կարևոր
373 դիտում, 17 րոպե առաջ - 2026-11-10 14:15
Հասարակություն

Երեխաների առողջությունը չի կարող սպասել․ 150 երեխա՝ Սևանի վերականգնողական կենտրոնի ծառայությունների հերթում

Երեխաների առողջությունը չի կարող սպասել․ 150 երեխա՝ Սևանի վերականգնողական կենտրոնի ծառայությունների հերթում

Սևանի մանկական վերականգնողական կենտրոնում այս պահին  շուրջ 150 երեխա ամիսներով սպասում է իր հերթին։ Yerkir.am-ի խմբագրություն ահազանգած ծնողները մտահոգված են՝ ամիսներով ձգվող հերթերը կարող են խաթարել երեխաների վերականգնողական գործընթացն ու լուրջ հետևանքներ թողնել։  Կենտրոնի ղեկավարությունը սակայն խնդիրը չի պայմանավորում պետական պատվերի սահմանաչափով․ ասում է՝ ֆինանսավորման հնարավորությունը կա, սակայն 9-ը մասնագետով այլևս չեն հասցնում սպասարկել աճող պահանջարկը։  Կարճ ասած՝ գումար կա, մասնագետ չկա, ինչի հետևանքով  երեխան ստիպված է լինում սպասել կես տարուց մինչև գրեթե մեկ տարի, որպեսզի կարողանա սկսել վերականգնողական կուրսը։ Թե ի՞նչ լուծումներ են առաջարկվում, և որքանո՞վ են ամիսներ ձգվող հերթերը վտանգում վերականգնողական աշխատանքի արդյունավետությունը, զրուցել ենք կենտրոնի պատասխանատու Արփինե Հակոբյանի հետ։

-Այս պահին մեր հերթացուցակում շուրջ 150 երեխա կա։ Սակայն խնդիրը ոչ թե ֆինանսավորման սահմանափակումն է, այլ դիմելիության շարունակական աճը։ Զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների թիվը գնալով ավելանում է, իսկ մեր մասնագիտական թիմի հնարավորությունները սահմանափակ են։ Կենտրոնում աշխատում է ընդամենը 9 մասնագետ։ Նրանցից յուրաքանչյուրն աշխատում է ամբողջ ծանրաբեռնվածությամբ, սակայն առկա աշխատուժով հնարավոր է սպասարկել միայն որոշակի թվով երեխաների։ Հետևաբար, հերթերի գոյացումը պայմանավորված է հիմնականում մասնագետների թվի և դիմող երեխաների քանակի անհամապատասխանությամբ։

-Տիկին Հակոբյան, իսկ պետական պատվերի ծավալը նախորդ տարիների համեմատ փոխվե՞լ է։ Որքա՞ն ֆինանսավորում է հատկացվում կենտրոնին, և արդյոք այն կրճատվե՞լ է։

-Արդեն երրորդ տարին է՝ պետական պատվերի սահմանաչափը բաց է։ Այսինքն՝ մեզ համար նախապես սահմանված չէ սպասարկվող երեխաների կամ ֆինանսավորման որոշակի քանակական սահմանափակում։ Պետությունը հնարավորություն է տալիս աշխատել մեր ամբողջ ներուժով և ռեսուրսներով։ Մինչև 2024 թվականը իրավիճակն այլ էր․ պետական պատվերի շրջանակում գործում էր որոշակի սահմանաչափ՝ նախորդ տարիների կատարողականի հիման վրա։ Սակայն 2024 թվականից սկսած այդ սահմանափակումը վերացվել է, և մենք կարողանում ենք աշխատել ըստ առկա հնարավորությունների ու պահանջարկի։ Ուստի այս պահին լրացուցիչ երեխաներ սպասարկելու համար մեզ անհրաժեշտ է ոչ այնքան ֆինանսավորման ավելացում, որքան նոր մասնագետների ներգրավում։

-Եթե պահանջարկն այդքան մեծացել է, ինչո՞ւ չեք կարողանում նոր մասնագետներ ներգրավել։

-Հիմնական խոչընդոտը շենքային պայմաններն են։ Մեր ունեցած տարածքն ամբողջությամբ օգտագործվում է, սենյակները զբաղված են, և լրացուցիչ մասնագետներ ներգրավելու հնարավորություն առայժմ չունենք։

-Այս խնդրի վերաբերյալ դիմե՞լ եք Առողջապահության նախարարությանը կամ համապատասխան կառույցներին։

-Այս պահին դեռևս պաշտոնական դիմում չենք ներկայացրել, բայց պատրաստվում ենք բարձրացնել հարցը։ Պետք է նշեմ նաև, որ երեխաների թվի աճը որոշակիորեն պայմանավորված է իրազեկվածության բարձրացմամբ։  Այսօր մանկաբույժներն ավելի ուշադիր են երեխաների զարգացման առանձնահատկությունների նկատմամբ, ավելի վաղ տարիքում են նկատում խնդիրները և ծնողներին ուղղորդում վերականգնողական կենտրոններ։ Նախկինում հնարավոր է՝ որոշ խնդիրներ չէին բացահայտվում կամ այդքան վաղ չէին արձանագրվում։ Ես միայն ողջունում եմ այս փոփոխությունը, որովհետև որքան վաղ տարիքում է հայտնաբերվում խնդիրը, այնքան ավելի արդյունավետ կարող է լինել վերականգնողական աշխատանքը։

