կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-24 23:51
Քաղաքական

Բա կոմունիստների ժամանակ էսպե՞ս էր

Բա կոմունիստների ժամանակ էսպե՞ս էր

Արաբական աշխարհը եռում է եւ տեղին է հիշել Չարենցի` «Ինչեր ասես, որ չեն անի ամբոխները խելագարված» բանաստեղծական տողը: «Կարծում եմ` սա շղթայական ռեակցիա է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:

 

«Ինչպիսի՞ն է իրավիճակը արտաքին եւ ներքաղաքական դաշտում. Թուրքիայի սահմանը փակ է, Վրաստանին սեթեւեթում ենք, որ սահմանը չփակվի, ԼՂՀ հիմնահարցը օդից կախված է: Ներսում ունենք գործազրկություն, արտագաղթ, գնաճ... Բա կոմունիստների ժամանակ էսպե՞ս էր»,- հարցրեց ընկեր Թովմասյանը:

 

Նրա կարծիքով` կառավարման գործող փտած համակարգը տառապում է «ռակով եւ մետաստազներ է տվել բոլոր ուղղություններով»:

 

«Գրականությունից սկսած` մինչեւ պատմությունը կեղծվում է: Վերջին 70 տարում հայ ժողովուրդը նման ձեւով աղքատ չի եղել: Հիմա հակաժողովրդական համակարգի խայտառակության տարիներ են»,- նշեց Ռ. Թովմասյանը:

 

Նա հավաստիացրեց, որ ապագա ընտրություններին իրենք մասնակցելու են, եւ եթե գան իշխանության, առաջին հերթին, ազգայնացնելու են ռազմարդյունաբերական հանքերը. «Ինչո՞ւ պետք է հանքային արդյունաբերությունը պատկանի մարդկանց, որոնց մեջ կան մանկապիղծներ»:

 

«Ապագան սոցիալիզմինն է»,- խոսքը եզրափակեց Ռ. Թովմասյանը: