կարևոր
361 դիտում, 15 րոպե առաջ - 2026-11-09 21:09
Հասարակություն

Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության դեպքից չորս տարի անց դատավճիռ դեռևս չի կայացվել. «Փաստինֆո»

Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության դեպքից չորս տարի անց դատավճիռ դեռևս չի կայացվել. «Փաստինֆո»

Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության դեպքից չորս տարի անց դատավճիռ դեռևս չի կայացվել։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։

Քրեական գործն արդեն տևական ժամանակ է, ինչ ապացույցների հետազոտման փուլում է, հետազոտվել են գրավոր և իրեղեն ապացույցները, վկաների մի մասը հարցաքննվել են։ Գործի քննությունն իրականացվում է դռնփակ ռեժիմով, ինչով պայմանավորված դատավարության կողմերն առայժմ զերծ են մնում մեկնաբանություններից։

Աղմկահարույց քրեական գործը, հիշեցնենք, շուրջ երկու տարի գտնվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում՝ հիմնական դատալսումների փուլում, վկաների հարցաքննությունն արդեն ավարտական փուլում էր, սակայն դատավորի լիազորությունները կասեցվել են՝ քրեական հետապնդման ենթարկվելու հիմքով, այժմ քրեական գործը գտնվում է դատավոր Ռոման Սմբատյանի վարույթում, քննվել զրոյից՝ դռնփակ ռեժիմով՝ պաշտպանների միջնորդությամբ, թեև Արտուշ Գաբրիելյանի վարույթում նույն ապացույցները հետազոտվել են՝ դռնբաց։
Սպանության դեպքը տեղի է ունեցել 2022թ. նոյեմբերի 9-ին՝ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում. գյուղի տներից մեկում հայտնաբերվել է երեք դի։

Մահացածներն են՝ մայրը՝ 31-ամյա Զարինեն, ու նրա երկու երեխաները՝ 12 տարեկան դուստրը և 8 տարեկան որդին։ Իրավապահ մարմինները հայտնել էին, որ տան ննջասենյակի մեկտեղանի մահճակալին հայտնաբերվել է արական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը և ոտքերը կապած վիճակում, նույն ննջասենյակի հատակին հայտնաբերվել է իգական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հետին մակերեսին և որովայնի հատվածներում կտրած-ծակած վերքերով, իգական սեռի դի՝ որովայնի և կրծքավանդակի հատվածներում ու կրծքավանդակի հետին մակերեսին կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը հետնամասում թելով կապված վիճակում: Դաժան սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, հաջորդ օրը ձերբակալվել է նաև հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը՝ 41-ամյա տղամարդ։

Տղամարդիկ ազգականներ են, երկուսն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։ ՔԿ տարածած հաղորդագրության համաձայն՝ մեղադրյալները տուն մուտք են գործել՝ գումար հափշտակելու համար, սակայն, տանտիրուհուց իմանալով, որ տանը գումար չկա, իրենց կողմից կատարված հանցագործությունները թաքցնելու նպատակով, նախ կապել և միմյանց գործողությունները փոխլրացնելով՝ առանձին դաժանությամբ սպանել են կնոջը, ապա 32-ամյա տղամարդը, կատարված հանցանքները թաքցնելու նպատակով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կապել է երեխաների ձեռքերն ու ոտքերը և խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

32-ամյա Վրույր Բարսեղյանին, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ և 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ և 13-րդ կետերով (երկու դրվագ)՝ այլ հանցանքը թաքցնելու նպատակով մի խումբ անձանց կողմից առանձին դաժանությամբ սպանության և անօգնական վիճակում գտնվող երկու անչափահասին առանձին դաժանությամբ սպանության համար, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակության համար և 198-րդ հոդվածի 4-րդ մասով՝ 12 տարին չլրացած անձի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու համար։ Մյուս մեղադրյալին՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանին, որը, ըստ մամուլի, Նիկոլ Փաշինյանի աջակիցն է, մեղադրանք է ներկայացվել՝ այլ հանցանքը թաքցնելու նպատակով մի խումբ անձանց կողմից սպանություն կատարելու և բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակության համար։ Երկուսն էլ կալանավորված են։