Մեր կենտրոնը Սևանի բժշկական կենտրոնի կազմում գործում է 2022 թվականից։ Այդ տարի սպասարկել ենք ընդամենը 110 երեխայի։ Այսօր արդեն տարեկան սպասարկում ենք շուրջ 250 երեխայի։ Այսինքն՝ ծառայություններից օգտվողների թիվը զգալիորեն աճել է, սակայն դիմելիությունը շարունակում է ավելանալ։

-Այս պահին քանի՞ երեխա է հերթագրված, և միջինում որքա՞ն ժամանակ են նրանք սպասում ծառայություններից օգտվելու համար։

-Մոտ մեկ շաբաթ առաջ վերանայել եմ մեր հերթացուցակը․ այս պահին սպասում է շուրջ 140-150 երեխա։ Սպասման միջին տևողությունը 5-8 ամիս է, որոշ դեպքերում՝ մինչև 10 ամիս։ Սպասման ժամկետը կարող է փոխվել՝ կախված ֆինանսավորման ընթացքից։ Լինում են նաև ժամանակահատվածներ, հատկապես տարվա վերջին, երբ մինչև վերաֆինանսավորումը որոշակի սահմանափակումներ են առաջանում։

- Տիկին Հակոբյան, ստացվում է՝ առողջապահության նախարարությունում տեղյակ չեն, որ  երեխաներն ամիսներով սպասում են իրենց հերթերին։

-Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ տեղյակ են, սակայն ես չեմ կարող վստահաբար ասել, թե որքանով է խնդիրը նրանց ուշադրության կենտրոնում։Երեխաներին մեր կենտրոն ուղղորդում են «Արմեդ» համակարգի միջոցով։ Ուղեգիրը հիմք է հանդիսանում հերթագրման համար։ Իհարկե, ուղեգրի ստացումից մինչև երեխայի փաստացի բուժման մեկնարկը որոշակի ժամանակային միջակայք է առաջանում։ Նշեմ նաև, որ հերթերի խնդիրը միայն մեր կենտրոնին բնորոշ չէ։ Նման իրավիճակ կա նաև մյուս վերականգնողական կենտրոններում։

-Իսկ ի՞նչ լուծում եք առաջարկում ծնողներին։ Ի՞նչ պետք է արվի, որպեսզի երեխաները հնարավորինս շուտ ստանան անհրաժեշտ ծառայությունները։

-Առաջին հերթին պատրաստվում եմ դիմել Սևանի բժշկական կենտրոնի տնօրինությանը՝ մեր մասնագիտական թիմն ընդլայնելու խնդրանքով։ Հնարավոր է՝ քննարկվեն նաև աշխատանքի կազմակերպման այլ տարբերակներ, օրինակ՝ աշխատանքային ժամերի երկարացում կամ այլ լուծումներ։ Դա արդեն պետք է քննարկենք տնօրինության հետ։Ամեն օր առնչվում եմ այս խնդրին։ Ծնողներ, տատիկներ, պապիկներ են դիմում՝ խնդրելով հնարավորինս շուտ ընդունել երեխային։ Կան դեպքեր, երբ միջամտությունը ցանկալի է սկսել հնարավորինս վաղ, քանի որ այդ տարիքում վերականգնողական աշխատանքն առավել արդյունավետ է։ Սակայն ստիպված ենք ծնողներին ասել, որ պետք է սպասեն ամիսներ։

-Ծնողներին առաջարկո՞ւմ եք նաև վճարովի ծառայություններից օգտվել՝ հերթը շրջանցելու համար։

- Այո՛, նման հնարավորություն կա։ Եթե ծնողը չի ցանկանում սպասել պետական պատվերի հերթին և ցանկանում է երեխային բերել ավելի շուտ, կարող է օգտվել վճարովի ծառայությունից՝ հաստատված գնացուցակով։ Կան ծնողներ, որոնք հենց սկզբից նախընտրում են վճարովի տարբերակը։ Սակայն դա, իհարկե, բոլոր ընտանիքների համար հասանելի լուծում չէ։

-Տիկին Հակոբյան, կենտրոնն իհարկե գործում է նաև մասնավոր ու միջազգային հիմնադրամների, կազմակերպությունների աջակցության հաշվին։ Իսկ պետությունից ի՞նչ աջակցություն է անհրաժեշտ՝ խնդիրը լուծելու համար։ Կարո՞ղ եք նշել, թե որքան ֆինանսավորում է պահանջվում մասնագետների և տարածքի ընդլայնման համար։

-Ֆինանսական հաշվարկներին տիրապետում է մեր հաշվապահական բաժինը, ուստի կոնկրետ գումար չեմ կարող նշել։ Բայց կարող եմ ասել, որ եթե մեր մասնագիտական թիմն ավելանա առնվազն 50 տոկոսով, կարծում եմ՝ հերթացուցակը հնարավոր կլինի զգալիորեն կրճատել։ Իհարկե, այն ամբողջությամբ վերացնելը դժվար կլինի, քանի որ մեր կենտրոն են դիմում ոչ միայն Գեղարքունիքի մարզից, այլև Տավուշից, Կոտայքից և նույնիսկ Երևանից։ Մեր սպասարկման աշխարհագրությունն ընդլայնվել է, և դա նույնպես մեծացնում է դիմողների թիվը։

-Ո՞ր մասնագիտությունների ծառայություններից օգտվելու համար են երեխաներն առավել երկար սպասում։ Կա՞ն ծառայություններ, որոնց պահանջարկն առանձնապես մեծ է։

-Մեր կենտրոն դիմող երեխաների շուրջ 70 տոկոսն ունի մտավոր զարգացման առանձնահատկություններ, իսկ մոտ 30 տոկոսը՝ ֆիզիկական խնդիրներ։Հետևաբար, առավել մեծ պահանջարկ կա այն մասնագետների ծառայությունների նկատմամբ, որոնք աշխատում են զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների հետ։ Դրանք են հոգեբանը, լոգոպեդը և հատուկ մանկավարժը։ Ֆիզիկական վերականգնման ուղղությամբ աշխատում են էրգոթերապիստն ու ֆիզիոթերապիստը։

-Այսինքն՝ պետական պատվերի ավելացման կարիք չկա՞, և ձեր հիմնական պահանջը մասնագետների ու տարածքի ավելացո՞ւմն է։

-Այո՛, ճիշտ այդպես։ Պետական պատվերի սահմանաչափը բաց է, հետևաբար խնդիրը լրացուցիչ ֆինանսավորման սահմանաչափը չէ։ Մեզ անհրաժեշտ են լրացուցիչ մասնագետներ և համապատասխան պայմաններ՝ ավելի շատ երեխաների սպասարկելու համար։Այս պահին կենտրոնում ինը մասնագետ է աշխատում։ Նախկինում նրանք ամբողջ ծանրաբեռնվածությամբ չէին աշխատում, քանի որ երեխաների հոսքն այնքան մեծ չէր։ Այժմ իրավիճակը փոխվել է, և մասնագետներն աշխատում են ամբողջ ծանրաբեռնվածությամբ։ Հետևաբար, թիմի ընդլայնման անհրաժեշտությունն ակնհայտ է։

-Վերջում կուզենայի անդրադառնալ ամենակարեվոր հարցին։ Երբ երեխան ամիսներով սպասում է վերականգնողական ծառայությանը, դա կարո՞ղ է ազդել նրա առողջական վիճակի և բուժման արդյունավետության վրա։ Հատկապես այն դեպքերում, երբ անհրաժեշտ է հնարավորինս վաղ միջամտություն։

-Իհարկե, որոշ դեպքերում սպասելը ցանկալի չէ։ Վաղ մանկական տարիքում իրականացվող վերականգնողական աշխատանքը շատ ավելի արդյունավետ է, քան ավելի ուշ սկսված միջամտությունը։ Օրինակ՝ հետվիրահատական շրջանում գտնվող ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների դեպքում չենք կարող թույլ տալ երկար սպասում։ Այդ երեխաներն ունեն վերականգնողական օգնության հրատապ անհրաժեշտություն։ Ընդհանուր առմամբ, մեր երեխաների շուրջ 70 տոկոսը, եթե ոչ ավելին, ունի վերականգնողական աշխատանքն անհապաղ սկսելու անհրաժեշտություն։

Բացի այդ, երբ երեխան ավարտում է բուժման մեկ կուրսը, դուրս է գրվում, և որոշակի ժամանակ անց կրկին անհրաժեշտություն է առաջանում շարունակելու վերականգնումը, նա պետք է նոր ուղեգիր ներկայացնի մանկաբույժից և կրկին հերթագրվի։

Այսինքն՝ խնդիրը միայն առաջին անգամ ծառայությունից օգտվելու ուշացումը չէ․ երբեմն ընդհատվում է նաև բուժման շարունակականությունը։ Ցանկալի է, որ այդ ընդմիջումները հնարավորինս կարճ լինեն, սակայն առկա պայմաններում դա միշտ չէ, որ հնարավոր է։

Կան ծնողներ, որոնք միաժամանակ հերթագրվում են մի քանի վերականգնողական կենտրոններում, որպեսզի մեկ կենտրոնում հերթի հասնելուն սպասելիս չկորցնեն ժամանակը և կարողանան մյուս կենտրոնում օգտվել ծառայություններից։ Այս ոլորտում արդեն շուրջ հինգ տարվա աշխատանքային փորձ ունեմ և կարող եմ ասել, որ հերթերի խնդիրը միայն մեր կենտրոնում չէ։

-Շնորհակալությո՛ւն մեր հացերին պատասխանելու համար։ 

Նյութը պատրաստեց Հերմինե Զեյնալյանը։