Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2014 թվականի բյուջեով նախատեսված է բավականին լավ` շուրջ 10 տոկոսի աճ եկամուտների բնագավառում, լավ` շուրջ 8 տոկոսի աճ ծախսերի մասում եւ դեֆիցիտի լավ ցուցանիշ` շուրջ 2,6 տոկոս, որը լավն է համարվում, քանի որ մինչեւ 3 տոկոսը համարվում է ոչ ռիսկային ցուցանիշ. լրագրողներին այսօր ասաց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Նրա ներկայացմամբ` եկող տարվա բյուջեն ունի բավական շատ` սոցիալական ուղղվածության ծրագրեր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը, առողջապահությունը եւ սոցիալական պաշտպանությունը, եւ կարելի է այն անվանել սոցիալական բյուջե:
Որպես լուրջ ձեռքբերում` Գագիկ Մինասյանը հիշատակեց սոցիալական նպաստների սանդղակը, երբ ընտանիքի սոցիալական վիճակը գնահատվում էր 36 բալ, ապա նոր միայն այդ ընտանիքի անդամները պետական միջոցների հաշվին սոցիալական ու առողջապահական ծախսերը հոգում էին անվճար: Այժմ դա փոխվել է, եւ արդեն 30 բալ գնահատված ընտանիքների վրա է սկսում տարածվել օրենքը:
«Եկող տարվա համար 36 բալը իջեցվելու է 30 բալի, այսինքն` եթե ընտանիքը համարվում է սոցիալական նպաստ ստացող ընտանիք, բոլոր սոցիալական ծախսերը ամբողջությամբ կկատարվեն անվճար, այդ թվում` սրտի վիրահատությունները: Սա 270 հազար մարդու է վերաբերելու եւ նախատեսվում է շուրջ 27 հազար դեպք»,- նշեց Գագիկ Մինասյանը:
Նրա ներկայացմամբ` բավականին ուշագրավ է այն հանգամանքը, որ կրթության ոլորտում, 2014 թվականից սկսած, 12-ամյա կրթությունը դառնում է անվճար բոլորի համար` անկախ նրանից` աշակերտը սովորում է ավագ դպրոցո՞ւմ, թե՞ միջին մասնագիտական հաստատություններում: Գագիկ Մինասյանի խոսքերով` փորձը ցույց է տվել, որ աղքատությունը համեմատաբար բարձր է այն ընտանիքներում, ովքեր չեն կարողանում ապահովել իրենց մասնագիտական կրթությունը:
«Սա եւս մի հնարավորություն է, որ այդ ընտանիքների զավակները կարողանան ստանալ մասնագիտական կրթություն եւ հետագայում աշխատանքի շուկայում կարողանան մրցունակ լինել»,- հավելեց պատգամավորը:
Սոցիալական պաշտպանության բնագավառի վերաբերյալ Գագիկ Մինասյանն անդրադարձավ ծնելիության խթանման ծրագրին` նշելով, որ եթե այս տարի, երրորդ երեխայից սկսած, յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար պետությունը ծնողներին տալիս էր 430 հազար դրամ գումար, ապա արդեն չորրորդ եւ ավելի երեխաների դեպքում պետությունը տալու է 1 միլիոն, իսկ 6 երեխայից հետո` 1,5 միլիոն դրամ:
«Այդ գումարներն ընտանիքները կարող են օգտագործել առողջապահական, կրթական կամ, առավել եւս, բնակարանային պայմանների բարելավման հարցերը լուծելու համար»,- նշեց Գագիկ Մինասյանը:
Նրա դիտարկմամբ` մյուս կարեւոր ծրագիրը աշխատավարձերի բարձրացման ծրագիրն է, որը գործարկվելուց հետո պետք է ներառի 230 հազար քաղաքացիների, եւ բոլոր այն աշխատողները, ովքեր իրենց աշխատավարձերը ստանում է բյուջեի միջոցների հաշվին, պետք է ներառվեն մեկ համակարգի մեջ: Այդ համակարգում ամենաբարձր աշխատավարձը ստանալու է նախագահը` նվազագույն աշխատավարձի քսանապատիկը, ամենացածրը` քաղծառայողը` նվազագույն աշխատավարձի 1,5-ապատիկը:
«Սովորաբար, պետական հատվածում աշխատավարձերի բարձրացումը բերում է մասնավոր հատվածում աշխատավարձերի բարձրացմանը, ինչը կբերի վճարունակ պահանջարկ, որը կարեւոր է, որ մեր արդյունաբերությունը այս պայմաններում իր աճն ապահովի»,- ասաց Գագիկ Մինասյանը' հավելելով, որ ծրագիրը բավական հավասարակշռված ու լավն է: