կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-30 16:11
Քաղաքական

Եթե նախագծից տեղյակ չենք, ինչպե՞ս կարող ենք առաջարկություններ ներկայացնել. Տարոն Սիմոնյանը` Մակունցի հայտարարության մասին

Եթե նախագծից տեղյակ չենք, ինչպե՞ս կարող ենք առաջարկություններ ներկայացնել. Տարոն Սիմոնյանը` Մակունցի հայտարարության մասին

Ինչպե՞ս կարող եմ ողջունել հակաիրավական ու հակասահմանադրական վարքագիծը. այսպես պատասխանեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը Yerkir.am-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանների մուտքերը փակելն ու դատարանների աշխատանքը պարալիզացնելը:

Հստակեցրեց` դռները փակել ու դատավորներին թույլ չտալ արդարադատություն իրականացնել` հակասահմանադրական ու հակաիրավական վարքագիծ է, և ինքը, բնականաբար, դեմ է այդ ամենին:

«Կարծում եմ` այդ գործիքը համաչափ չէ այն նպատակին, որին ցանկանում ենք հասնել, իսկ  նպատակը դատական համակարգի առողջացումն է: Դատական համակարգի` որպես ինստիտուտի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը երբեք չի օգնի, որ առողջացնենք այդ համակարգը, ու դա հատկապես այն դեպքում, երբ հասարակությունն էլ իր հերթին է սկսում հեղինակազրկել դատական համակարգը: Եթե այդտեղ սուրբ մարդու էլ դնենք, ապա, միևնույն է, վստահության պակաս միշտ կլինի»,- նշեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է բարեփոխումներին, ապա, ըստ Սիմոնյանի, իրավական ոլորտում գործունեություն ծավալելու առաջին իսկ օրվանից ասում է` դատավորներից շատերն անհամապատասխան են զբաղեցրած պաշտոնին ու կարգավիճակին: Հենց դա է պատճառը, որ հնարավորինս շուտ պետք է առողջացնել համակարգը` ազատվելով մասնագիտական ցածր գիտելիքներ ու մարդկային ցածր որակներ ունեցող դատավորներից:

Դառնալով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությանը, թե վեթինգի մասին նախագիծը գրեթե պատրաստ է, ու այդ կապակցությամբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի զարմանքին, պատգամավորն ասաց. «Մենք նախ պետք է հասկանանք` քննարկման առարկան ինչն է, որովհետև ինքներդ էլ գիտեք` վեթինգ կոչվածը բավական մեծ հասկացություն է: Հենման կետեր պետք է ունենանք, թե ինչն է մեզ համար նախընտրելի, ինչը` ոչ: Եթե ոչ մի բանից տեղյակ չենք, թե ինչ փաստաթղթի շուրջ է կառուցվում ամբողջ համակարգը, ապա ինչպե՞ս կարող ենք առաջարկություններ ներկայացնել: Գոնե մինչ այս ներգրավեին գործընթացներում, կամ եթե պատրաստ է այդ փաստաթուղթը, տան մեզ, մենք կարծիք հայտնենք դրա հետ կապված»: