կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-20 00:00
Հասարակություն

Սիրեցե՛ք զմիմեանս

Սիրեցե՛ք զմիմեանս

Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Այս տարի այն նշվում է փետրվարի 19-ին:

 

Հայերը Սբ Սարգսի տոնը հիշատակել եւ նշել են դեռ վաղուց: Սուրբ Սարգիսը եղել է մեր ժողովրդի ամենասիրված սրբերից, որն իր որդու` Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատի:

 

Սովորույթի համաձայն` Սբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրվա սովորություններից է ալյուրով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին եւ սպասել Սբ Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին:

 

Ըստ ավանդույթի` Սբ Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի եւ ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, որը մաքրություն եւ անաղատություն է խորհրդանշում, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքը:

 

Հարցախույզ արեցինք մի քանի երիտասարդների շրջանում, ովքեր կերել էին աղաբլիթը եւ տեսել «գունավոր» երազներ:

 

«Ամբողջ գիշեր ծարավից չէի կարողանում քնել: Վայ, էնքան ամոթ է, երազիս մեջ ամուսնացած դասընկերոջս եմ տեսել: Ջուր ուզեցի` չտվեց. եթե տար, տեսնես ի՞նչ կլիներ»,- ասաց 22-ամյա Նարինե Սահակյանը, ով աղաբլիթը գնել էր եկեղեցու տարածքում` մի տատիկից:

 

Արամ Դավթյանը նշեց, որ անցած տարի երազում տեսել է մի աղջկա, ում հետ այժմ նշանվել է:

 

«Երազումս մեր փողոցի Գայանեին տեսա. սառը ջուր տվեց: Դրանից 3 ամիս հետո չգիտեմ ոնց ստացվեց, բայց սիրահարվեցի նրան»,- ասաց Արամը, ում նշանածը սակայն նույն օրը երազ չէր էլ տեսել:

 

Աղաբլիթը պետք է պատրաստի չամուսնացած կին. պնդում է երիտասարդների մի խումբ, բայց կան մարդիկ, ովքեր ասում են, որ, ընդհակառակը, այն պետք է թխի ամուսնացած եւ երջանիկ կին:

 

Ազգագրագետ Անահիտ Դանիելյանը հավատացնում է, որ այնքան էլ կարեւոր չէ, թե ով է պատրաստել, կարեւորը` ինչ «սրտով» է պատրաստել:

 

«Պետք է ի սրտե լավ բան ցանկանալ եւ պատրաստել ուրախ տրամադրությամբ, այլ ոչ թե` պատրաստել` ուղղակի պատրաստելու համար: Եվ պետք է հավատալ, որ երազ տեսնել»,- ասաց տիկին Դանիելյանը:

 

Իրականում այնքան էլ կարեւոր չէ` ի՞նչ, ո՞վ, որտե՞ղ... Սիրեցե՛ք միմյանց: