագույն չափանիշներին: Չլուծեցինք այս խնդիրը, ուրեմն մենք` որպես ազգ, պետություն, ապագա չենք ունենալու»:
Հիմա ես չեմ, դուք եք, արդյո՞ք սա չի խոսում հենց այն հանգամանքի մասին, որ մեր երկիրը, ըստ էության, խթան չի տալիս տեղական արտադրողին: Մեկնաբանությունները թողնում ենք ձեզ:
Շ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