Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.
«Նոյեմբերի 20-ին նախատեսված էր Հայաստանի նախագահի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող Աֆղանստանում ՄԱԿ-ի մանդատով ՆԱՏՕ-ի ղեկավարած Միջազգային անվտանգության աջակցման ուժերին մասնակցող երկրների ղեկավարների հանդիպմանը:
Հայաստանը կարևորում է ՆԱՏՕ-ի հետ իր համագործակցությունը, որն ընթանում է Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի շրջանակներում և անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հիման վրա: Այդ համագործակցության ծավալների ու ձևերի հետևողական աճ է արձանագրվում: Հայաստանն այսօր ակտիվ ներգրավվածություն ունի ՙ«Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող բազմաթիվ վարժանքների, ուսումնական ծրագրերի, զորավարժությունների: Որպես գործընկեր երկիր` Հայաստանը վերջին տարիներին նաև նման զորավարժություններ հյուրընկալել է իր տարածքում: Մենք բարձր ենք գնահատում Հյուսիսատլանտյան դաշինքի ներդրումը ՀՀ զինված ուժերի բարեփոխման գործընթացին: Հայաստանի Հանրապետության մասնակցությունը ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններին Կոսովոյում և Աֆղանստանում արդյունավետ փոխգործակցության լավագույն դրսևորումներից է:
Այդ համագործակցությունը, համաձայն մեր երկրի ազգային անվտանգության ռազմավարության, Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացման բաղադրիչներից է: Այդ առումով հատկապես կարևորվում են Հայաստանի համար կենսական խնդիրների շուրջ ընդունվող փաստաթղթերի բովանդակությունն ու դրանցում տեղ գտնող ձևակերպումները, որոնք պետք է ուղղված լինեն տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը:
Հայկական կողմը բազմիցս ընդգծել է հակամարտությունների լուծման ընդհանրական ձևակերպումների անընդունելիությունը: ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան համաժողովի հռչակագրի նախագծում հարավկովկասյան կոնֆլիկտների լուծման նախկին ընդհանրացված ձևակերպման պահպանումը, որում հղում է կատարվում ԵԱՀԿ կողմից հռչակված սկզբունքներից միայն մեկին, վատ ազդակ կարող է դառնալ և լրացուցիչ բարդություններ ստեղծել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում, հատկապես` վերջին շրջանում Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճի և նրա ղեկավարության հայատյաց հռետորաբանության ֆոնի վրա:
Հաշվի առնելով այս մտահոգությունը` նշված հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և պաշտպանության նախարարները»,- ասված է ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի հայտարարության մեջ: