կարևոր
397 դիտում, 20 րոպե առաջ - 2026-11-10 18:27
Քաղաքական

Արաբկիր հանրախանութից՝ 10 մլն ներդրումային ծրագիր. նախագծից շեղումները և քրեական վարույթը․ «Հետք»

Արաբկիր հանրախանութից՝ 10 մլն ներդրումային ծրագիր. նախագծից շեղումները և քրեական վարույթը․ «Հետք»

«Հետք»-ը գրում է․

«10 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրով վերակառուցվում է նախկին «Արաբկիր» հանրախանութը և հարակից այգին։ Մոտ երեսուն տարի  լքված այգու, կրպակաշարերի և հանրախանութի տեղում կառուցվում է  հասարակական բազմաֆունկցիոնալ կենտրոն՝ շրջապատված այգով։ Կենտրոնի շենքը նախագծված է ժամանակակից պարամետրիկ ճարտարապետության սկզբունքներով: Նախագծի գլխավոր ճարտարապետը «Իթակէ 999» ճարտարապետական ստուդիայի հիմնադիր Տելեմակ Անանյանն է, կառուցապատողը՝ «Հայկ-88» ՍՊԸ-ն։  Այս համագործակցությունը, սակայն, երկար չի տևել. շինարարության փուլում հեղինակի և պատվիրատուի հարաբերությունները վատացել են։ Ճարտարապետը հայտարարում է, որ աշխատանքներն իրականացվում են հաստատված նախագծից էական շեղումներով, խախտումներով: Շինհրապարակում տեսչական մարմնի ստուգումները խոչընդոտվել են։ Գլխավոր ճարտարապետի խոսքերով՝ նախագծի շինարարական փուլում նրա հիմնական տարաձայնությունները եղել են Վախթանգ Սիսակյանի հետ։ Նրա որդուն՝ Միհրան Սիսակյանին է պատկանում «Հայկ-88» ընկերության 30 տոկոսը։ Կրտսեր Սիսակյանը 2026թ.-ից ղեկավարում է ՀՀ ֆինանսների նախարարության Պետություն-մասնավոր համագործակցության բաժինը։

Մինչ տեսչական մարմինը չի կարողանում ստուգել Կառավարության որոշմամբ հաստատված ծրագիրը, «Հետքը» ուսումնասիրել է համայնքային հողատարածքի վրա «Հայկ-88» ՍՊԸ-ի գործունեությունը  90-ականներից մինչ օրս։ Հոդվածում պատմում ենք Կոմիտասի պողոտա 49/10 և 49/9 հասցեներում իրականացվող խոշոր ներդրումային ծրագրի և  նախագծի գլխավոր ճարտարապետ Տելեմակ Անանյանի արձանագրած շեղումների մասին։ Ճարտարապետի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական վարույթ։

Պուրակի վերակառուցման և կանաչապատման 18 տարվա խոստումը

1994 թվականին Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի որոշմամբ «Հայկ-88» ՍՊԸ-ին թույլատրվել էր Կոմիտասի պողոտա 49 և 51 շենքերին հարող պուրակում տեղադրել կրպակաշար։ 1995 թվականին էլ գործկոմը թույլատրել էր նաև բացօթյա տոնավաճառ կազմակերպել այդ տարածքում։

2002 թվականի հուլիսի 16-ին Երևանի քաղաքապետարանը որոշում է կրպակաշարի և տոնավաճառի զբաղեցրած հողամասերը՝ 228, 90 և 850 քմ մակերեսներով, առանց մրցույթի, 50 տարի ժամկետով վարձակալության հանձնել «Հայկ-88» ՍՊԸ-ին։ Վարձակալության գինը սահմանվում է կադաստրային արժեքի 30%-ի չափով։ Այսինքն՝ 1168 քմ ընդհանուր մակերեսով հողամասերի տարեկան վարձավճարը սահմանվում է 693 186 դրամ։

Հետագա տարիներին ընկերությանը տրամադրված հողամասը կրկին ընդլայնվում է՝ դառնալով 2016 քմ։ Քաղաքապետարանը 2002 թվականի հուլիսի 16-ի N1192-Ա որոշմամբ պարտավորեցնում է «Հայկ-88» ՍՊԸ-ին սեփական միջոցների հաշվին իրականացնել պուրակի համալիր բարեկարգման աշխատանքներ՝ ներառյալ կրպակաշարի դիմացի մայթը և սիզամարգը, հետևել ծառերի խնամքին և տարածքի սանիտարական մաքրությանը։

Այսինքն, պուրակի համալիր բարեկարգման աշխատանքների պարտավորություն «Հայկ-88» ՍՊԸ-ն ստանձնել էր դեռ 2002 թվականից։ Կառավարության նիստին, երբ հավանության էր արժանանում այս ներդրումային նախագիծը, հարցը զեկուցող Սուրեն Պապիկյանը, ով այդ ժամանակ ՏԿԵ նախարարն էր, նշեց, որ տարածքը գտնվում է ոչ բարեկարգ վիճակում։ Ստացվում է, որ ընկերությունը չի կատարել 2002-ին ստանձնած պարտավորությունը։ Բայց այս հանգամանքը Կառավարությանը չի խանգարել հավանության արժանացնել «Հայկ-88» ՍՊԸ-ի ներկայացրած նախագիծը»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։