կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-14 07:16
Քաղաքական

ՀՅԴ-120. Ժողովուրդը գիտե՝ ինքուրույն ուժը կեղծ լինել չի կարող

ՀՅԴ-120. Ժողովուրդը գիտե՝ ինքուրույն ուժը կեղծ լինել չի կարող

 

Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում հրավիրվել էր հանդիսավոր նիստ՝ նվիրված Հայ Յեղափոխական Դաշնակցության 120-ամյակին: Հանդիսությանը ներկա էր նախագահ Սերժ Սարգսյանը: Հրավիրված էին կուսակցությունների ներկայացուցիչներ, մեր երկրում գործող դեսպանատների ներկայացուցիչներ, հյուրեր: Հանդիսավոր նիստին ելույթով հանդես եկավ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:


Հատված Արմեն Ռուստամյանի ելույթից.

 

Չափազանց կարեւոր է կատարել Հայաստանի երեք նախագահների պաշտոնավարության տարիների համեմատական գնահատումը: Առաջին նախագահի օրոք զիջելու պատրաստակամությունն ակնհայտ էր, բայց ոչ միայն զարգացում չարձանագրվեց, այլ ընդհակառակը՝ հետընթաց:

 

Երկրորդ նախագահի օրոք դրսեւորվեց չզիջելու համար անհրաժեշտ վճռականություն եւ կամք, երկիրը սկսեց զարգանալ, սակայն տեմպերը մնացին անբավարար:Երրորդ նախագահի օրոք կրկին որոշվեց զարգանալու համար գնալ զիջումների եւ զարգացման փոխարեն երկիրը հայտնվեց  տեղապտույտի մեջ:

Բերված համեմատությունը ցույց է տալիս, որ այս կարգախոսի անտեսումը կամ թերագնահատումը անխուսափելիորեն հանգեցնում  է ներհասարակական ճգնաժամի: Այդպիսի ճգնաժամի նախանշաններ ազգային, սոցիալ-տնտեսական եւ ժողովրդավարական մակարդակներում  այսօր արդեն տեսանելի են: Մասնավորապես՝

 

  • դեմոկրատիայի  փոխարեն ամրապնդվել է  պլուտոկրատիան՝ հարստության իշխանությունը, որտեղ ծաղկում է  հովանավորչությունն ու  կոռուպցիան,

 

  • ազատ մրցակցային  տնտեսության  փոխարեն մենաշնորհային  տնտեսություն,

 

  • ներդրումների խրախուսման  փոխարեն կապիտալի  արտահանում,

 

  • սոցիալական  պետության փոխարեն ժողովրդի օտարում պետությունից եւ աղքատություն,

 

  • հայրենադարձության փոխարեն արտագաղթ:

 

Այս 20 տարիների փորձը վկայում է, որ «Զարգանալ չզիջելով» կարգախոսը լիարժեք կյանքի կոչելու ընդունակ նոր իշխանությունների  ձեւավորումը Հայաստանի համար  պատմական անհրաժեշտություն է:

 

Այս նպատակին ծառայող իշխանափոխությունը պետք է ունենա համապատասխան առաքելություն, որպեսզի գործող իշխանությունների հեռացումը չավարտվի սոսկ մարդափոխությամբ:

 

Այսպիսի բովանդակային իշխանափոխությունը պետք է ունենա երկու հիմնական առաքելություն՝ հաստատել զիջումները բացառող ազգային- պետական ուղեգիծը եւ ապահովել երկրի սրընթաց զարգացում:

 

Ազգային պետական ուղեգծի հաստատումը առաջին հերթին ենթադրում է.

 

  • Հայաստանի  եւ Թուրքիայի  միջեւ  հարաբերությունների  կարգավորում ազգային անվտանգության  ռազմավարությունը չխափանելու, մեր ժողովրդի  լինելիությունն ու  նրա  նպատակների  իրականացման  հեռանկարը չվտանգելու պատասխանատվությամբ,

 

  • Լեռնային  Ղարաբաղի հիմնախնդրի լուծման գործընթացի իրականացում Արցախի ժողովրդի՝ 1991թ.  անկախության եւ 2006թ.-ի ԼՂՀ  Սահմանադրության  ընդունման  համաժողովրդական  հանրաքվեներով արդեն իսկ  արտահայտած կամքին համապատասխան,

 

  • անհրաժեշտ պայմանների ապահովում երկրի անվտանգության  եւ զարգացման  համար՝ առանց  զիջելու եւ վտանգելու համազգային  ձեռքբերումները, նպատակներն ու շահերը:

 

Երկրի սրընթաց զարգացման համար անհրաժեշտ միջավայրի ստեղծումը ենթադրում է նոր իշխանությունների կողմից հետեւյալ առաջնահերթ քայլերի իրականացում՝

 

  • արմատախիլ  անել  իշխանության վերարտադրման  համակարգը եւ ձեւավորել  իշխանափոխության  հնարավորություն ապահովող ընտրական համակարգ,

 

  • ձեւավորել  ժողովրդավարացման  համար անհրաժեշտ  բարենպաստ  միջավայր՝ պետական  աջակցություն  ապահովելով  մասնակցային  եւ անմիջական  ժողովրդավարության կայացման  գործին,

 

  • իրականացնել  իշխանության  ապակենտրոնացում: Մասնավորապես, ամրագրել վրահսկման, հակակշռման եւ զսպման  ժամանակակից  եւ թափանցիկ մեխանիզմներով օժտված խորհրդարանական համակարգ,

 

  • ձեւավորել  ընդդիմության գործուն  դերակատարությունն ապահովող իշխանություն¬ ընդդիմություն  միասնական քաղաքական համակարգ,

 

  • հաստատել  քաղաքական եւ տնտեսական  գործառույթների զուգակցումը բացառող նորմեր եւ մեխանիզմներ,

 

  • ներդնել  քաղաքացիական վերահսկողությանը ենթակա, անձի բնական ունակությունների եւ փորձառության  հատկանիշների  գերակայությունը երաշխավորող կադրային  քաղաքականություն,

 

  • մշակել  Հայաստանի՝ որպես շրջափակված  եւ դեպի  ծով  ելք չունեցող երկրի, տնտեսության  զարգացման ազգային  ռազմավարություն եւ իրականացնել  համապատասխան  մարտավարություն  միջազգային ասպարեզում:

 

Ակնհայտ է, որ այսպիսի  առաքելություն ունեցող իշխանափոխությունը ձեռնտու չէ ոչ իշխանություններին ոչ էլ իրենց որպես միակ ընդդիմություն հորջորջող ուժերին: Որովհետեւ մեկը չի ուզում հեռանալ, մյուսն էլ պարզապես ինքն է ուզում գալ:

 

Դրա համար փոխանակ խոսեն մեր առաջ քաշած հարցերի մասին, բանավիճեն մեզ հետ քաղաքական, գաղափարական դաշտում, ասեն, որ չենք ընդունում ձեր  «Զարգանալ չզիջելով» կարգախոսը, երկուսն էլ ըստ էության նյունն են քարոզում՝ Դաշնակցությունը կեղծ ընդդիմություն է: Որքան էլ իրենք ջանան մենք չենք ներքաշվելու այդ անպտուղ եւ անօգուտ վեճի մեջ, այլ ինչպես միշտ, մեր գործն ենք անելու եւ մեր գործերով մեր  ժողովրդի անկեղծ համակրանքն ենք ձեռք բերելու:

 

Իսկ բազմադարյա մեր ժողովուրդը լավ գիտի, որ ճիշտն ու սխալը, կեղծն ու շիտակը որոշողը ոչ թե այս կամ այն  անձն ու քաղաքական ուժն է, այլ ժամանակը: ժողովուրդը գիտի նաեւ, որ ինքուրույն ուժը կեղծ լինել չի կարող:

 

Դաշնակցությունը, եթե  իր ինքնուրույնությունը երբեւէ կորցներ, այսօր չկար: Դա գիտեն թե՜ ներկա, թե՜ նախկին  բոլոր իշխանությունները:

 

Ինչպես չկան ու չեն  լինելու  բոլոր  այն ուժերն  ու անձիք ում համար  քաղաքականությունն անբարոյականություն է, բիզնես կամ  հարմար  զբաղմունք:

 

Իսկ Դաշնակցությունը դիմացել է 120 տարվա փորձություններին ու զրկանքներին եւ դիմանալու ու մաքառելու է այնքան ժամանակ քանի դեռ մեր ժողովուրդը չի կերտել իր երազած ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանը: