Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կրթության և գիտության նախարարի համապատասխան հրամանով հաստատվել է «Էքստեռն (դրսեկություն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու» նոր կարգը:
Աշակերտը իր ուսման ողջ ընթացքում կարող է վաղաժամկետ կարգով դասարանից դասարան փոխադրվել միայն մեկ անգամ: Էքստեռն փոխադրական քննությունները կազմակերպվում են բացառապես այն աշակերտների համար, ովքեր նախորդ դասարաններում ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից ունեցել են գերազանց առաջադիմություն:
էքստեռն փոխադրական քննություններ չեն կազմակերպվում 2-րդ աստիճանի կրթական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության ավարտական 9-րդ դասարանում, ինչպեսև 3-րդ աստիճանի կրթական ծրագրեր իրականացնղ հանրակրթական ուսումնական հաստատության բոլոր դասարաններում (10-12 դասարաններ):
Մանկավարժական խորհրդի կողմից դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրման համար երաշխավորված աշակերտը կենտրոնացված կարգով հանձնում է փոխադրական քննություններ: 1-4-րդ դասարանի աշակերտների դեպքում գիտելիքների ստուգում է լինում, իսկ մյուս դասարանցիները հանձնում են քննություններ «Հայոց լեզու», «Մաթեմատիկա» առարկաներից: Քննություններն անցկացվում են հունվարի 20-25-ը ընկած ժամանակահատվածում` նախարարության կողմից ընտրված երևանյան որևէ դպրոցում:
Կենտրոնացված փոխադրական քննություններ անցկացնող հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում սովորողն իրավունք է ստանում մասնակցելու տվյալ դասարանի ուսումնական պլանով նախատեսված մյուս առարկաների քննություններին, որոնք անցկացվում են հունվարի 26-ից փետրվարի 15-ը ընկած ժամանակահատվածում, առարկայական մեթոդական միավորումների կողմից կազմված քննական առաջադրանքներով:
Փոխադրական քննություններն (գիտելիքների ստուգումը) անցկացվում են տվյալ դասարանի 2-րդ կիսամյակի և հաջորդ դասարանի 1-ին կիսամյակի ուսումնական պլաններով նախատեսված բոլոր առարկաների ծրագրային նյութերից: Փոխադրական բոլոր քննություններից 7-10 միավոր ստանալու դեպքում դպրոցի մանկավարժական խորհուրդը որոշում է աշակերտի դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրումը հաստատել, թե ոչ:
Համաձայն կարգի` էքստեռն ավարտական քննությունները կազմակերպվում են կրթական 2-րդ և 3-րդ աստիճանների հանրակրթական հիմնական, ընդհանուր ծրագրերին համապատասխան: Նշված քննություններին կարող են մասնակցել և էքստեռն կարգով միջնակարգ կրթության ատեստատ ստանալ հիմնական կրթության վկայական ստանալու օրվանից առնվազն 3 տարի հետո հանրակրթությունից դուրս մնացած և ինքնակրթությամբ զբաղված, ինչպեսև 3-րդ աստիճանի հանրակրթական դպրոցի ավարտական դասարանում ուսումն ընդհատած անձինք:
Էքստեռն կարգով ատեստատ ստանալու պետք է դիմել` սկսած հաջորդ տարվանից: էքստեռն ավարտական քննություններին կարող են մասնակցել և էքստեռն կարգով հիմնական կրթության ավարտական վկայական ստանալ 16 տարին լրացած անձինք: Համաձայն կարգի` էքստեռն ավարտական քննությունները կազմակերպվում են Երևանում` էքստեռն ավարտական քննություններ կազմակերպելու իրավունք վերապահված ավագ դպրոց(ներ)ում:
Կարգով սահմանվում է, որ ինքնակրթությամբ զբաղված անձինք, ցանկության դեպքում, կարող են դիմել որևէ ավագ դպրոց` քննական առարկաներից վճարովի հիմունքներով լրացուցիչ պարապմունքներ կազմակերպելու խնդրանքով:
էքստեռն քննություններն անցկացվում են մայիսի 20-ից հունիսի 20-ը: Սահմանվում է, որ էքստեռն կարգով ավարտական քննություններ հանձնած դրսեկի ստացած քննական դրական գնահատականները ուժի մեջ են մեկ տարի: Հաջորդ տարի նա քննություն է հանձնում միայն այն առարկայից, որից քննություն չի հանձնել կամ ստացել է քննական անբավարար գնահատական: Բոլոր քննություններից դրական գնահատականներ ստացած քաղաքացիներին տրվում է հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ՝ «Էքստեռն» նշումով, որը կատարվում է նախարարությունում: Էքստեռն կարգով ավարտողները գովասանագրով կամ մեդալով չեն պարգևատրվում: