կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-17 01:16
Մշակույթ

Եթե փաստերով հերքենք` ադրբեջանցիները կմնան առանց ոչնչի

Եթե փաստերով հերքենք` ադրբեջանցիները կմնան առանց ոչնչի

«Ուդիները նույնպես խաչքարեր ունեն: Խաչքարերը մեզ ծանոթ հորինվածք ունեն, անգամ հայերեն արձանագրությամբ են,  ստորագրությունները են ուդիական՝ «ուդի առ բարբառ», «ուդիազն»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

 

Այժմ ուդիները բնակվում են Վրաստանի Կախեթի շրջանում, քանի որ Հայաստանը նրանց տեղ չտվեց, երբ ադրբեջանցիները վտարեցին նրանց իրենց քաղաքից: Ուդիները Առաքելական եկեղեցու հետեւորդ են, եւ հենց այդ պատճառով էլ ադրբեջանցիները նրանց հայ են համարում: Սամվել Կարապետյանի համոզմամբ, եթե նրանք Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ չլինեին, միգուցե որպես ազգ պահպանված չլինեին էլ. «Իսկ այժմ ադրբեջանցիները խեղճերին հասցրել են Նայրոբի, որ հաստատեն իրենց հայ չլինելը, նրանք էլ ստիպված են ադրբեջանական դուդուկի տակ պարել: Խաչքարերի հարցը կլուծվի միայն Ադրբեջանի գրպանին կպչելով. այսինքն` պետք է դատական հայց հարուցվի հուշարձանների ջարդի համար»:

 

Ճարտարապետների միության տնօրեն Մկրտիչ Մինասյանը կարծում է, որ ամենակարեւոր պահերին դանդաղ ենք աշխատում. «Մենք չունենք օտարալեզու պատկերազարդ գրքեր, որ մեր երկիր այցելած արտասահմանցուն տանք: Մենք շատ աղքատ վիճակում ենք: Հարցը պետությունը պետք է լուծի: Ադրբեջանը հսկայական ծախսեր է անում՝ գրքեր հրատարակելով եւ բաժանելով»,- ասաց Մ.Մինասյանը:

 

Ս. Կարապետյանը համաձայն չէ, որ ադրբեջանցիները շահարկում են խաչքարերի հարցը՝ գրքերի հրատարակմամբ: Նա կարծում է, որ բավական է` գրագետ ձեւով, այսինքն` փաստերով հերքենք ադրբեջանցիներին, եւ նրանք կմնան առանց ոչնչի:

 

Հուշարձանագետն անդրադարձավ նաեւ Կարսում Չարենցի տան գոյության մասին ասեկոսեներին. «Այն գոյություն չունի որպես այդպիսին: Ես անցած տարի Կարսում էի, ինձ ցույց տվեցին մի ավերակ տուն` ասելով, թե այդտեղ է ապրել Չարենցը, իսկ ուրիշներին ուրիշ փլված տուն են ցույց տվել. գոնե խորամանկություն չունեն, որ նույն տունը ցույց տան»,- զարմանքով նշեց Կարապետյանը: Նա նաեւ հայտնեց, որ Հեղինե Աբրահամյանը` Խորեն Ստամբուլցյանի թոռը, հիշում եւ ցույց է տվել Չարենցի տան իրական տեղը, եւ այժմ այդ թաղամասն անգամ չկա` վերակառուցվել է ամբողջությամբ:

 

2011-ին լրանում է Անիի 1050-ամյակը եւ այս առիթով հուշարձանագետը Սփյուռքի նախարարության հետ համատեղ պատկերազարդ հատոր է հրատարակվելու` նվիրված Անիին: