կարևոր
976 դիտում, 31 րոպե առաջ - 2026-11-10 18:16
Հասարակություն

Էջմիածնում դպրոցական աղջիկները դանակահարել են իրար․ «Հրապարակ»

Էջմիածնում դպրոցական աղջիկները դանակահարել են իրար․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Մեզ պատմեցին, որ Վաղարշապատի Գրիգոր Նարեկացու անվան թիվ երկու ավագ դպրոցում նոյեմբերի 9-ին արտառոց դեպք է տեղի ունեցել: 10-րդ դասարանի աշակերտուհու և իր ընկերուհու վեճն ավարտվել է դանակահարությամբ: Մեր աղբյուրի խոսքով` երկու ընկերուհիները սիրահարված են նույն տղային, աղջիկներից մեկը որոշել է մրցակցին պատժել եւ դանակահարել է նրան։

Վաղարշապատի թիվ երկու դպրոցի տնօրեն Ալվարդ Հայրապետյանը «Հրապարակի» հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը: Ասաց, որ դանակահարվողն է եղել իրենց դպրոցի սանը, իսկ դանակահարողին ինքը չի ճանաչում. «Աղջիկներից մեկը, ով մեր դպրոցի աշակերտուհին է, դպրոցից դուրս է եկել, որպեսզի ընկերուհուն հրաժեշտ տա, ընկերուհին մեր դպրոցից չէ: Գրկախառնության ընթացքում ծակող գործիքով նա հարվածել է մեր աշակերտուհուն, չգիտեմ` դանակ է եղել, թե այլ առարկա: Ոստիկանություն ենք դիմել, ընթացք է տրվել, աշակերտուհու վիճակը լավ է, նրան բուժօգնություն է ցուցաբերվել, ոչ մի վտանգավոր բան հիմա չկա»:

Ոստիկանությունից էլ մեզ հետ զրույցում կատարվածի վերաբերյալ հաղորդեցին. «Նոյեմբերի 9-ին ժամը 11:40 Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա մի աղջիկ վնասվածք է ստացել: Նախնական տեղեկություններով` երկու ընկերուհիների միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում 15 տարեկան աղջիկը կտրող-ծակող գործիքով վնասվածք է պատճառել ընկերուհուն: Բաժնի ծառայողները պարզել են վնասվածք պատճառած աղջկա ինքնությունը, ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու համար»: