Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով՝ հաստատվել են 2021 թվականի 3-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը:
Ըստ այդմ՝ 3-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) քննությունները կանցկացվեն 2021 թվականի հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 4-ը ներառյալ՝ Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1): Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները «Հայաստանի աշխարհագրություն», «Կենսաբանություն», «Համաշխարհային պատմություն», «Ֆիզիկա», «Քիմիա» և «Աշխարհագրություն» առարկաների քննությունները կհանձնեն գրավոր, իսկ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատիկա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն», «Ռուսերեն», «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար), «Օտար լեզու» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Գրականություն» առարկաների քննությունները՝ բանավոր:
Միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար դրսեկները «Համաշխարհային պատմություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Ռուսաց լեզու» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար) առարկաների քննությունները կհանձնեն գրավոր, իսկ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատիկա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն», «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար) առարկաների քննությունները՝ բանավոր:
«Ֆիզկուլտուրա» առարկայի ստուգարքը երկու դեպքում էլ կանցկացվի նորմատիվների հանձնմամբ: Գրավոր քննական թեստերը կազմում է ԿԳՄՍՆ Գնահատման և թեստավորման կենտրոնը` առնվազն 4 թեստ յուրաքանչյուր առարկայից` գնահատման 20 բալային համակարգով: Բանավոր քննական հարցատոմսերը կազմում են էքստեռն քննություններ ընդունող դպրոցի համապատասխան մեթոդական միավորումները` առնվազն 10 հարցատոմս յուրաքանչյուր առարկայից, գնահատման 10 բալային համակարգով:
Հիմնական կրթության վկայականում և միջնակարգ կրթության ատեստատում ավարտական և պետական ավարտական քննական առարկաները գնահատվում են 20 բալային համակարգով, իսկ տարեկան գնահատականները նշանակվում են` 20 բալային համակարգից գնահատականները վերածելով 10 բալային համակարգի: Բանավոր քննությունները գնահատվում են 10 բալային համակարգով և համարվում տարեկան գնահատականներ:
Գնահատականները գրանցելիս գնահատման 20 բալային համակարգից 10 բալային համակարգին անցման համապատասխանությունը կատարվում է՝ համաձայն հետևյալ սանդղակի՝
20 միավոր - 10
18-19 միավոր - 9
16-17 միավոր – 8
14-15 միավոր – 7
12-13 միավոր – 6
10-11 միավոր – 5
8-9 միավոր – 4
2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) քննությունները կանցկացվեն՝ համաձայն սահմանված ժամանակացույցի:
Դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կազմակերպելու և անցկացնելու գործընթացը վերահսկում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Մանրամասների համար զանգահարել (091) 195610 և (010) 667250 հեռախոսահամարներով: