կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-07 01:11
Սպորտ

Ռուսաստանի դեմ խաղին Օզբիլիսին մի սպասեք

Ռուսաստանի դեմ խաղին Օզբիլիսին մի սպասեք

Արդեն տեղեկացրել էինք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Մանուկյանը մեկնել էին Ամստերդամ` բանակցելու Արազ Օզբիլիսի հետ:

 

Մինասյանն ավելի շուտ վերադարձավ, քան Մանուկյանը: Վերջինս էլ հայտնել էր, որ Ամստերդամի «Այաքսի» հարձակվող Արազ Օզբիլիսը առայժմ չի շտապում վերջնական պատասխան տալ Հայաստանի հավաքականի կազմում ելույթ ունենալու հեռանկարի վերաբերյալ։

 

Հիշեցնենք, որ հայազգի 20-ամյա ֆուտբոլիստըը, ով ծնվել է Թուրքիայում, մարզվում է «Այաքսի» մանկապատանեկան թիմի կազմում՝ 8 տարեկան հասակից։ Մանուկյանի խոսքերով, Օզբիլիսը ներկայումս ընտրում է Հայաստանի ու Հոլանդիայի հավաքականների միջև. «Արազն ու նրա հայրն անմիջապես բացառեցին Արազի՝ Թուրքիայի հավաքականի կազմում հանդես գալու հնարավորությունը։ Նա հույս ունի խաղալ Հոլանդիայի հավաքականի կազմում, բայց ես նրան ասացի, որ իր հնարավորությունները կրել «Օրանյեյի» մարզաշապիկը շատ ցածր են։ Նրա նման հազարավոր ֆուտբոլիստներ կան Հոլանդիայում»։

 

Ամենայն հավանականությամբ, ռուսների հետ խաղում, որը կկայանա մարտի 26-ին, Օզբիլիսը մեր հավաքականին օգնել չի կարողանա, սակայն ինչպես նշում է աղբյուրը` վերջինս ժամանակ է խնդրել կողմնորոշվելու համար։ Մանուկյանն ասել է, որ քաղաքացիություն ձեռք բերելու հարցում խնդիր չի տեսնում, քանի որ նման հարցերն իրենց մոտ հարթվում են երկրի նախագահի մակարդակով։ Եթե նա համաձայն է լինում, ֆուտբոլիստին տրամադրում են  երկրորդ քաղաքացիություն: