կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-10 17:09
Հասարակություն

Հայաստանում ծնունդների բնականոն համարվող սեռային հարաբերակցության շեղումները վտանգավոր սահմանագծի են հասել

 Հայաստանում ծնունդների բնականոն համարվող սեռային հարաբերակցության շեղումները վտանգավոր սահմանագծի են հասել

Հայաստանում տարեկան 1400 աղջիկ չի ծնվում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների պատճառով: Եթե այսպես շարունակվի, ապա մինչև 2060 թվականը Հայաստանը կկորցնի մոտ 93 հազար աղջիկ` ապագա մայր:  Այս մասին «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա»-ի կողմից կազմակերպված «Պպտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները, դրանցով պայմանավորված ժողովրդագրական իրավիճակը, խնդիրները և հնարավոր լուծումները» սեմինար-քննարկումնից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց հանրային առողջապահության մասնագետ, «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա»-ի գիտահետազոտական ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Ինեսա Չիլինգարյանը: «Պատճառները շատ են, որ կանայք ընդհատում են հղիությունը, երբ իմանում են աղջիկ են ունենալու: Կարծում են, որ տղաներն ընտանիքի պաշտպաններն են, ընտանիքի հաց վաստակողներն են, ապագա զինվորներ են: Սակայն, ապագա զինվոր ասելով չեն մտածում, որ եթե այդ աղջիկները չծնվեն, հետագայում արդեն զինվորներ էլ չեն ծնվի»,- ասաց նա:

Չիլինգարյանի խոսքով՝  գինեկոլոգները, ովքեր սերտ շփում են ունենում հղի կանանց հետ, կարող են աշխատել, համոզել, բացատրել, թե ինչու չի կարելի, պտղի սեռով պայմանավորված, հղիությունը ընդհատել: «Հենց նրանք են առաջինը շփվում այն կանանց հետ, ովքեր ուզում են սեռով պայմանավորված ընդհատել հղիությունը:  Բժշիկները պետք է ամեն կերպ համոզեն կնոջը, ով այդ քայլին է գնում, քանի որ ընտանիքն է ստիպում: Բժիշկները պետք է ներկայացնեն, թե  նման քայլն ինչ բացասական ազդեցություններ կարող է ունենալ իրենց առողջության վրա»,- նշեց նա՝ հավելելով, որ օրինակ, Չինաստանում, որը պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումների  ցուցանիշով առաջինն է աշխարհում, միջին ցուցանիշը կազմում է՝ 118 տղա 100 աղջկա դիմաց, Հայաստանում կան մարզեր, որտեղ ցուցանիշը կազմում է 124 տղա-100 աղջիկ, Երևանում՝ 115 տղա-100 աղջիկ: Ամենացածր ցուցանիշը Սյունիքի մարզում է: Ըստ Չիլինգարյանի՝ հետազոտությունները ցույց են տալիս, որ գյուղական համայնքներում ցուցանիշներն անհամեմատ բարձր են, քան քաղաքային համայնքներում:

Չիլիգարյանը նաև նշեց, որ այս տվյալները մտահոգիչ են և ծնունդների բնականոն համարվող սեռային հարաբերակցության շեղումները ներկայում Հայաստանում վտանգավոր սահմանագծի են հասել և դարձել լուրջ ժողովրդագրական սպառնալիք: